Նրանք հավատքի սերմը գցեցին հայոց պարարտ հողի մեջ․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս

Նրանք հավատքի սերմը գցեցին հայոց պարարտ հողի մեջ․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս

Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի առիթով պատմեց Սերմնացանի առակը. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։ Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։ Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։ Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ» (Մատթ. 13: 3-8):

 

Հետո, մեկնելով այս առակն աշակերտներին, ասաց. «Իսկ առակն այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։ Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։ Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։ Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ. 8: 11-15):

 

Այս առակում սերմնացանը Քրիստոս Ինքն է, իսկ արտը՝ մարդկությունը։ Նկարագրվող չորս տեսակները մարդկությանն են վերաբերում ո՞վ կընդունի հավատքի փոքրիկ սերմը իր հոգուց ներս՝ անտեսելով ամեն դժվարություն։

 

Մեր երկրում՝ Հայաստանում էլ ընկան Քրիստոսի խոսքի սերմերը՝ Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի շնորհիվ, որոնց հիշատակության օրը Հայ Եկեղեցին նշում է այսօր։

 

Քրիստոսի 12 առաքյալներից հենց նրանք էին կոչված Հայոց աշխարհում տարածելու քրիստոնեության լույսը, ցանելու սերմերը, որոնք հետագայում պիտի տային իրենց պտուղները, պիտի աճեին և տարածվեին՝ իրենք էլ լույս դառնալով։

 

Այսօր տոնախմբում ենք երկու սուրբ առաքյալների հիշատակը՝ ևս մեկ անգամ հիշելով մեր դարձի պատմությունը, արժևորելով մեր անցած ուղին։ Առաքյալների այս աստվածահաճո գործունեության արդյունքում էր, որ 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հենց այս առաքելության շնորհիվ էլ նրանք արժանացան «առաջին լուսավորիչներ» կոչմանը։

 

Սուրբ առաքյալները Հայոց աշխարհում կյանքի կոչեցին Քրիստոսի պատգամը, թե «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը։ Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն, ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն» (Մարկոս 16։15-18)։

 
  • 2022-12-03
×