Ամփոփում 2009

Ամփոփում 2009

ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ


Ժողովրդական մեծ տոնախմբություն, միմյանց շնորհավորող բազմահազար սիրահարներ, հեռուստատեսային և ռադիոեթերներից անընդհատ հնչող շնորհավորանքներ` տոնի առթիվ…
Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնն այս տարի մեծ ժողովրդականություն վայելեց: Այս տարի ոչ միայն եկեղեցիներն էին բազմամարդ…
 

Վերջին հինգ տարիների ընթացքում Արարատյան Հայրապետական թեմը երիտասարդների օրհնության օրվա առթիվ բազմաթիվ տոնակատարություններ է կազմակերպել և իրականացրել: Ընդ որում, ամեն տարի տոնակատարություններն իրենց բնույթով փոխվում են, նորովի են կազմակերպվում: Նախորդ տարիներին կազմակերպվեցին մրցույթներ` սիրո իրական պատմությունների և մի քանի այլ անվանակարգերում՝ ֆոտո և նկարչության մրցույթներ, համերգներ, ցուցահանդես-տոնավաճառներ և այլն:
 

Այս տարի Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Թեև Ս. Սարգսի տոնը շարժական է և ամեն տարի տարբեր օրերի է նշվում, այնուհանդերձ մարդիկ նախապես տեղեկանում են տոնի օրվա և տոնակատարությունների մասին: Արդյունքում` Ս. Սարգսի եկեղեցիներ մտնելու անվերջ թվացող հերթերն են, իրենց օրն օրհնություն ստանալ ցանկացող բազմահազար երիտասարդներ, որոնց համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ եկեղեցիները բաց են մինչև երեկոյան ժամը 21.00-ը:
 

Ս. Սարգսի տոնին` փետրվարի 7-ին, բազմամարդ էր նաև Բաղրամյան պողոտան, որը մարդկային մեծ հոսքի արդյունքում գրեթե փակվել էր: Իսկ քաղաքի այդ հատվածում մարդկային մեծ հոսքի պատճառը պայմանավորված էր աննախադեպ տոնախմբությամբ, որն այս տարի կազմակերպվեց Սիրահարների պուրակում: Տոնախմբությունը սկսվեց լարախաղացի խաղով, ով բացիկներ և նվերներ էր բաժանում ներկաներին: Պուրակի մուտքի մոտ այցելուներին դիմավորում էր սպիտակ նժույգին նստած ձիավորը` տոնը խորհրդանշող 14 զինվորների հետ:
 

Ազգային, ժողովրդական երգ ու պարին հաջորդեց էստրադային համերգը, որին մասնակցեցին երգչուհիներ Աննա Մայիլյանը, Աննա Խաչատրյանը, Շուշան Պետրոսյանը, Սիլվա Հակոբյանը, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, երգիչներ Արսեն Գրիգորյանը` Մրոն, իր ազգագրական համույթի հետ, Էդվարդ Կարապետյանը, «Սասուն» ազգագրական երգի, պարի համույթը: Համերգը վարեցին Աննա Ավանեսյանը և Մամիկոն Սիմոնյանը:
 

Համերգին սկզբից մինչև վերջ հոտնկայս ներկա գտնվեցին Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և իր հյուրերը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:
 

Արարատյան Հայրապետական թեմը բազմաթիվ նվերներ էր պատրաստել ներկաների համար` տոնի կարգախոսով գրիչներ, տետրեր, նոթատետրեր, տոնը խորհրդանշող հատուկ հուշանվերներ, սրտաձև փուչիկներ: Նվերներ բաժանվեցին նաև որոշակի ուսանողական խորհուրդներում, զորամասերում, երիտասարդական միություններում, ինչպես նաև եկեղեցիների բակերում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ:


Ներկաների համար «Պողոսյան այգիներ»-ի տնօրինությունը պատրաստել էր հյուրասիրություն` սրտաձև, գունագեղ թխվածքաբլիթներ, սուրճ և թեյ: Բարեբախտաբար, տոնի օրը՝ փետրվարի 7-ին, եղանակը գարնանային էր:
Տոնակատարությանը ներկա էին շուրջ 6000 մարդ: Թեև բուն միջոցառումն ավարտվեց ժամը 18.30-ին, մարդիկ այգի էին ժամանում մինչ ուշ երեկո: Այգու ամբողջ տարածքը տոնի խորհրդին համահունչ էր: Տոնն ազդարարող գեղեցիկ պաստառներ տեղադրվեցին քաղաքի բանուկ վայրերում` Նավասարդ սրբազանի` «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով:


Սիրո արագահաս բարեխոսին նվիրված այլ միջոցառումներ ևս կազմակերպվեցին: Առավոտյան Ս. Պատարագից և օրհնության կարգից հետո մարդիկ շտապեցին Նկարիչների միություն, ուր Արարատյան Հայրապետական թեմը և Նկարիչների միության հոգաբարձուների խորհուրդը Ս. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթ էին կազմակերպել` սեր Աստծո, հայրենիքի, մերձավորի, ծնողների հանդեպ և փոխադարձ սեր անվանակարգերում: Ներկայացված էին գրաֆիկական, գեղանկարչական, նաև քանդակի և դեկորատիվ արվեստի աշխատանքներ: Նույն օրը, մեկ ժամվա տարբերությամբ, Թումանյանի անվան տուն-թանգարանում «Միասին» երիտասարդական շարժումը բացեց Ս. Սարգսին նվիրված ցուցահանդես` «Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին» խորագրով: Երկուստեք ցուցադրվեցին երիտասարդ արվեստագետների աշխատանքներ:
 

Ս. Սարգսի և հոգևոր այլ հարցերով կազմակերպվեցին հեռուստա և ռադիովիկտորիաներ: Փետրվարի 6-ին և 7-ին անցորդները մայրաքաղաքի փողոցներում մի մեծ մեքենայի էին հանդիպում, որը բարձրաձայն ազդարարում էր տոնի մասին, իսկ գեղեցկատես աղջիկներն անցորդներին բացիկներ և աղաբլիթներ էին բաժանում: Այլ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս փողոցում նվերներն էին բաժանում:
Տոնական միջոցառումները շատ էին, ժամանակը` սակավ:
 

Այդ իսկ պատճառով որոշվեց միջոցառումների մի մասն իրականացնել տոնին նախորդող օրերին` փետրվարի 5-ին և 6-ին: Ս. Հովհաննես Մկրտիչ, առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիների բակերում ծխական համայնքների, դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեցին տոնական համերգներ: Բակային տոնակատարություններն ուղեկցվեցին ավանդական երգ ու պարով, «Վալենս» պարային համույթի, «Ոսկե ձայներ» թատրոն-ստուդիայի կատարումներով: Բոլոր միջոցառումներին մասնակցեց նաև տոնը խորհրդանշող ձիավորը՝ նվերներով: Տոնակատարության ավարտին ամենուրեք օդ բարձրացան ճերմակ աղավնիներ:

  • 2021-08-09
×