ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԱՐԱԳԱՀՈՍ ԲԱՐԵԽՈՍ Ս. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Ս. Սարգսի տոնական տեսահոլովակներ, գունազարդ բացիկներ, բազմաթիվ տոնական երիտասարդական միջոցառումներ, երեկույթներ, տոնական նվերներ, SMS հաղորդագրություններ, առավոտից մինչ ուշ գիշեր լեփ-լեցուն եկեղեցիներ, եկեղեցիներում և ձյան մեջ վառվող տասնյակ հազարավոր մոմեր…
Երիտասարդների և սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում միշտ եղել է: Սակայն երիտասարդության շրջանում տոնը լայն ճանաչում գտավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մամլո դիվանի քարոզչական և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ:
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Հայրապետը Ս. Սարգսի տոնը հռչակեց երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է: Այս տարի Ս. Սարգսի տոնը նշվեց հունվարի 21-ին` կապված Ս. Հարության տոնին, որն այս տարի նշվելու է մարտի 23-ին:
Որպես կանոն՝ Ս. Սարգսի տոնին նախորդում է հնգօրյա Առաջավորաց պահքը: Մարդիկ հաճախ սխալմամբ այն անվանում են Ս. Սարգսի պահք, որը ճիշտ չէ, քանի որ Առաջավորաց պահքը զուտ ժամանակային առումով է համընկնում տոնի հետ, այն էլ՝ ոչ միշտ: Այս տարի Առաջավորաց պահքը հունվարի 14-18-ն էր: Պահքից հետո` հունվարի 20-ի գիշերը, չամուսնացած երիտասարդներն աղի բլիթ ճաշակեցին, փոխինդ պատրաստեցին: Այս և տոնական շատ այլ գեղեցիկ ավանդույթներ ժողովրդական են:
Հունվարի 21-ին Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը երիտասարդների օրհնության կարգ կատարեց: Սրբազանի կարգադրությամբ Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներն այդ օրը բաց էին մինչև ժ. 22.00: Ամբողջ օրվա ընթացքում, մինչ ուշ երեկո, երիտասարդների հոսքը եկեղեցի չէր դադարում:
Ամեն տարի թեմը տպագրում է գունազարդ բացիկներ, տեղեկատվություն տարածում զանազան լրատվամիջոցներով, տեսահոլովակներ, հեռուստա և ռադիոհաղորդումներ պատրաստում, վիկտորինաներ կազմակերպում, որոնց շնորհիվ տոնի կարևորությունը հատկապես երիտասարդների շրջանում որակական փոփոխություններ կրեց: Տարիներ առաջ երիտասարդները հիմնականում հետաքրքրվում էին աղի բլիթ ճաշակելու հարցով, իսկ այս տարի նախապես զանգահարում և հետաքրքվում էին, թե երբ և ինչպես պետք է նշել Ս. Սարգսի տոնը, երբ պետք է գալ եկեղեցի և օրհնություն ստանալ: Հարկ է նկատել, որ Ս. Սարգսի բարեխոսությանը դիմում են բոլոր մարդիկ` անկախ տարիքից: Չէ՞ որ սերը տարիք չի ճանաչում: Դրա մասին վկայում է նաև թեմի հայտարարած սիրո պատմությունների մրցույթը: Անցյալ տարի մրցույթի ութ անվանակարգերից երկուսում հաղթեցին իննամյա աղջիկը և ութսունամյա ամուսնական զույգը: Անցյալ տարի հայտարարված սիրո պատմությունների մրցույթին Արարատյան թեմը հազարավոր նամակներ ստացավ և այս տարի որոշեց ընդլայնել մրցույթի ընդգրկման շրջանակները և մրցանակային ֆոնդը, որն այս տարի կազմեց 1.625000 դրամ: Սիրո պատմություններից բացի՝ հայտարարվեցին նաև նկարչության և ֆոտոռեպորտաժի մրցույթներ: Այս տարի մրցանակային հանձնաժողովի անդամները բավականին խիստ չափանիշներ սահմանեցին մրցույթների մասնակիցների համար:
Ֆոտոռեպորտաժի միակ հաղթող ճանաչվեց Սամվել Սևադա-Գրիգորյանը: Լուսանկարիչներ Հայկ Գալստյանը և Մարիաննա Վարդանյանը մրցանակային հանձնաժողովի կողմից արժանանացան խրախուսական մրցանակների` յուրահատուկ աշխատանքներ ներկայացնելու համար, որոնք սակայն ֆոտոռեպորտաժներ չէին: Նկարչության մրցույթում խրախուսական մրցանակի արժանացան նկարչուհի Նունե Խաչատրյանը` ծաղկի տերևներով ազգային «Շատախ» ստեղծագործության, Վահե Պողոսյանը՝ «Զույգերը» գեղանկարի համար: «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի գեղանկարչական խմբակի սաները, հանձնաժողովի բնորոշմամբ անկեղծ և ինքնատիպ 14 աշխատանք ներկայացնելու համար, ստացան իրենց ցանկալի մրցանակը` գումար` սրբավայրերից մեկում ուխտագնացություն կազմակերպելու համար: Մրցույթի ևս 10 մասնակիցներ արժանացան խրախուսական մրցանակների և տոնը խորհրդանշող հուշանվերների:
Սիրո պատմությունների 3 անվանակարգերում 24 աշխատանք արժանացան խրախուսական մրցանակների: Երեք մասնակից` Վարդուհի Արզումանյանը, Լիանա Դանիելյանը և Սյուզաննա Ղազարյանը ստացան դրամական պարգևներ և տոնը խորհրդանշող հուշանվերներ: Վարդուհի Արզումանյանի սիրո պատմությունն՝ իր հանգուցյալ ամուսնու հետ, անգամ Գերմանիայում մեծ արձագանք է ունեցել: Գերմանական հեռուստատեսությունը հատուկ հաղորդումներ է պատրաստել այդ զույգի մասին: Լիանա Դանիելյանն օրագրի տեսքով է ներկայացրել իր սիրո պատմությունը: Նամակի հեղինակը` մանկատան սան Լիանան, չափահաս դառնալուն պես, իր այլ հասակակիցների նման կյանքը տնօրինելու անորոշության առաջ չի հայտնվել: Լիանայի համար ապրելու և բուհում ուսումը շարունակելու հիանալի պայմաններ է ընձեռել Էջմիածնում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունը: Բուհում ուսանելիս Լիանան կարողացել է գտնել իր մեծ սերը: Այս տարի Ս. Սարգսի տոնին նա նշանադրվեց, իսկ Տյառնընդառաջի տոնին կամուսնանա սիրած տղայի հետ:
Արարատյան Հայրապետական թեմի բարի ավանդույթներից է նաև տոնը խորհրդանշող հուշանվերներ պատրաստելը: Վզնոցներ, պատի, սեղանի մեծ և փոքր, ինչպես նաև հատուկ հուշանվերներ են պատրաստվել բազմաթիվ գործընկերների, տեղեկատվական հովանավորների, մրցույթների մասնակիցների, գլխավոր հաղթողների, աջակից կազմակերպությունների և թեմական խորհրդի անդամների, թեմի կազմակերպած համերգների մասնակիցների համար:
Ս. Սարգսի տոնը նաև գործարարներին և ժամանցային ակումբների սեփականատերերին է հետաքրքրել: Կազմակերպվել է տոնը խորհրդանշող հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Արդեն երկրորդ տարին է, ինչ հատուկ երեկույթներ են կազմակերպվում Երևանյան ակումբներում: Այս, ինչպես նաև անցյալ երկու տարիների ընթացքում, ուսանողական, կուսակցական, երիտասարդական զանազան կազմակերպություններ հոգևորականների մասնակցությամբ կազմակերպել են Ս. Սարգսի տոնը խորհրդանշող միջոցառումներ: Ինչպես նշեցինք, ավանդական է դարձել Ս. Սարգսի տոնին համերգներ կազմակերպելը: Էստրադային երգիչները սիրո մասին իրենց կատարումներով և խոսքով կարևորեցին ազգային, եկեղեցական տոները: Այս տարի համերգին ներկա էր Վեհափառ Հայրապետը:
Արդեն երկրորդ տարին է՝ Ս. Սարգսի տոնական համերգին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, բարձաստիճան այլ հյուրեր: Ի դեպ, հարկ է նշել, որ այդ օրը Սարգիսների և Սարգսյան գերդաստանների անվանակոչության օրն է: