Քրիստոսի Համբարձման Մասին

Քրիստոսի Համբարձման Մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերան, Սուրբ Եփրեմ Ասորի, (Հատված «Գործք  Առաքելոց»-ի մեկնությունից)
 

«Մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ» (Գործք 1:9): Իսկ ինչո՞ւ նրանց աչքի առջև հարություն չառավ, բայց նրանց դեմ համբարձվեց: Քանի որ ի զորու չէ մարդկային աչքն այս ամենը տեսնել, դրա համար էլ հարությունից հետո տեսան և ոչ Հարության պահին, և համբարձման սկիզբը տեսան, այլ ոչ ավարտը: Եվ թեպետ Հարության սկիզբը չտեսան, սակայն հայտնի դարձավ Տիրոջ կենդանի երևմամբ, թափուր գերեզմանով, իսկ համբարձման վախճանը հրեշտակներին էր տեսանելի, որովհետև մեր աչքերը չէին կարող բարձունքները տեսնել, ուր համբարձվեց [Տերը]: Տեսնո՞ւմ ես, որ մասամբ Հոգով և մասամբ էլ աչքերի տեսածով է տնօրինում: Դրա համար էլ նրանց աչքերի առջև համբարձվեց, որպեսզի չասեն, թե բնավ հարություն չառավ:

 

«Եվ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք 1:9): Արդ, ոչ թե հրեղեն կառքը նրան հափշտակեց, ինչպես Եղիային, որպեսզի ոմանց չթվա, թե նրա պես համբարձվեց, այլ ամպը, որ խորհրդանշում է աստվածային զորությունը: Եվ քանի որ որևէ այլ զորություն չի կարող ամպով երևալ, լսի՛ր, [թե այս մասին ինչ են ասում] մարգարեները. «Երթևեկում է նա ամպերի մեջ» (Սաղմոս 103:3), «Ահավասիկ Տերը, բազմած թեթևասահ ամպերի վրա» (Եսայի 19:1): Դրա համար էլ Հիսուսի ամպով համբարձվելը ցույց էր տալիս նրա՝ երկնքի Տեր և Իշխան լինելը, քանզի ամպը խորհրդանշում էր երկինքը:

 

«Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք և ասացին. «Ո՜վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք 10-11): Երկու մարդիկ երևացին, որպեսզի երկու վկաների խոսքն ավելի հավաստի լինի, և սպիտակ շորերով էին, ինչպես գերեզմանի մոտ, և նրանց պայծառ դեմքը ցույց էր տալիս, որ հրեշտակներ են, և մարդակերպ հանկարծակի երևացին, որպեսզի նրանք խռովքի չմատնվեն: Եվ չթողեցին նրանց երկինք նայելով մնան, այլ ավետիսի խոսքով նրանց սթափեցնում է ասելով, թե Հիսուս, որ ձեր միջից երկինք վերացավ, նույն ձևով գալու է: Մի՞թե աշակերտները չտեսան Հիսուսի երկինք բարձրանալը: Բայց քանի որ չէին կարող նրան տեսնել այդքան բարձրացած, չկարծեին, թե մինչև երկինք ելավ, ինչպես Եղիան, այլ որպեսզի իմանան, որ երկնքից վեր ելավ, որովհետև Որդի էր [Աստծո]:

 

Այս մասին և Տերն էր ասել, թե. «Եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր» (Հովհաննես 6:63), սակայն կամ չէին մտապահել, կամ, ինչպես Ծննդյան հրեշտակը ավետեց Մարիամին, Հովսեփին և հովիվներին, իսկ Հարության ժամանակ՝ խնկաբերներին, այստեղ էլ այդպես եղավ: Եվ թեպետ մարգարեների միջոցով բազմիցս կանխասացվել էր այս մասին, այլ առավել ստուգություն համար նաև հրեշտակներն են վկայում: Դրա համար էլ Քրիստոսի Հարությունը վկայվեց մարգարեների, հրեշտակների և հենց Քրիստոսի կողմից, որովհետև Հարությունը մեծ էր ամեն ինչից, և նույնիսկ Ծնունդից, քանզի իր անձը մեռելներից հարություն տվեց, դրա համար էլ երեք վկաներով հաստատեց:

 

Եվ թեև հրեշտակը սփոփեց նրանց՝ ասելով, թե երկինք ելավ, և քանի որ իրենք չէին կարող գնալ նրա հետ, և որպեսզի սիրուց չտոչորվեն, փոքր-ինչ ոգեշնչում է նրանց՝ ասելով. «Պիտի գա նույն ձևով», այսինքն՝ երկնքում է, այսուհետև սպասեք նրա գալստյանը: Ցույց է տալիս նաև Տիրական պատիվը, ոչ թե ասելով ուղարկվելու է, այլ՝ գալու է: Գալու է այնպես, ինչպես տեսաք նրա բարձրանալը, մարմնով և ամպով՝ իր և Հոր փառքով, սրանով ակնարկելով նաև դատաստանը և [մեռելների] հարությունը: Եվ քանի որ մարմնով համբարձվեց, այն մարմնով որ հարություն առավ, նույն մարմնով էլ գալու է դատելու:

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

 

  • 2023-05-16
×