Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկը Հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի տոնում ենք ապրիլի 9-ին։
Քրիստոնեական եկեղեցիները Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդ ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8):
Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիամ Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»: Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
×