Քրիստոնյայի երեք ծնունդները

Քրիստոնյայի երեք ծնունդները

Ծնունդի խորհուրդի մեջ մշտապես տեսնում ենք հույս և լույս։ Լույս աշխարհ գալով է, որ կոչվում ենք յուրաքանչյուրս մեր առաքելությանը, ծառայում մեր կոչմանը։ Որպես քրիստոնյա, սակայն, մեկ անգամ չէ, որ ծնվում ենք, այլ երեք։

 

Երեք ծնո՞ւնդ՝ կհարցնենք մենք, ինչպե՞ս կարող եմ իմ ապրած մեկ կարճ կյանքում ծնվել մի քանի անգամ, արդյոք խաբկանք չէ՞։ Բնավ, մենք՝ քրիստոնյաներս, ունենք երեք ծնունդ` ծնունդ մորից, ծնունդ մկրտության ավազանից և ծնունդ մայր հողից՝ հարության ժամանակ:

 

Մեր առաջին և ֆիզիկական ծնունդը չենք մտաբերում։ Սակայն մեր ֆիզիկական ծննդյան խորհրդից մեզ բնազդաբար փոխանցված լույսն է դառնում առիթը, որ հետագայում մի տեսակ ջերմությամբ ենք լցվում՝ լսելով ամեն մի մանկան ծննդյան մասին։ Չէ՞ որ ծնունդը միշտ բարի է։ 

 

Շատերը հիշում են իրենց երկրորդ ծնունդը՝ մկրտության ավազանից։ Մկրտությամբ է, որ դառնում ենք քրիստոնյա, որ զինվորագրվում ենք Քրիստոսին։ Մկրտության խորհրդով մենք վերստին ծնվում ենք որպես նոր մարդ, որպես քրիստոնյա։

 

Մեր երրորդ ծննդյան մասին էլ չգիտենք, քանզի փորձ չենք կարող ունենալ, սակայն մեր հավատքով ու վստահությամբ Աստծո հանդեպ, գիտենք, որ այն տեղի է ունենալու մայր հողից։ 

 

Այս երեք ծնունդների օրինակները մեզ տվեց Փրկիչը՝ Իր օրինակով։ Մենք տեսնում ենք Քրիստոսի ֆիզիկական ծնունդը, որով «Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց» (Տիտ. 2:11): Ապա տեսնում ենք Քրիստոսի Մկրտությունը՝ Հորդանան գետում Սուրբ Հովհաննես Մկրտչի ձեռքով, երբ Հայր Աստված վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17): Քրիստոս իր աշակերտներին ավելի ուշ պատգամեց․ «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19): Այս խոսքերով Փրկիչն այս խորհրդին ևս մասնակից դարձրեց մեզ։ Եվ վերջապես Հարության խորհուրդը՝ որպես երրորդ ծնունդ։ Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը։ Քրիստոս, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք: Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը երկնավոր կյանքի:

 

Սակայն հաշվի առնենք նաև, որ մեր՝ որպես քրիստոնյաներ, այս երեք ծնունդների, երկու բևեռների՝ ծնունդի և մահվան հատվող կետերում մի երևույթ է՝ կյանքը, որը պայմանավորելու է մեր հետագա ընթացքը։ Ուրեմն՝ նախ և առաջ մեր կյանքում գտնենք Քրիստոսի կենարար ներկայությունը, որպեսզի չսխալվենք մեր ընտրություններում և քայլենք միայն ու միայն ճիշտ ճանապարհով։ 

 
  • 2022-12-14
×