Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը կկատարվի հարության ժամանակ: Ինչպես Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ մարդկանց ազգը պիտի կանչվի հարությամբ գերեզմաններից կիրակի օրը: Եվ ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, որում Աստված կհանգստացնի բոլոր սրբերին և Իր անունը սիրողներին լուսո հարկում` զատելով ոչխարներին այծերից ըստ թլփատության օրինակի՝ ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Երկնքի արքայությունը» (Մատթեոս 25:34):
Ութօրական երեխայի թլփատությունն այն պատճառով սահմանվեց, որ ութերորդ օրը մեղավորները կթլփատվեն (* կբաժանվեն) արդարներից` առանձնացվելով ձախակողմը` անշեջ հրի մեջ: Եվ Քրիստոսի թլփատությունն Աբրահամի հետ կնքած Աստվածային ուխտի ճշմարտության պատճառով էր` հաստատելու հայրերին տրված Ավետիսը: Քանզի հավատարիմ է Աստված, Ով տվեց նրանց, որպես անկատարների, թլփատության պատգամն (Ծննդոց 17:11-14) ի նշան ուխտի (Ծննդոց 17:1-10)` զատվելու համար հեթանոսներից: Մեր Տերը հանձն առավ կատարել այս պատգամը՝ որպես Իրենով իսկ ավանդված, և խոտան չհամարեց, նաև որպեսզի չբամբասվի հետո իբրև օրինազանց:
Բայց մկրտվելով` արգելեց թլփատությունը, ինչպես որ ասաց Հովհաննեսին. «Այսպես վայել է, որ մենք կատարենք ամեն արդարություն» (Մատթեոս 3:15), և Պողոսի միջոցով հոգևոր թլփատություն օրինադրեց մեզ:
Սուրբ Կույս Մարիամը և Հովսեփը թեպետև մեծամեծ բաներ լսեցին Նրա մասին հրեշտակից, հովիվներից և մոգերից, սակայն չարգելեցին Նրան ըստ օրենքի թլփատվել: Այլ Զաքարիան` Հովհաննես Մկրտչի հայրը, գալով՝ թլփատեց Նրան Հովսեփի բազուկների վրա և կոչեց Նրան Հիսուս: Եվ ոչ հատեցին, այլ միայն ճեղքեցին` անդրանիկների օրենքին համաձայն: Եվ այն այդպես Քրիստոսի պատճառով օրինադրվեց, քանզի արժան չէր հատել աստվածացեալ Մարմնից:
Եվ Նրա անունը դրվեց Հիսուս, ինչպես ասաց հրեշտակը, մինչև որ հղացավ Նրանով Սուրբ Կույսը: Նման և խորհրդավոր է Հիսուս անունը, որ եբրայերեն նշանակում է փրկիչ և ըստ էլլադացիների` բժիշկ Ադամի բեկման, փրկիչ անեծքներից, մեղքերից, կուռքերից և դժոխքից, և ամեն վտանգից:
Որ և մեզ ևս փրկի և բժշկի` սատանայից խոցվածներիս տալով դեղը կյանքի, ևս առավել այս գիրը կարդացողին: