Հավատա Քրիստոսին և ամեն բան կտրվի քեզ

Հավատա Քրիստոսին և ամեն բան կտրվի քեզ

Հայոց Աբգար թագավորը, ով Քրիստոսին ընդունած առաջին թագավորն է, մեծ առնչություն ունի Քրիստոսի երկրային կյանքի դեպքերի հետ: Քրիստոս ծնվեց այն ժամանակ, երբ Հռոմի կայսրն էր Օգոստոսը, իսկ Եդեսիայում թագավորում էր Աբգարը: Մոգերը, ովքեր տասներկու հազար հեծելազորով ճանապարհվում էին Պաղեստին` Քրիստոսին երկրպագելու, լսեցին, թե սով է սկսվել Պաղեստինում, մտան Եդեսիա, թողեցին իրենց զորքը Աբգարի մոտ և իրենք գնացին տասներկու իշխաններով և հազար հեծյալներով:

 

Տարիներ անց Աբգարը հիվանդացավ մաշկային հիվանդությամբ և լսելով Քրիստոսի մասին` հավատաց, որ Նա Աստծո Որդի է և կարող է իրեն բժշկել, ու նամակ գրեց Տիրոջը բժշկության խնդրանքով` հրավիրելով նաև իր թագավորության մեջ խաղաղ ապրելու, հեռու հրեաների հալածանքներից: 

 

Քրիստոս պատասխան գրություն ուղարկեց Աբգարին` գրված Թովմաս առաքյալի ձեռքով, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացի պատմիչը։ Նամակում Քրիստոս խոստանում է, որ կառաքի Իր առաքյաներից մեկին, ով և կբուժի Աբգարին: Աբգար թագավորի սուրհանդակներից մեկը նկարիչ լինելով պատկերում է Տիրոջը և այն բերում թագավորին:

 

Քրիստոսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա: Երբ առաքյալը մտնում է Աբգարի մոտ, սքանչելի տեսիլքով պայծառացյալ է երևում թագավորին Թադեոսի դեմքը: Աբգարը, գահից ելնելով, խոնարհվում է առաքյալի առջև: Առաքյալն ասում է. «Եթե հավատաս Քրիստոս Հիսուսին` Աստծո Որդուն, քեզ կտրվեն քո սրտի խնդրանքները»: Աբգարն ասում է. «Ես հավատացի Նրան և Նրա Հորը, որի համար կամեցա առնել իմ զորքը և կոտորել հրեաներին, որ խաչեցին Նրան, եթե ինձ չարգելեր Հռոմեական թագավորությունը»: Աբգարը բժշկվում է, երկու անգամ նամակ է գրում Տիբերիոս կայսեր` բողոքելով հրեաներից և Պիղատոսից, որ առանց ճիշտ դատաստանի և առանց կայսերական հրամանի այսպիսի հրաշափառ Մարդուն մահվան մատնեցին: Տիբերիոսը բարկությամբ հրամայեց Պիղատոսին ձերբակալել ու Հռոմ բերել, սակայն Պիղատոսը, զարհուրելով թագավորի ցասումից, անձնասպան եղավ` ծովում ջրախեղդ լինելով: Իսկ նրա կինը, հավատացյալ դառնալով, հարեց առաքյալներին:

 
  • 2022-12-05
×