Այս տարի դեկտեմբերի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի տոնը:
Սուբ Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է, և բազում հրաշքների շնորհիվ ստացել է «Սքանչելագործ» անունը: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ Սուրբ Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր:
Մարուգե Ճգնավոր
Մեր եկեղեցում սրբի հիշատակությունը և անունը անբաժան է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետից։ Առաջին ընդհանրությունն այն է, որ Մարուգեն խորհրդատուն և ուսուցիչն է Ս. Հակոբի, որն իր երիտասարդության տարիներին առանձին ճգնելուց հետո գալիս է այն վանքը, որի վանահայրն էր Մարուգեն:
Մարուգեի և Հակոբի կապը շատ նման է Ռեթեոսի և Դիոնեսիոսի միջև եղած անբաժան կապին, բայց Մարուգեի պատմականությունը և անձի սրբությունը կասկածից վեր է:
Մելիտոս կամ Մելես Եպիսկոպոս
Համաձայն Հայսմավուրքի տվյալների՝ Մելեսը ազգությամբ պարսիկ էր: Նախապես պարսկական բանակում մի քրիստոնյա զինվորական էր: Հրաժարվելով զինվորական կյանքից, նվիրվել է հոգևոր կյանքին: Ապա Բիթրազան քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվել: Սակայն նշվում է, որ քաղաքն առավելապես արևապաշտներով էր բնակեցված, ուստի նրանք այդ քաղաքից հալածեցին սրբին, ով հեթանոսներից շատերին քրիստոնեության բերեց։ Սակայն տեղի իշխանությունները նրան բանտարկեցին և ստիպեցին, որպեսզի արեգակին զոհ մատուցի: Երանելին այս առաջարկի համար նրանց խիստ կշտամբեց, որից զայրանալով իշխանն իր իսկ սրով սպանեց սրբին: