Այսօր Աստվածհայտնության տոնն է, քանզի այսօր՝ հունվարի 6-ին, ծնվեց փառքի Աստվածը՝ Միածին Որդին, և երեսուն տարի անց՝ դարձյալ հունվարի 6-ին, մկրտվեց:
Սրա համար էլ Հայ Եկեղեցին միասին է տոնում Ծննդյան և Մկրտության տոները և այն անվանում «Հայտնության տոն», որով իմանում ենք, որ Նա, Ով ծնվեց սուրբ Կույսից, նույն Ինքն այսօր եկավ մկրտվելու Հովհաննեսից, վկայվեց Հորից և դավանվեց որպես Որդի՝ Հոր մշտնջենավոր Ծնունդ, նույն էությունից:
Հետևապես՝ Տիրոջ ծննդյամբ եղավ նաև Նրա հայտնությունը, և Աստված, սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երևաց: Այդ պատճառով էլ Պողոսն ասում է. «Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ. Բ 11):
Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է. «Եվ ահա վրա հասավ ժամը, տոներից ազնվագույնն ու կարևորագույնը՝ Քրիստոսի Ծննդյան օրը: Ով այն տոների սկիզբ կոչի, երբեք չի մեղանչի, քանզի եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը, եթե չխաչվեր, չթաղվեր կամ հարություն չառներ, ուրեմն չէր լինի հարության տոնը: Այսպիսով, Քրիստոսի Ծնունդով ծնունդ առան մյուս տոները, ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ»:
Հին ուխտի մարգարեները, մի քանի հարյուրամյակ առաջ, հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը: Այդ մարգարությունների համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի հրեական Բեթղեհեմ քաղաքում, միևնույն ճյուղից սերող Կույս Մարիամից: Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված հրաշալի աստղի միջոցով:
Թերևս, Հիսուս իր ծնունդով աշխարհ բերեց Աստծու հայրական սիրո և մարդկանց եղբայրասիրության գաղափարը և միաժամանակ հավիտենական կյանքի ավետիսը բերեց աշխարհ:
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Այդ օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»: