Եվ Նրան Հիսուս կոչեցին

Եվ Նրան Հիսուս կոչեցին

Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է 

 

«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2։21)։ Այսպես Աստվածորդին անուն ստացավ՝ Հիսուս։ Հենց այսօր՝ ամեն տարի հունվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից ութ օր անց նշում ենք Տիրոջ Անվանակոչության տոնը։

 

Նրա անունը ավետվել և նախանշվել էր դեռևս հրեշտակի կողմից։ Հիշենք Աստվածածնի Ավետման դրվագը։ Գաբրիել հրեշտակապետը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):

 

 Հիսուս անվան տարբերակներից է Հեսուն, որը շատ տարածված է եղել, և նշանակում է «փրկիչ»: Ուստի պատահական չէր Աստծո Որդու անվանադրումը. ինչպես Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը մտավ Ավետյաց Երկիր, այնպես էլ Հիսուսի փրկագործական առաքելության շնորհիվ տիրահաստատ ուղիով ընթացող նրա հետևորդներն են փրկվելու մեղքի գերությունից և մտնելու Երկնային Երուսաղեմ: «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:

 

Մենք ամենքս էլ ծնվելով ստանում ենք անուններ։ Անունով է մարդը որոշակիանում, դառնում տարբերվող։ Սակայն դա մարդկանց, և ոչ Աստծու համար, քանզի Նա մեզ ճանաչում է մինչև անուններ ստանալը, ոչ այնպես, ինչպես մենք ենք ներկայանում, այլ այնպիսին, ինչպիսին կանք։ Այնպես որ Փրկչի անվանակոչության այս տոնը ևս մեկ առիթ է, որ խորհենք՝  ինչպե՞ս ենք ներկայանում մարդկանց և Աստծո առաջ, և ո՞վ ենք իրականում։

 

Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

 

 

  • 2022-01-13
×