Ո՞ւմ առաջինը կանչեց Քրիստոս

Ո՞ւմ առաջինը կանչեց Քրիստոս

«Որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (Մատթ 22։14)

 

Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալները, որոնց հիշատակն այսօր տոնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտրյալներ էին, քանզի ունեցան հնարավորություն և առաքելություն՝ աշակերտը դառնալու Քրիստոսի։

 

Սուրբ Անդրեասն իր «Նախակոչ Առաքյալ» անունը ստացել է մեզ հայտնի առաքյալներից Հիսուսին առաջինը հետևած լինելու համար: Նա Պետրոսի եղբայրն է, և Հովհաննես Մկրտչին աշակերտելով և նրանից Հիսուսի մասին լսելով «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» վկայությունը, հետևել է Քրիստոսին (Հովհ. 1:35-40): Հետագայում Սուրբ Անդրեասը եղբոր՝ Պետրոսի հետ հրավիրվել է առաքելության:

 

Սուրբ Փիլիպպոսը ևս առաջին կանչված առաքյալներից է: Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք, թե ինչպես Քրիստոս «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»» (Հովհաննես 1։43)։ 

 

«Որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (Մատթ 22։14),- ասում է Քրիստոս իր պատմած առակներից մեկում։ Երկու առաքյալները եղան քրիստոնեության ջատագովները և իրական օրինակ դարձան սերունդների համար՝ խոնարհության, հավատարմության, աստվածասիրության։

 

Երկու առաքյալները, ովքեր միասին են հիշատակվում Հովհաննու Ավետարանում, անսահման մեծ վաստակ ունեն քրիստոնեության պահպանման և սերնդեսերունդ փոխանցման գործում: Նրանք ապրեցին ու նահատակվեցին՝ հանուն հավատի՝ կյանքով ու անգամ մահով օրինակ դառնալով քրիստոնյաների համար, անձնուրացությամբ ցուցադրելով սրբագործման իրական ուղին: Նրանք իրենց գործով արժանի դարձան «առաջին կանչվածներից» լինելու։

 
  • 2022-11-12
×