Նա եկել էր, որ վկայեր Լույսի մասին

Նա եկել էր, որ վկայեր Լույսի մասին

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։ Սուրբ Հովհաննես Կարապետը կամ Մկրտիչը քրիստոնեական մեծագույն սրբերից է, որի անունը մշտապես հիշատակվում է մեր ժամերգությունների և Ս. Պատարագի ժամանակ:

 

Նրա ծնունդը նկարագրված է Ղուկասի Ավետարանում (1.5-25):

 

Մեկ օր նրա հորը՝ Զաքարիա քահանային, խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ պիտի ունենա: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ և կասկածամտությամբ է ընդունում բարի լուրը, ինչի պատճառով էլ դառնում է համր մինչև իր որդու ծնունդը:

 

Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):

 

Հետագայում մենք չորս Ավետարաններում էլ տեսնում ենք, որքան կարևոր դերակատարում է նա ունեցել փրկագործության պատմության մեջ։

 

Ավետարանիչները հավատացած էին, որ առանց Հովհաննես Մկրտչի վկայության մասին հիշատակության, չէին կարող ամբողջապես ներկայացնել Հիսուս Քրիստոսի անձը և փրկագործությունը։ Արդարև, Հովհաննես Մկրտչի վկայությունն անհրաժեշտ էր, քանզի Աստված ուղարկեց նրան, որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։

 

 Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբը Հովհաննես Մկրտիչն է: Հայ եկեղեցին տարին չորս տոն է սահմանել նրա համար: Առաջինը նրա ծննդյան հիշատակությունն է, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան տոնից ութ օր հետո։

 
  • 2023-01-14
×