Քրիստոս իր Ծնունդով արթնացրեց իմ հույսը

Քրիստոս իր Ծնունդով արթնացրեց իմ հույսը

Օրեր առաջ մենք տոնեցինք քրիստոնեական աշխարհի մեծագույն տոներից մեկը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը՝ տալով միմյանց մեր կյանքերը փրկած և աշխարհը փոխած ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։

 

Սակայն արդյո՞ք այսօր՝ այս տոնից ընդամենը օրեր անց, գիտակցում ենք, թե որքան մեծ իրադարձություն է կատարվել։ Եթե այո, ապա ընդունել ենք Սուրբ Ծննդյան ավետիսը և գիտակցել Քրիստոսի մարդեղացման ողջ խորհուրդը, իսկ եթե ո՞չ։

 

Ուրեմն՝ եկեք հենց այս պահից հասկանանք՝ ինչպե՞ս անենք, որ մասը կազմենք այս տոնի, որ շրջում է մեր կյանքի ընթացքը՝ մղելով մեզ դեպի բարին։

 

Քրիստոսի Ծնունդն իրականում սոսկ ժամանակի շրջապտույտի մեջ հանդիպող հերթական տոնը չէ, որ պիտի նշել և առաջ անցնել։ Այն մի իրական հույս է, որ պիտի արթնանա յուրաքանչյուրիս հոգում։

 

Սուրբ Ծնունդը նաև վստահության տոն է, քանզի Աստված մարդեղացավ, քանի որ վստահեց մարդկությանը։ Նա ցույց տվեց, որ մենք կարող ենք հավատարիմ լինել մեր կոչմանը, վերադառնալ, եթե նույնիսկ մոլորվել ենք, նմանվել Աստծուն։ Նա եկավ փրկելու, ոչ թե ցույց տալու, որ Ինքն ավելին է։

 

Այսօր՝ այս դժվարին ժամանակներում, երբ ամեն օր ունենում ենք փրկության կարիք, երբ փնտրում ենք փրկության ճանապարհներ, մեր հոգիներում ծնվում է Քրիստոս՝ ասես հաստատելով՝ կփրկվես, եթե Ինձ հետևես։ Սուրբ Ծնունդը մեր այս դժվար օրերում արթնացնում է հույսը՝ ցույց տալով նաև ուղին փրկության։

 

Հետևո՞ւմ ենք այդ ուղուն՝ հարցնենք ինքներս մեզ։ Ո՞րն է իմ գործը, որ պահպանեմ Քրիստոսի Ծնունդով ինձ բաժին հասած հույսը։

 
  • 2022-01-09
×