Միայն ի՞մ կյանքն է այսքան դժվար

Միայն ի՞մ կյանքն է այսքան դժվար

«․․․ Նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք,
որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ 16։33)

 

Չկա մեկն, ում կյանքը զերծ է փորձություններից ու դժվարություններից։ Պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեկին, ով իր կյանքում չի բախվել ցավի, կորուստի, փորձության, վշտի, պարտության հետ։ Հենց այս խնդիրներն  են բարդացնում մեր կյանքը և խլում են մեզանից լավագույնը։

 

Հայտնի է, որ աշխարհում բոլոր մարդիկ էլ անցնում են փորձությունների միջով, յուրաքանչյուրը կռիվ է տալիս, պայքարում՝ ընդդեմ իրեն բաժին հասածի։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր ջանում են ամեն օր մի կտոր հաց վաստակել, սովը հաղթահարել, և կան նաև մարդիկ, ովքեր գուցե ապահովված են ֆինանսապես, սակայն իրենց կյանքի՛, ապրելո՛ւ  համար են պայքարում՝ ունեցած մեծ ֆինանսական միջոցներով իսկ անզոր լինելով։

 

Սակայն զարմանալին և հետաքրքիրն այն է, որ բոլորը՝ թե աղքատը, ով օրվա հաց չունի, թե՛ հարուստը, ով տարատեսակ փորձությունների է բախվում, դիմում են Աստծուն՝ տալով նույն հարցը «Տե՛ր Աստված, ինչո՞ւ է ի՛մ կյանքն այսքան դժվար»։

 

Ժողովրուրդն ասում է, թե ամեն ոք ստանում է իր բաժին դժվարությունն այն չափով, որքանով կդիմանա, որքանից դասեր կքաղի։ Սակայն հետաքրիր ու միաժամանակ օրինաչափ է՝ մարդիկ փորձության մեջ տեսնում են ոչ թե Աստծո աջակցությամբ այդ փորձության հաղթահարումը, այլ հենց խնդիրը՝ անդունդը։

 

Քրիստոս մեզ զգուշացրել էր, որ ամենքիս կյանքը պիտի դժվարին լինի՝ դիմելով աշակերտներին՝ ասելով «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ 16։33)։

 

Քրիստոսի հաղթանակով արդեն իսկ ունենք կարևորը՝ վահանն ընդդեմ ամեն տեսակի փորձությունների։ Մնում է, որ ինչպես Նա է պատվիրում, պահպանենք մեզ տրված խաղաղությունն ու փորձված, հաղթանակած ու հզորացած դուրս գանք փորձություններից։ Չէ՞ որ հնչել է որպես պատգամ, թե «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ 14։27)։
 

Լինե՛նք անվախ մեզ բաժին հասած դժվարություններում՝ հիշելով, որ միայն մեր կյանքը չէ, որ բարդ է։


 

  • 2022-10-21
×