Հովհան Ոսկեբերան. Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

Հովհան Ոսկեբերան. Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

«Հովսե՛փ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթեոս 1:20):

 

«Հրեշտակը շտապում է Հովսեփին հիշեցնել, որ նա Դավթի որդին է, որից էլ Քրիստոս էր սերելու, և հիշեցնում է, որ  ավետիսը բոլոր ազգերի համար էր: Աստված Իր հրեշտակին ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի հայտներ նրան. «Որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է»: Այս խոսքերն արտասովոր էին, մարդու մտքից վեր, բնության օրենքից դուրս: Ինչո՞ւ, որպեսզի հավատա: Որպեսզի մի մարդ, որ տեղյակ չէ այս ողջ պատմությանը, դրա միջով անցնելիս արդեն տեղյակ լինի: Ուստի այն ամենը, ինչ այդ պահին Հովսեփի մտքով անցավ, հայտնեց նրան, որպեսզի չերկմտի և անձնվիրաբար կատարի պատգամը:

 

Եվ հրեշտակը ոչ միայն արդեն կատարվածն է ասում, այլ նաև այն, ինչ լինելու է գալիքում. «Որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես»: Քանի որ Սուրբ Հոգուց է, չկարծես, ասում է, թե դու անմասն ես մարդեղության գործում, որովհետև թեպետ հղիությանը ոչնչով չնպաստեցիր, որովհետև Կույսն անարատ և անմերձենալի մնաց, սակայն այն, ինչը պատկանում է հորը՝ հոգ տանել և չապականել կուսությունը, քեզ պատվիրվեց, քանի որ ծնվողի անունը դու պիտի դնես: Ու թեև քո Որդին չէ, սակայն դու պիտի կատարես մանկան հոր պարտականությունը: Ուստի և քեզ հանձնվեց մանկան անվանակոչության գործը:

 

Եվ որպեսզի որևէ մեկը չկարծի, թե մանկան հայրը Հովսեփն է, ասաց. «Նա մի որդի պիտի ծնի», և չասաց, թե՝ դու մի որդի կունենաս, այլ. «Նա մի որդի պիտի ծնի», և ոչ թե քո համար է ծնելու, այլ՝ ամբողջ աշխարհի: Դրա համար էլ հրեշտակը երկնքից բերեց նրա անունը, սրանով էլ հայտնի դարձրեց, որ հրաշափառ ծնունդ է և միայն Աստծուն է վայել, և Հովսեփին էլ երկնքից հրեշտակի միջոցով հայտնեց նրա անունը: Եվ ճշմարտապես սա լոկ անուն չէր, այլ՝ անբավ բարություն:

 

«Նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»: Այստեղ մի նոր և հրաշալի բան է բացահայտում, որովհետև «պիտի փրկի» ոչ թե հայտնի պատերազմողներից կամ այլ բանից, այլ որ առավել մեծ է՝ մեղքից ազատագրման ավետիս է տալիս, ինչ մինչ այդ երբևէ չէր եղել:

 

Եվ ինչո՞ւ, ասում են, «իր ժողովրդին» ասաց, և հեթանոսներին չավելացրեց: Որպեսզի լսողներին  նախապես չզարմացնի, սակայն իմաստուն լսողներին հայտնի է, որ հեթանոսներին է ակնարկում: Որովհետև նրա ժողովուրդը ոչ միայն հրեաներն են, այլև բոլոր նրանք, ովքեր մոտեցան և ընդունեցին նրա ուսմունքը:

 

Արդ, տե՛ս, հրեա ազգին կոչեց նրա ժողովուրդը: Եվ սրանով այլ բան չի հայտնում, քան այն, որ ծնվողն Աստծու Որդի է, և նրա խոսքերը պատկանում են երկնային Թագավորին, որովհետև ոչ ոք չի կարող մեղքերի թողություն տալ, այլ միայն Վերին Էությունը:

 

Հետևաբար, քանի որ այսչափ վայելեցինք պարգևները, ամեն ինչ անենք, որպեսզի չթշնամանանք այսպիսի Բարերարի հետ: Որովհետև եթե նախկինում վատ գործերը տանջանքի էին արժանի, ապա առավել ևս այժմ՝ այսքան բարերարությունից հետո: Այսուհետև, որպեսզի երկնքին արժանանանք, արհամարհենք այն ամենը, ինչ աշխարհին է պատկանում, որպեսզի թե՛ այստեղ լուսավոր լինենք և թե՛ հանդերձյալ բարիքները վայելենք շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի, Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2023-01-03
×