Խոնարհությամբ Քրիստոսին զինվորագրվածը

Խոնարհությամբ Քրիստոսին զինվորագրվածը

Ս. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը` այս տարի փետրվարի 25-ին:

 

Ըստ վարքագիրների, ծնունդով Ամասիա քաղաքի Սարու գյուղից էր, քրիստոնյա բարեպաշտ ծնողների զավակ։ Մոր մահից հետո հայրը «սնոյց զնա խարշեալ հատիւ ցորենոյ և հատաջրով»: Այնուհետև հասնելով «յարբունս հասակի, Սուրբն Թէոդորոս զնոյն ցորենահատ սիրեալ և այնու շատացեալ, այլ ինչ ոչ ուտէր»: Ցորենի հատիկով սնվելու այս պատմությունը նրա անունը արդեն իսկ կապում է Մեծ Պահքի հետ :

 

4-րդ դարի սկզբին Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, Ս. Թեոդորոսը գիշերով հրի է մատնում հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը։ Սակայն բանտում եղած ժամանակ, երբ նրա ձեռքերը և ոտքերը  կապանքների մեջ էին, չէր դադարում օրհնության սաղմոսներ երգել Աստծուն: Եվ քանի որ նա այրել էր մեհյաննները, ի վերջո, դատավորն էլ նրան այրելու մահավճիռ է կայացնում: 

 

Ս. Թեոդորոսի երկրային կյանքի նշանակալից դրվագը եթե վիշապին սպանելն էր, ապա քրիստոնեությունը չուրանալու համար նահատակվելուց հետո նրա մեծ հրաշագործությունը կապվում է սկսված Պահքի հետ, որի համար էլ նրա հիշատակը կատարվում է Մեծ պահքի առաջին շաբաթվա շաբաթ օրը: Այս մասին նրա վկայաբանությունում պատմվում է հետևյալը: Ասվում է, որ երբ Հուլիանոս Ուրացողը գահ է բարձրանում ու սկսում քրիստոնյաներին հալածել, և տեսնելով, որ ուժով ու բռնությամբ չի կարողանում հաղթել նրանց, որոշում է դիմել հետևյալ խորամանկ միջոցին: Որպեսզի քրիստոնյաները չկարողանան պահքը պահել, պատվիրում է, որ սկսվող պահքի առաջին օրվանից վաճառեն միայն այն կերակուրն ու ըմպելիքները, որոնց խառնված են զոհաբերվող կենդանիների ճարպ և արյուն: Այդ նույն գիշերը Կ. Պոլսի պատրիարքին է երևում Ս. Թեոդորոսը և պատվիրում, որ պահքի ընթացքում «կուլիփայ կերիցեն» և բացատրում, թե ինչու: Երբ պատրիարքը հարցնում է, թե դա ի՞նչ կերակուր է, ասում է եփած ցորեն, որը սուրբը կերել էր մանկության տարիներին: Վերահաս այս վտանգի մասին պատրիարքը հասցնում է զգուշացնել ժողովրդին, և նրանք վարվում են համաձայն Ս. Թեոդորոսի պատվերի, որի շնորհիվ Մեծ Պահքի սկսվելուց հետո հասնում են առաջին շաբաթ օրը և «մեծապայծառ տօն կատարեցին Սրբոյն Թէոդորոսի բազում ուրախութեամբ: Եւ աւանդեցին ամենայն քրիստոնէից զնոյն շաբաթ օրն հանդիսաւոր տօն առնել յամենայն եկեղեցի»։

 

Սուրբ Թեոդորոս զորավարը հայտնի է նաև որպես «վիշապասպան», որ քաջությամբ ու հավատքով հաղթել է հսկա վիշապի։ Ս. Թեոդորոս զորավարը մեծագույն չարչարանքներից հետո 306 թ. նահատակվում է՝ այրվելով կրակի վրա։

 
  • 2023-02-25
×