Եթե ասենք՝ ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում

Եթե ասենք՝ ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում

Խոստովանությունը յուրաքանչյուրիս կյանքում ունի շատ կարևոր նշամակություն, այդ կերպ մենք թեթևանում ենք մեղքերից, ազատվում տանջող մտքերից, հեռանում չարի հետ հարաբերություններից։ Ու շատ  կարևոր է, որպեսզի մարդը խոստովանի համեստ կերպով, ամեն բանի մեջ իրեն մեղադրելով, ուրիշի արածը չհիշելով, իր արածը խիստ մերկացնելով։ Բայց չպետք է մտածենք, որ  խոստովանությունը մեզ նորից մեղանչելու իրավունք է տալիս։  Անմիտ է այն մարդը, ով ասում է՝ այս մեղքը անեմ, հետո խոստովանեմ։ Եթե արածդ մեղքերի վրա զղջալուց հետո բոլորովին չես նորոգվում, զղջումդ զղջում չէ։ 

 

Այդ է պատճառը, որ Հիսուս ում բժշկում էր զգուշացնելով ասում էր «Տե՛ս, դու բժշկվեցիր, էլ չմեղանչես, որ չլինի թե հետինն ավելի վատ լինի, քան առաջինը։ Չլինի թե ավելի ծանր պատասխանատվության տակ ընկնես, որովհետև այն ժամանակ քեզնից կպահանջվի թե՛ հին և թե՛ նոր մեղքերիդ հաշիվը»։

 

Մեղավորը պետք է խոստովանի անկեղծությամբ, առանց ստելու և ամբողջությամբ հայտնելով իր մեղքերը։ Սուտ խոսել այնտեղ, ուր գնացել ենք մեր սխալները խոսոտովանելու, կրկնակի մեղք է, և եթե անգամ մտածենք թե քահանային կարող ենք խաբենք, միևնույնն է Աստծուն չենք կարող խաբել։ Եթե ճշմարտությամբ, անկեղծորեն չենք խոստովանում, այդպիսով ոչ թե չենք թեթևանում, այլ նոր-նոր մեղքեր ենք ավելացնում։

 

Ընդհակառակը, ամեն անգամ խոստովանելիս այնպես պետք է մտածել, թե դա մեր վերջին խոստովանությունն է, որովհետև ով անկեղծ է խոստովանում, նա մոտ  է ուղղվելուն։

 

Անկեղծությամբ խոստովանելու համար ոչինչ չպետք է ծածկել քահանայից, որովհետև ինչպես ասում են՝ ինչ որ այստեղ ծածկելու լինես մի քահանայի առաջ, ստիպված կլինես դատարանի օրն այն մերկացնելու ողջ աշխարհի առաջ։ Այդ պատճառով առաքյալը, մեզ դեպի ճշմարիտ խոստովանություն հորդորելով, ասում է «Եթե ասենք, թե ոչ մի մեղք չունենք,  մենք մեզ ենք խաբում, որովհետև ասածներիս մեջ ճշմարտություն չկա, իսկ եթե, խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» ( Հովհ. Ա թուղթ 1-8:9)։

 
  • 2023-02-02
×