Հովհաննես Որոտնեցին իմաստասեր և աստվածաբան վարդապետ էր, որը Տաթևի նշանավոր դպրոցի հիմնադիրը եղավ: Հովհաննեսը ծնվել է 1315 թ. Սյունյաց աշխարհի Որոտն գավառի Վաղադի կամ Վաղադին գյուղում, որդին է «մեծ և փառավոր իշխան» Իվանեի՝ Օրբելյան ազնվական տոհմից: Նա վաղ տարիքից մտնում է եկեղեցական ասպարեզ և ամբողջապես նվիրվում գիտությանը և ուսուցչությանը: Այս շրջանում Եսայի Նչեցի մեծ վարդապետի ուսուցչապետության ներքո ծաղկում էր Գլաձորի, կամ Գայլաձորի մեծ ուսումնարանը: Հովհաննես Որոտնեցին իր բարձրագույն կրթությունը այստեղ է ստանում: Նա իր վարդապետի՝ Եսայի Նչեցու մահից հետո 1338 թ. փոխադրվում է Տաթևի վանք և այնտեղ հիմնադրում է իր վարժարանը, որտեղ շուտով հավաքվում են մեծ թվով աշակերտներ: Այն կարճ ժամանակի ընթացքում գերազանցում է Գլաձորին: Նա մեծ թվով աշակերտներ ունեցավ, որոնցից նշանավորներն էին Մաղաքիա Ղրիմեցին և Գրիգոր Տաթևացին: Վերջինս հաջորդեց նրան, ում օրոք Տաթևի դպրոցը հասավ իր զարգացման գագաթնակետին: Մաղաքիա Ղրիմեցին՝ մեծահարուստ ազգատոհմից, մի ազդեցիկ և ազգասեր անձ էր, որ իր հարստությունը և հանդուգն, նախանձահույզ հոգին ամբողջությամբ տրամադրեց ունիթորների դեմ պայքարին:
Այս շրջանում Սյունյաց աշխարհում, Սարգիս Վարդապետի ուսուցչության ներքո, ծաղկում էր Ապրակունյաց վանքը: Սակայն այս վարդապետը ունիթորների գրքերից և ուսմունքների միջից «ցանկանում էր միաբանվելու եզրեր գտնել» նրանց հետ, ուստի սկսում է դասախոսություններ կարդալ մի լատին հեղինակի (Պետրոս Արագոնացի) պատրաստած «Առաքինություններ և մոլորություններ» գրքից, որով էլ պատճառ է հանդիսանում, որ Ապրակունիսի վանքի աշակերտները ունիթորությամբ «վարակվեն»: Ղրիմեցին երբ իր վարդապետից՝ Որոտնեցուց, իմանում է սրա մասին, այնտեղ գնալու, այդ «չար գայթակղության» առաջն առնելու և վանքերում տարածվելը խոչնդոտելու թույլտվություն է խնդրում: Այս տեղափոխումը տեղի է ունենում 1380 թվականին: Հովհաննես Որոտեցին շատ խիստ միջոցներով ստեղծված գայթակղության առաջն առնում է: Նա ազդու միջոցներով խոչընդոտում է ստեղծված գայթակղության տարածմանը:
Հովհաննես Որոտնեցին ավելի քան յոթը տարի շարունակում է իր վանական և կրթական գործունեությունն Ապրակունյաց վանքում՝ պատրաստելով բազում կրթյալ աշակերտներ ազգային եկեղեցու պաշտպանության համար: Նա շատ էր տկարացել, արդեն 73 տարեկան էր. «Ծանր աշխատությունները և այդ ժամանակի համար սովորական դարձած եկեղեցական կենցաղային խստությունները, նրա մարմինը տկարացրել էին: Նա իր արդյունավետ կյանքը կնքեց հենց 73-րդ տարեդարձի օրը՝ 1388թ.-ի հունվարի 13-ին» (Ազգ) և թաղվեց Ապրակունյաց վանքում, իր նախանձահույզ աշակերտի՝ Մաղաքիա Ղրիմեցու կողքին: «Հայսմավուրք»-ը նրա մահը համարում է հունվարի 6-ը և հետևյալ խտացրած բնութագիրն է տալիս. «Նա հոգելից, իմաստուն և ճարտասան, հանճարեղ և աստվածաբան, ուղղափառության քարոզող և ճշմարտության ջատագով այր էր: Կեղծավորներին հանդիմանող էր և հերձվածողներին լռեցնող, ուղղափառների ուսուցիչ և ստահակներին խրատող, սգավորներին մխիթարող և աղքատներին սփոփող էր: Ինչպես որ արեգակն իր ճառագայթներն է տարածում աշխարհի վրա, այդպես էլ նա հայտնում էր ուղղափառության ծածուկ գրվածքները և իմաստասիրական խրթին բանաձևերի լուծումները: Նա հույժ գրասեր և ընթերցասեր էր, բարքով հեզ և քաղցրադեմ: Բարձրահասակ էր և բարետես, զվարթամիտ և ողորմած, մեծապարգև և առատատուր, ամենիմաց և հանճարեղ: Անձանձրույթ ուսուցանող էր և պատասխանների մեջ անվեհեր, ուղղափառների հանդեպ հեզ և քաղցրաբարո և սաստիկ ահարկու ընդդեմ չարափառ երկաբնակաց: Ամբողջությամբ լցված Աստծո շնորհով, որի հիշատակը օրհնությամբ թող լինի» (Մարզվանցի):
Հովհաննես Որոտնեցին հսկայական գրական ժառանգություն է թողել, որոնց մեծ մասը կորուստից փրկվել է Գրիգոր Տաթևացու գրառումների շնորհիվ: Այս գրական ժառանգությունից շուրջ 17 հատոր է հիշատակում Պորղարյան արքեպիսկոպոսը իր «Հայ գրողներ» երկում: Պետք է նշել, որ Որոտնեցու գործերից գրեթե բոլորը գտնվում են ձեռագիր վիճակում: Այս երկերը մեծ մասամբ մեկնութուններ և քարոզներ են, ինչպես նաև իմաստասիրական բացատրություններ Արիստոտելի, Փիլոնի, Պորփյուրի գրվածքների վերաբերյալ: Իսկ Օրմանյան պատրիարքը Որոտնեցու մահվան վերաբերյալ հետևյալ խորհրդածությունն է անում. «Որոտնեցու գլխավոր փառքը և աշխատանքը եղել է այն, որ եղել է առաջնորդը և նախահայրը այն պայքարի, որն ազգային եկեղեցու վարդապետները մղեցին ունիթորական լատինամոլ ջանքերի դեմ, այդ հոսանքի հանդեպ ամուր պատնեշ դառնալով, այնպես որ հակառակ ունիթորների զորավոր ջանքերի, նրանք ստիպված եղան ընկրկել՝ օտարը տկարացավ, և Հայ Եկեղեցին իր ինքնությունը և իսկությունը պահեց: Այդ բազում երախտիքներ ունեցող վարդապետները, բոլորն էլ, կամ Որոտնեցու աշակերտներն էին կամ Որոտնեցու աշակերտների աշակերտները, այնպես որ առաջին և աներկբա արդյունքը պետք է վերագրել Հովհաննես Որոտնեցուն: Ուստի իրավամբ ասվել է, թե. «Պայծառացրեց Հայոց ազգը վարդապետներով և քահանաներով, գեղեցիկ կարգ ու կանոններով և ուղղափառ դավանությամբ և մանավանդ գիշեր և ցերեկ Երնջակ գավառի քրիստոսաատյաց շեղվածների դեմ պայքարելով»: Մեծոփեցին նրա մահը հիշատակելու ժամանակ ասում է. «Հայոց աշխարհում խավար եղավ»: Սակայն մենք պետք է նշենք, թեև ինքը պակասեց, բայց իր վառած ջահը իր աշակերտների ձեռքով երկար ժամանակ վառված մնաց, և անշեջ մնաց Հայ Եկեղեցու ավանդության մեջ» («Ազգապատում»):
Հաշվի առնելով, որ Հովհաննես Որոտնեցու վարքը տեղ է գտել 1730 թ. տպագրված «Հայսմավուրք»-ում, կարելի է եզրակացնել, որ արդեն այդ ժամանակներում տոնելի սուրբ էր, բայց պաշտոնապես, վերջնական տեսք է ստացել Սիմոն Երևանցի կաթողիկոսի կողմից 1775 թ. լույս ընծայված «Տոնացույց»-ում: Ներկայումս հիշատակվում է Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախընթաց շաբաթ օրը՝ իր անվանակից Հովհաննես Երուսաղեմացու, Հովհաննես Օձնեցու և իր աշակերտ Գրիգոր Տաթևացու հետ:
×