«Օրս սկսվում է ձեր օրվա խորհուրդով: Այսօր օրս դեռ չի սկսվել»

«Օրս սկսվում է ձեր օրվա խորհուրդով: Այսօր օրս դեռ չի սկսվել»

Մասնագիտական աճն ու ձեռքբերումները մշտապես եղել են իմ պլաններում առաջինը։ Ոլորտի լավագույն մասնագետներից մեկը լինելն իմ գլխավոր նպատակներից մեկն է։ 

 

Անկեղծ ասած, ես էլ չհասկացա՝ ինչպես համալսարանն ավարտելուց հետո հայտնվեցի Արարատյան Հայրապետական թեմում։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ մասնագիտական առաջին սխալները հենց այստեղ եմ անելու, որ հենց այստեղ են ինձ ոգևորելու, քաջալերելու և ուրախանալու իմ ձեռքբերումներով ու հաջողություններով։ Երբեք չեմ մոռանա տեր Եսայու խաղաղ ու հանգիստ ժպիտը, երբ առաջին օրերին շփոթված փորձում էի պատասխանել իր հարցերին։ 

 

Ժամանակը պահանջում էր  առաջ շարժվել։ Իմ նպատակին հասնելու ճանապարհին փնտրտուքներս այնքան շատ էին, մտքերս՝ այնքան խառը, որ պետք էր կողմնորոշվել, հստակ գիտակցել՝ որ ճանապարհով եմ ցանկանում գնալ։ Աստված հաճախ բազում հնարավորություններ է տալիս մեզ՝ թողնելով, որ  կարևոր ընտրությունները մենք ինքներս կատարենք: Այդ փնտրտուքների ճանապահին մեզ բաժին հասած փորձությունների ընթացքում է, որ առավել ենք կապվում Աստծո հետ, քանի որ ամեն դժվարություն կարողանում ենք հաղթահարել միայն Նրա զորակցությամբ ։ «Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի: Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից» (Առակաց 3:5-8):

 

Արարատյան Հայրապետական Թեմում բոլորս մեկ ընտանիքի պես ենք։ Փնտրտուքներիս ընթացքում Մարիամը՝ «Շողակն Արարատյան»-ի գլխավոր խմբագիրը, ինձ շատ կարևոր ու արժեքավոր խորհուրդ տվեց․ «Բալե՛ս, ինչ ընտրություն էլ որ կատարես, հիշի՛ր՝ Աստծուն ծառայելն ամենապատվաբեր գործն է»։ 

 

Մա՛ր, գիտեմ, որ կարդում ես այս տողերը։ Ուզում եմ ասել, որ քո բոլոր խորհուրդները շատ ուշադիր եմ լսում ու հիշում եմ բոլորը մեկ առ մեկ, բայց այս մեկն անընդհատ ականջներումս է, այ ա՛յս մեկն անընդհատ եմ հիշում, այ ա՛յս մեկը միշտ ինձ հետ է։ Եթե մի օր հարցնեն՝ ո՞րն է  ամենաարժեքավոր խորհուրդը, որ ստացել եմ իմ կյանքում, վստահ եմ, որ  սա՛ կնշեմ։ 

 

Վերջերս ինձ հետ կատարված դեպքն ինձ ստիպեց ավելի երկար մտածել այս խորհուրդի մասին, ավելի լավ հասկանալ այս բառերի էությունը։ Այդ դեպքից հետո իմ աշխատանքն այլ իմաստ ստացավ, ավելի կարևորվեց, ավելի ընգծեց իր նշանակությունը։  Կիրակի էր, արդեն գրեթե կեսօր էր, ու Qahana.am-ին ուղղված նամակը ուղղակի ցնցեց ինձ։  Նամակը շատ կարճ էր ու շատ ազդեցիկ։  «Օրս սկսվում է ձեր օրվա խորհուրդով: Այսօր օրս դեռ չի սկսվել»։

Չեմ կարող ներկայացնել հույզերս։ Տեխնիկական խնդրի պատճառով օրվա խորհուրդը չէր հրապարակվել, այնինչ մարդիկ սպասում էին Աստծո Պատգամին, որ սկսեին ապրել իրենց օրը Տիրոջ առաջնորդությամբ: Այդ նամակն ինձ ստիպեց ավելի արժևորել աշխատանքս, հասկանալ կարևորությունն ու ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել այն։ Չէ՞ որ մարդիկ սպասում են…

 

Տեր Եսային իր քարոզներում հաճախ է նշում՝ Աստված յուրաքանչյուրիս ստեղծել է Իր պատկերով և  նմանությամբ, և մեզ շատ պարզ հարց է տրվում՝ Աստված մեզ ինչո՞ւ է ստեղծել։ Յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք։ Գուցե սա էլ իմ առաքելության մի մա՞սն է՝ իննսուն հազար հետևորդի հասցնել Տիրոջ  ապրեցնող, գոտեպնդող, զորացնող Խոսքը:

 

Սիրելի՛ ընթերցող, այսուհետ երբեք քո օրը ուշ չի սկսվի:  Մեր օրվա խորհուրդն ամեն օր՝ ժամը՝ 8։30-ին,  բարի լույս կասի քեզ և մեր բոլոր հետևորդներին։

 

  • 2023-06-15
×