Ամանորը՝ երջանկության և տխրության խաչմերուկում

Ամանորը՝ երջանկության և տխրության խաչմերուկում

Երջանկությունն ու Տխրությունը երկա՛ր ժամանակ է անկանգ վիճում են. նրանցից ո՞ր մեկը  կարող է տիրող, գերակա լինել այս օրերին՝ Ամանորի նախաշեմին…., Ամանորին ընդառաջ….

 

Պետք է, չէ՞, նրանցից մեկը զիջի, իսկ գուցե երկուսն էլ համաքա՞յլ շարժվեն առաջ, հա՞շտ լինեն գոնե այս օրերին…. չէ՞ որ վեճով ուղեկցվող ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում…

 

Ամանորը մոլորված կանգնել էր Ուրախության և Տխրության խաչմերուկում. չէր կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվի, քանի որ Ուրախությունն իր լույսերով, մանկանց զվարթության ճիչերով, անակնկալների սպասումով լցված աչքերով, օդում ապաստանած հրաշքների բույրով,  դեպի նորը տանող անարգել թոհուբոհով էր փորձում գայթակղել, միևնույն ժամանակ Տխրությունը, որը նման էր մոլորված կանգնած և կորստի ցավից կռացած մեջքով սևազգեստ կնոջ, որ փորձում էր ծալել իր երկար քայլելուց հոգնաբեկ ծնկները, արցունքով ծանրացած կիսափակ և խոնարհած աչքերով նայում էր Ամանորին՝ կարծես իր աչքերի համար լույս աղերսելու՝ իր հետագա ճանապարհն անցնելու նպատակով:

 

«-Ուրախությո՛ւն, զիջի՛ր ինձ հաշված օրերի մի փոքրիկ արահետ,- վերջին հույսի ակնկալիքով խնդրեց Տխրությունը:

 

-Ո՛չ, Տխրությո΄ւն, դու դանդաղ ես շարժվում՝ օրերը ծանրացնում ես մարդկանց ուսերին բեռ դարձնելով:

 

-Ուրախությո՛ւն, կյանքում ես էլ եմ պետք մարդկանց. եթե ինձ չճանաչեն, քո արժեքը չեն իմանա, թո՛ւյլ տուր անցնեմ իմ ուղին:

 

-Ասացի՝ ո՛չ, լռի՛ր և կուզիդ վրա տա՛ր աշխարհի տխուր աչքերը:

 

-Մի՞թե Ուրախության մեջ էլ կա չարություն,- մտածեց Տխրությունը,- ապա շարունակեց,- մեծահոգի՛ եղիր, ճանապա՛րհ բացիր բոլոր տեսակի օրերի համար»:

 

Ամանորն այս ամենի վկան էր, Տխրության և Ուրախության այս երկխոսության ականտեսը. բայց, ափսո՛ս, այս ամենը չէին նկատում մարդիկ, որոնք վազում էին, անդադա՛ր վազում՝ չնկատելով, որ կյանքում իրենց սրտերում վաղուց չկա մի բան, որը կհաշտեցնի թե՛ Տխրությանը,  թե՛ Ուրախությանը, կքանդի խաչմերուկները, որտեղ բախվում են մարդկային ճակատագրերը, և կբացի ճանապարհներ:

 

Ամանորն արտասվեց՝ այս ամենը տեսնելով և ավելին հասկանալով. չէ՞ որ նա պետք է բացեր այն նորը, որով գալիքի արահետով կքայլեն մարդիկ,  իսկ դա լուսավոր  պիտի լինի: Ամանորը շարունակեց դառնացած արտասվել, և նրա աչքից արցունք կախվեց, որից ծնվեց Սերը՝ գրկում՝ Հոգատարությունը: Հոգատարությունն աչքերը բացեց և նայեց աշխարհին՝ մարդկանց.  աչքերը հուշում էին, որ ինքն անտարբերությամբ չի կարող նայել այս ամենին: Նա շռայլեց բոլորին իր Հոգատարությունը, ինչպես արևն իր լույսի շողերը, որի ներքո ջերմանում են մարդիկ: Ու բացականչեց.

 

-Մի՛ անտեսեք կողքինին, մի՛ կորցրեք ձեր միջի Սերն առ մարդիկ. ուրախ լինելը հեշտ է, բայց Տխրությանը Սե՛ր տվեք, և նա կուղեկցի ձեզ լավագույն օրերի միջով: Կողքինին բաժին չհանած լույսը չի կարող լուսավորել այն տոնածառը, որին այդքան սպասում եք ամանորյա օրերին, քանի որ այն, եթե բաշխում ես, ավելի է զորանում, որից ուժեղանում եք դուք:

 

Սփռե՛ք այն Սերը, որ ի վերուստ է տրվել յուրաքանչյուրիդ՝ լուսավորելու մարդկության ճանապարհը:

 

Ամանորը հոգոց հանեց` արդեն զգալով, որ իր արցունքից ծնված լույսը ճանապարհ բացեց իր գալուն. բոլորը հաշտ էին, քանի որ հասկացել էին, որ Սերն էր պակասել, Հոգատարությունը… իսկ եթե կա Սեր, ապա կյանքի բոլոր արահետները լուսավոր են:

 

Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

  • 2022-12-30
×