Երբ Ադամն ու Եվան, չանսալով Աստծո պատվերին, կերան արգելված պտուղը, Տերը նրանց պատժեց․ «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ․ 3։19)։ Ապա Աստված դուրս հանեց նրանց դրախտից՝ «մշակելու հողը, որից առաջացել էր» (Ծննդ․ 3։23)։
Ի՞նչ կատարվեց։ Աստված մարդուն դուրս հանեց դրախտից, և իբրև պատիժ՝ պատվիրեց աշխատանքով իր հացը վաստակել։ Սա, սակայն, իրականում օրհնություն էր, բարիք, որ բաշխվեց մարդուն։
Հիշենք ծուլության մասին, որ համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը։ Ծուլությամբ է, որ հեռանում ենք Աստծուց տրված մեր կարևորագույն շնորհից և հնարավորությունից՝ արարելուց։ Ծուլությամբ դառնում ենք անպիտան, ոչ մի արժեք չստեղծող։
Զուր չէ, որ Սուրբ Անտոն Անապատականը, կոչ անելով սիրել աշխատանքն ասում է, թե «մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս»։ Իսկապես, երբ աշխատում ենք, կարծես հեռու ենք մնում վատ մտքերից, չենք պղտորում մեր սիրտը, չենք նախանձում, չենք ծուլանում։
Եվ չնայած այս ամենին՝ գիտենք, որ մարդիկ հաճախ մեծ տեղ են տալիս նաև հանգստին՝ ասելով, թե աշխատելու համար նաև հանգիստ է հարկավոր։ Չէ՞ որ Աստված էլ հանգստացավ արարման յոթերորդ օրը․ «Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից» (Ծննդ․ 2։3)։ Անշուշտ, հանգիստը ևս կարևոր է աշխատանքում, սակայն նշենք նաև, որ այն պետք է լինի չափավոր՝ չհասնելով ծուլության։ Պիտի գիտակցենք այդ նուրբ սահմանը հանգստի և ծուլության միջև։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն է հաստատում այս՝ ասելով․ «Այստեղ հանգիստ չփնտրեք, որպեսզի այնտեղ ձեռք բերեք»։
Ուրեմն՝ անդադար աշխատենք և լծվենք մեզ զարգացնելու, մեր Հայրենիքը շենացնելու սուրբ գործին՝ մեր ամենօրյա աշխատանքով։ Աշխատանքով է, որ տալիս ենք ամենամեծ օգուտը մեր սրտերին, մեր շրջապատին։ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, աշխատասեր մարդուն հերոս համարելով, մի առիթով ասել է․ «Հերոս միայն նրանք չեն, ովքեր իրենց արյունը կտան։ Նրանք փառքի արժանի հերոսներ են։ Բայց նա, ով իր քրտինքը կխառնի հայ հողին, նա էլ հերոս է»։ Սիրե՛նք աշխատանքը։