Սուրբ Հովհան Ոսկեբերան. Աստծուց գոհանալու և խոնարհության մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերան. Աստծուց գոհանալու և խոնարհության մասին

Աստված չի պահանջում մեզանից որևէ ծանր և դժվար բան, այլ միայն, որ խոստովանենք Նրա բարերարությունը և շնորհակալ լինենք դրա համար, ոչ թե որ Նա դրա կարիքն ունի, քանզի Նա ոչ մի բանի կարիք չունի, այլ, որ մենք սովորենք դրա միջոցով դեպի մեզ գրավել բարիք տվողին և չլինենք ապերախտ, և առաքինություն ցուցաբերենք՝ արժանի Նրա բարերարությանը և մեր նկատմամբ այդքան հոգատար լինելուն: Որովհետև դրանով էլ մենք բարեհաճ ենք դարձնում Նրան՝ մեր հանդեպ ավելի հոգատար լինել: Չլինենք անհոգ, այլ մեզանից յուրաքանչյուրն ամեն ժամ որքան կարող է, թող մտածի ո՛չ միայն ընդհանուր բարերարության, այլև մասնավոր՝ Աստծո կողմից անձամբ իրեն ցույց տրված, և միայն իրեն հայտնի, այլ ոչ՝ բոլորին: Դրա միջոցով նա ի վիճակի կլինի Աստծուն անդադար շնորհակալություն հայտնել: Սա ամենամեծ զոհաբերությունն է, սա կատարյալ ընծա է, սա մեզ համար համարձակության աղբյուր կլինի Աստծո առաջ: Եվ ահա թե ինչպես. ով մշտապես մտքում պահում և ընդունում է իր ոչնչությունը և մյուս կողմից էլ մտածում Աստծո անճառելի և անչափ մարդասիրության մասին, թե ինչպես է Նա կարգավորում մեր գործերը՝ նայելով ոչ թե մեր մեղքերին, այլ՝ Իր բարությանը, նա խոնարհվում է հոգով, վշտանում է սրտով, սանձահարում է ամեն տեսակի հպարտություն և մեծամտություն, սովորում է իրեն համեստ պահել, արհամարհում է ներկա կյանքի փառքը, ծիծաղում է տեսանելիների վրա, մտածում գալիք բարիքի մասին: Ով այսպես է տրամադրվում, նա Աստծուն մատուցում է իրական և հաճելի ընծա, ինչպես ասում է մարգարեն. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, կոտրած սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50:19): Այսպիսով, աղոթում եմ, որ խոնարհ սիրտ ու կոտրած հոգի ունենանք, որովհետև, եթե այդպես տրամադրվենք, ի վիճակի կլինենք նաև աղոթել մեծ զվարթությամբ և մեղքերի խոստովանությամբ դեպի մեզ գրավել Աստծո ողորմությունը: Եվ որպեսզի համոզվես, որ այդպիսի հոգիները հաճելի են Տիրոջը, լսի՛ր, թե ինչ է Նա ասում. «Ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից» (Եսայի 66:2): Այդ պատճառով էլ Քրիստոս աշակերտներին ասաց. «Սովորեցեք ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթեոս 11:29), որովհետև ով իսկապես խոնարհեցնում է իրեն, նա երբեք չափից դուրս չի բարկանա մերձավորի վրա, քանի որ նրա հոգին խոնարհվել է և մտածում է միայն իր մասին: Իսկ ի՞նչը կարող է առավել երանելի լինել նման տրամադրվածություն ունեցող հոգուց: Նման մարդն ամեն տեսակի փոթորկից անվտանգ նստած նավահանգստում վայելում է մտքերի հանդարտություն: Դրա համար էլ Քրիստոս ասաց. «Եվ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք»: Բայց եթե այդ կիրքը զսպողը նման հանդարտություն է վայելում, ապա հակառակը, ծույլն ու անհոգը և նա, ով չի կարողանում պետք եղած դեպքում զսպել իր մեջ արթնացող այդ կիրքը, գտնվում է մշտական խռովության մեջ՝ պատերազմ մղելով իր հոգում և չնայած ոչ ոք չկա, վրդովվում է և մեծ հոգեկան հուզմունք կրում, իսկ երբ բարձրանում է ալիքը և սկսվում է չար հոգիների փոթորիկը, նա սուզվում է անդունդի մեջ, որովհետև նրա նավը նույնպես սուզվել է անվարժ նավավարի պատճառով: Դրա համար էլ հարկավոր է արթուն մնալ և սթափվել և անդադար ու արթուն կերպով հոգ տանել հոգու փրկության համար, որովհետև քրիստոնյաները միշտ պետք է պատերազմեն կրքերի դեմ, միշտ հիշեն Տիրոջ կողմից մեզ բոլորիս տրված պատվիրանները, պատսպարվեն դրանցով և  պատշաճ կերպով ջանան օգտվել մեր նկատմամբ Նրա մեծ հոգատարությունից:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2023-07-11
×