451 թ. հայոց 60.000 զորքն Ավարայրի դաշտում կենաց ու մահու կռվի է ելնում Պարսից 300.000 բանակի դեմ: Ոչինչ ետ չի պահում Վարդանանց այս անհավասար պայքարից, թեև թվով փոքր էին, սակայն հավատով միաբան, խորությամբ գիտակցում էին, որ իրենց կյանքի գնով են հատուցելու այդ ընտրության դիմաց, սակայն հասկանում էին, թե ինչ նշանակություն ունի իրենց զոհողությունը ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի համար, այդ պատճառով քաջաբար հայտարարում էին՝ «մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն», հանուն անմահության էին կռվում, ընդունում գիտակցված մահը, ոչ միայն սեփական անմահության, այլև ազգի անմահության համար:
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:
Ո՞րն է Ավարայրի պատգամը մեզ
Հայ պատմագրության մեջ Ավարայրի ձեռքբերումր լավագույնս արտահայտել է հայ ոսկեդարյան գրականության ականավոր պատմիչ Ղազար Փարպեցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ: Ահա թե ինչ է պատգամում մեզ նշանավոր վարդապետը Ավարայրին հաջորդող ազատագրական պայքարի նախօրեին ուխտապահ հայ նախարարների բերանով. «Բայց մենք մեր հույսը ոչ հոռոմների վրա ենք դրել, ոչ հոների, այլ նախ Աստծո ողորմության վրա, որ պիտի լինի սուրբ Գրիգորի բարեխոսությամբ, այն նախնիների մահվան վրա, որ իրենց նահատակությամբ հաճո եղան Փրկիչ Քրիստոսին, և ապա մեր սեփական մահվան վրա»:
Ղազար Փարպեցու խոսքերը բոլոր ժամանակներում ճշմարիտ տեսլական է հայ ժողովրդի համար, հաղթանակի ուղի, հարատևության երաշխիք: Ահա այս գիտակցությամբ են մեր հայրերը մաքառել հանուն համազգային մեծ երազանքի՝ անկախ քրիստոնյա Հայաստան կերտելու ճանապարհին:
5-րդ դարում տեղի ունեցած Վարդանանց ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: