Ամեն ինչ կարող եմ, Նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց

Ամեն ինչ կարող եմ, Նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց

«Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլիպ․ 4:11):

 

 Այս խոսքերը թերևս շատ քչերս կկարողանանք յուրացնել կատարյալ անկեղծությամբ։ Գոհ լինել այն վիճակից, որի մեջ մարդը գտնվում է, սովորական բան չէ։ Մենք գրեթե ամենուր հանդիպում ենք դժգոհողների, հուսահատ ու ընկճված մարդկանց տեսակի։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աննշան թվով ազնիվ քրիստոնյանների ենք հանդիպում, որոնք գոհ են իրենց վիճակից։

 

Պողոս առաքյալը այս մասին գրել է․ «․․․Վտանգներ՝ գետերից, վտանգներ՝ ավազակներից, վտանգներ՝ ազգակիցներից, վտանգներ՝ հեթանոսներից, վտանգներ՝ սուտ եղբայրներից։ Բազում անգամներ եղա  աշխատանքների ու հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, առանց մի պատառ հացի, այլև ցրտի մեջ ու մերկության» (Բ Կորնթ․  11: 26-28 ): Տեսնում ենք, որ իրեն բաժին հասած այս տառապանքների մեջ առաքյալը միևնույնն է գոհ էր իր կյանքից և ուզում էր աշխարհին հաղորդակից դարձնել իր գոհունակությանը։ Ու նաև գիտեք, թե նա ինչպես է վերջացնում իր այս մեծ փորձության պատմությունը․ «Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, վշտերին․․․» ( Բ Կորնթ․ 12:10):

 

Աննպաստ պայմաններում սեփական վիճակից գոհ լինելը գիտություն է, որը մենք ևս պիտի ուսանենք։ Եթե լավ ճանաչենք մեր սիրտը, կարող ենք հաստատել, որ դժգոհություն առաջանում է երեք տեսակի սխալներից, որոնք պետք է վերացնել և որոնցից հարկ  է, որ ինքներս մեզ ընդմիշտ ազատենք։

 

Նախ՝ սխալ ենք խորհում մեր նմանների մասին։ Շատերս սովորություն ունենք ամեն անգամ մեզ համեմատել ուրիշների հետ։ 

 

Երկրորդ՝ սխալ ենք խորհում Աստծո մասին։ Հաճախ ասում  ենք՝ Աստված մեզանով հետաքրքրված չի։  Աստված անծանոթ չէ մեր տառապանքներին, Նա շատ լավ գիտի մեր ցավերը։ Բայց պետք է հասկանանք, որ այդ տառապանքներն են, որ թափ են տալիս մեզ ու մեր հայացքը կրկին ուղղվում  է դեպի վեր, դեպի՝ Աստված։

 

Եվ վերջապես երրորդը՝  սխալ ենք խորհում իրերի մասին։ Շատերս մտածում ենք, որ երջանկությունը արտաքին ունեցվածքի մեջ է ու երբ հասնում ենք մեր ուզածին, դարձյալ հասկանում ենք, որ ամեն բան սին էր ու չկա իրական երջանկություն մեր փնտրածի մեջ։

 

Հետևաբար գոհունակությունը կախված չէ այսինչ կամ այնինչ մարդուց ու առարկայից, այն կախված  է մեր իսկ հոգեկան վիճակից։ 

 
  • 2023-01-27
×