Մի առիթով Անտոն Մեծին հարցնում են.
-Հա՛յր Անտոն, ի՞նչ ճանապարհով կարելի է հաճոյանալ Աստծուն:
Հայրը պատասխանում է.
- Տիրոջ համար ամենահաճելին սերն է:
Մենք հաճախ ենք լսում մեր հանդեպ Աստծո սիրո մասին քարոզներ: Բայց շատ հազվադեպ ենք լսում Աստծո հանդեպ մեր սիրո մասին: Լավ կլինի, որ հենց այսօր առանց վախի և ամոթի նայենք մեր սրտերին և անկեղծորեն պատասխանենք հարցին. «Սիրո՞ւմ ենք մենք Տիրոջը: Իսկ եթե սիրում ենք, ապա ինչպե՞ս։
Սուրբ Գրքի շատ հատվածներ մեզ սովորեցնում են, որ Աստծո սերը բացահայտվում է մեր գործով: Ու եթե ցանկանում ենք վայելել այդ սերը, ապա պարտավոր ենք, ամեն բան անել այնպես, որ դեմ չգնանք մեր խղճին ու հակառակ ՝ Աստծո պատվիրաններին ։
Ահա՛, այսպես Աստծուն պատվելով հնարավորություն կտանք ինքներս մեզ ապրել Նրա հետ, վայելել Նրա սերը, ստանալ օրհնությունները և գիտակցել քրիստոնյա լինելու կարևորությունը։ Հիշենք, որ սերը Աստծո հանդեպ առաջին և գլխավոր պատվիրանն է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում․ «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ ուժով» (Բ Օր. 6:5)։
Այսինքն՝ մեր ամբողջ էությամբ, ողջ ուժով հանձնենք մեզ Աստծուն, ամբողջովին նվիրվենք Նրան՝ առանց որևէ պակասության, չբաժանենք մեզ Աստծո և աշխարհի միջև, այլ առաջնահերթ լինենք Նրանը, քանզի ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա մենք չենք գտնի ավելի քաղցր, հաճելի և կատարյալ մի բան, քան Աստծո հանդեպ սերն է, որովհետև սերը ծնվել է Աստծուց և կարող է հանգիստ գտնել միայն Նրա մեջ: