«Մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը» (Մատթ․6:6)։ Աստվածաշունչ մատյանի այս պատգամը լսելով` հաճախ կարծում ենք, թե ֆիզիկական առանձնության մեջ ասված աղոթքն է, որն էլ ավելի կատարյալ է, որ տեղ է հասնելու, որ դառնալու է ավելի հասցեական։
Անշուշտ, երբեմն մեզ պետք է առանձնություն, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում, ինչի՞ կարիք ունենք, ինչի՞ց զրուցենք Աստծո հետ, ի՞նչ հիշենք մեր աղոթքներում։ Կազմված լինելով մարմնից և հոգուց՝ բնական է, որ մեր ֆիզիկական միայնությունը մեզ կենտրոնացնելու է հոգևոր կարևոր եզրահանգումների վրա։ Սակայն արդյո՞ք այսքանը բավարար է։
Քրիստոսի այս պատգամը միայն ֆիզկական առանձնության մասին չէ։ Տիրոջ այս պատգամը նշանակում է, ոչ թե մտիր սենյակդ և փակիր դուռդ, այլ՝ քո ներսում աղոթիր, փակվիր աշխարհի համար, քո սիրտն ու միտքը անջատիր աշխարհից, և ապա միայն դիմիր Հորդ։ Երկնավոր Հոր համար գոյություն չունեն սահմաններ։
Այլ կերպ ասած՝ երբ ասվել է, թե ծածուկ աղոթիր, սա նշանակում է, որ մեր աղոթքը պիտի հնչի մեր սրտերում, իսկ դռները, որոնք պիտի փակ լինեն, մեզ պիտի բաժանեն արտաքին աշխարհի ամեն տեսակ գայթակղություններից։
Փորձե՛նք ապրել այս պատգամին հավատարիմ՝ սրտի դռները փակելով արատաքին աշխարհի չարիքների, և բացելով աստվածային լույսի առաջ։
×