Քրիստոնեական ընտանիքի հիմքում սերն ու հավասարությունն է
Քրիստոնեական ընտանիքի հիմքում սերն ու հավասարությունն է
«Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց» (Ծննդ․ 2:23)։ Աստված արարեց կնոջը տղամարդու կողից՝ ցույց տալով, որ ամեն մեկին էլ պետք է մեկը՝ կողակից, ում հետ նա կմիանա և ընտանիք կկազմի։
Եվայի ստեղծմամբ Տերը ստեղծեց նաև առաջին լիարժեք ընտանիքը՝ տղամարդու և կնոջ միությամբ, որպեսզի շարունակեն ապրել՝ աստվածային պատգամի համաձայն, թե «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան» (Ծննդ․ 9։1)։ Մարկոս Ավետարանիչը գրում է այն մասին, որ Աստված, ստեղծելով կնոջն ու տղամարդուն, ասաց․ ««Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկ․ 10։7-9):
Մեր օրերում էլ քրիստոնեական ընտանիքի ստեղծումը Քրիստոսի պատգամի կատարումն է։ Չէ՞ որ Նա ասաց․ «Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհ․ 15։17)։ Սիրո հիմքով ստեղծված ընտանիքը, ուր այր և կին լրացնում են միմյանց, ազգապահպանության, եկեղեցասիրության և Աստվածասիրության օրինակ է։
Թեև այսօր հաճախ են խեղվում ընտանիքի մասին պատկերացումները, Եկեղեցու մոտեցումները ընտանիքին, սակայն մենք՝ քրիստոնյաներս գիտենք, որ տեր և հնազանդ լինելու խոստումներ տալով ոչ ոք չի նվաստանում, ինչպես ներկայացնում են բազում անհավատներ, և ոչ ոք էլ չի ստանում առավելություն՝ մյուսի հանդեպ։ Քրիստոնեական ընտանիքի ստեղծման պահին տված տեր լինելու խոստումը չի նշանակում հրամաններ տալու ազատություն, իսկ հնազանդ լինելու խոստումը՝ «հրամաններն» անվերապահորեն կատարելու հարկադրանք: Այդ խոստումների իրական իմաստը մեկնել է Սուրբ Պողոս առաքյալն իր նամակում ՝ ուղղված եփեսացիներին. «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:24-28):
Քրիստոնեական ընտանիքի հիմքում սերն ու հավասարությունն է։
Մնում է միայն հավատարիմ մնալ իրական՝ քրիստոնեական արժեքներին՝ պահպանելով մեր ընտանիքները, որ ստեղծված է սիրո հիմքով։ Չէ՞ որ Աստծո առաջ ենք խոստում տվել։ Լինե՛նք մեր խոստմանը հավատարիմ։