Սուրբ Ծննդյան պահք

Սուրբ Ծննդյան պահք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:

Հնում մեր բարեպաշտ նախնիները սրբորեն պահել են Սուրբ Ծննդյան պահքը՝ այն ամենևին չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին, սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար. ամանորյա խրախճանքներն ու գինարբուքները ստվերեցին սուրբծննդյան գեղեցիկ ավանդույթներն ու ժողովրդական սովորույթները: Բայց այսօր էլ, ինչպես դարեր առաջ և դարեր շարունակ, Մայր Եկեղեցին իր բարեպաշտ զավակներին հորդորում է պահեցողությամբ, ինքնաքննությամբ և անկեղծ ապաշխարությամբ պատրաստվել դիմավորել մեզ համար մարդացած Աստծո անքննելի Սուրբ Ծնունդը: Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, և պատշաճ է, որ քրիստոնյան աղոթքով սկսի տերունապարգև նոր տարին: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը տոնում ենք ութ օր շարունակ՝ մինչև հունվարի 13-ը՝ Տիրոջ Անվանակոչության տոնի օրը: Այդ օրերին մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով:


ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ՝ ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ

«Պահքը մարդկանց ապաշխարության է հորդորում և առաքինի դարձնում: Ըստ խոստովանության կարգի հաստատվելով պահքի մեջ՝ ազատվում ենք մեղքերից»:
«Ինչպես որ կերակուրներն են աղով համեմվում և կրակով բարեհամ դառնում մարդկանց կարիքների համար, այնպես էլ մտքի և մարմնի կամքը համեմվում է կատարյալ պահքով և հոգու շնորհներով»:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

 

«Հնավանդ պարգև է պահքը. այն չի թարշամում և չի ծերանում, այլ միշտ նորոգվում է և աճելով՝ ծաղկում: …Ամաչի՛ր պահքի ծերությունից: Այն հասակակից է մարդկությանը: Պահքը օրինադրվել է դրախտում»:
«Որքան պահքով նվազեցնես մարմինդ, այնքան հոգիդ կփայլեցնես հոգևոր առողջությամբ»:
«Հագենալը հաճելի է որովայնին, իսկ պահքը օգտաշահ է հոգուն»:
Սուրբ Բարսեղ Կեսարացի

 

«Պահք է անվանվում ոչ միայն կերակուրներից ժուժկալելը, այլև խուսափելն ամեն տեսակ մեղքերից, քանզի պահք է նաև աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց, և սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաև չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը և չջանալը սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնել: Պահք է նաև խոնարհությունը, հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը»:
«Պահքի օրերին ինչ արգելում ես որովայնիդ, աղքատների՛ն տուր, քանզի դու պիտի քաղցես, և քաղցածը հագենա, և քո մեղքը քավվի»:
Սուրբ Հովհան Մանդակունի



«Պահքի օրերին Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, կանգնած է՝ տալու մեզ երկնքի արքայությունն աղքատների ու տնանկների միջոցով. ոչ թէ մեր տված մեծ ողորմությունների, այլ մի կարիքավորին մի պատառ հաց ու պարզ ջուր տալու դիմաց»:
«Ո՛վ պահեցող, պահի՛ր շրթունքներդ անեծքից, բամբասանքներից, հայհոյությունից, անարգելուց, նախատինքներից, հպարտ խոսքերից, նաև սուտ երդումներից, այլ թող «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ: Նայի՛ր քեզ և սանձի՛ր շրթունքներդ, որպեսզի բերանդ չխոսի խոսքեր, որոնք կլուծեն քո պահքը…, քանզի Աստծո կամքին հակառակ ամեն բան պիղծ է դարձնում քո պահքը»:
Սուրբ Եփրեմ Ասորի

 


Պատրաստեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

 

  • 2021-08-09
×