Սխալ է փախչել սեփական առաքելությունից՝ ասելով ես անզոր եմ

Սխալ է փախչել սեփական առաքելությունից՝ ասելով ես անզոր եմ

Հովնան մարգարեի կյանքի մասին տեղեկանում ենք Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն» գրքից։ Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: 

 

Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ ուղղությամբ էր: Ճանապարհին փոթորիկ բարձրացավ, և Հովնանը հասկացավ, որ դա Աստծուց փախչելու հետևանքով էր: Նավաստիներին ասաց, որ իրեն ծովը նետեն, որից հետո փոթորիկը հանդարտվեց: Աստված փրկեց նրան ծովի ալեկոծությունից՝ խոշոր կետ ձկան փորում պահելով: Հայտնվելով ձկան փորում՝ նա զղջում ապրեց իր արածի համար և գոհություն հայտնեց Տիրոջը՝ իրեն փրկելու համար: Երեք օր հետո, Աստծո հրամանով, ձուկը Հովնանին ծովափ նետեց: Աստված մարգարեին երկրորդ հնարավորությունը տվեց. նորից պատվիրեց գնալ Նինվե: Այս անգամ Հովնանը հնազանդվեց: Ուստի, սխալ է փախչել սեփական առաքելությունից՝ ասելով ես անզոր եմ։ Սուրբ Հովնան մարգարեն արդեն իսկ տեսավ իր անզորությունը, բայց ի վերջո վստահեց Աստծո զորությանը և կատարեց իր ճիշտ ընտրությունը՝ զղջաց ու ապաշխարեց՝ փրկվելով աղետից։

 

Ս. Օգոստինոս Երանելին նշում է, որ ծով նետված Հովնան մարգարեն, խոշոր կետ ձկան փորում հայտնված և երեք օր հետո այնտեղից կենդանի դուրս նետված, եղավ Փրկչի նախատիպը, Ով խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ: 

 

Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

 
  • 2023-02-03
×