«Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից և ուրախություն հագցրիր ինձ»։
Սաղմոս 30:11
Թռիչքիս հաշված օրեր էին մնացել․ ես տոնում ու սգում էի իմ մահը։ Գիտեի, որ երբ էլ վերադառնամ Հայաստան, չեմ լինելու նա, ով գնացել է․ մեկնում եմ երկար ճամփորդության, իսկ ճամփորդները երբեք հետ չեն գալիս նույնկերպ։
Վերջին երեկոս էր Երևանում, ճամպրուկներս դեռ չէի դասավորել․ ուժասպառ էի ֆիզիկապես, մտքերով, հոգով։ Քրոջս հետ որոշեցինք վերջին անգամ (գրքի այս գլխի համար) միասին ֆիլմ նայել։ Նայել մեր մանկության ամենասիրելի ֆիլմերից մեկը․ այդպես մենք արել ենք մի ամբողջ կյանք՝ միասին վերանայել ենք մեր սիրած ֆիլմերը։ Միաձայն ընտրվեց The Odyssey (1997)-ը։ Ինչո՞ւ։ Հետո հասկացա։ Կամ շատ վաղուց էի հասկացել՝ Ոդիսևսը հիմա ես եմ։ Եվ բոլոր դժվարությունները ինձ պիտի ինձ վերադարձնեն։
Որքան էլ հեռանամ տանից, պիտի հիշեմ այն։ Կարոտը արթուն կլինի միշտ, այո՛, բայց ինչպես հավատս, որ ես Աստծո հոգատար ձեռքերում եմ։
Այդպես է եղել միշտ, այդպես կլինի նաև Հայաստանից մի ամբողջ օվկիանոս հեռու։
Երևանում մահացա ինքնաթիռի՝ հողից պոկվելու հետ։ Լաց եղա։ Մի կին, որը մորս անունն ուներ (հետո պիտի իմանայի), ասաց՝ մի՛ լացի, հետ կգաս․ չգիտեր էլ՝ ուր եմ գնում, ինչու։ Բայց հետ գալու միտքը մխիթարեց, ու ծիրանը, որ տվեց ինձ։ Կերա, կուտը պահեցի։
Ես հավատում եմ սերմի ուժին, հավատում եմ, որ մի առողջ սերմը հերիք է կյանքը վերսկսելու համար։ Ամենաքանդված, ցավող, դժվար օրերից հետո անգամ։
Ֆրանսիայում ես նորից ծնվեցի։ Էլի մորս մոտ, ինչպես 28 տարի առաջ ծնվել էի Երևանում։ Մանկության թաքուն երազանքներրիցս մեկը՝ լինել նրա միակ երեխան, իրականացավ։ Ու դրանից հետո քրոջս ավելի խորը սիրեցի։ «Happiness is only real when shared» (թարգմ․՝ Երջանկությունն իրական է միայն, երբ կիսված է),- ասվում է մեր մեկ այլ սիրած ֆիլմում։
Ֆրանսիայում ես տեսա՝ ինչքան գեցեցիկ կարող է պատմվել ամեն ինչ՝ քաղաքները, փողոցները, մարդիկ։ Ամեն ինչ՝ գեղեցիկի լեզվով։ Փարիզում տեսա մի խաղաղություն, որը երբեք չէի տեսել իմ տանը։ Հասկացա, որ մենք պիտի սովորենք խոնարհվել։ Եվ նորի՛ց կարժանանանք երկնային պարգևների։
Փարիզին հրաժեշտ տվեցի Ազնավուրի երգերից մեկը լսելով, լացելով։ Եթե այդ պահին հարցնեին՝ ի՞նչ գերունակություն կուզեիր, կասեի՝ թող հենց հիմա խոսեմ ֆրանսերեն՝ ֆրանսիացու պես։
Շառլն ինձ համար ո՛չ հայտնի երգիչ է, ո՛չ՝ մեծանուն հայ, ո՛չ՝ բանաստեղծ, ո՛չ՝ բարերար։ Շառլն իմ օրինակն է։ Եթե հայ, ապա ինչպիսի՞ն։ Աչքերի ի՞նչ բովանդակությամբ։ Հոգու ո՞ր շերտերով։ Շառլն իմ ուսուցիչն է։ Ուսուցիչս է իմ ոդիսևսության, երկար ճամփորդության, տունս կարոտելու, այլ աշխարհներում իմ ձայնը բարձրացնելու մեջ։ Ուսուցիչս է հայրենիքի հետ կապս ոչ մի օր չկորցնելու մեջ։ Որովհետև իմ հայրենիքում մանկությունս է, բոլոր երջանիկ օրերս՝ տատիկներիս գրկում։ Իմ հայրենիքում պապիկիս սարքած տունն ու այգին են։ Այդտեղ ես հոգի եմ առել։ Այդտեղ ես առաջին անգամ աղոթել եմ Աստծուն։
Աղոթել եմ 4-5 տարեկանում, որ անձրևներն ավելի հորդառատ դարձնելու ուժ ունենամ։
Ու Աստված տվեց ինձ հայերենն ու պատմություններ պատմելու հանդեպ սերը։
Որովհետև ամեն բան ավարտվում է մի օր՝ կյանքը՝ երկրի վրա, ճամփորդությունները բոլոր, սիրածդ ֆիլմերն ու ամենաերկար գրկախառնությունն անգամ, բայց պատմությունները մնում են։ Միշտ։ Մնում են և օգնում այլ մարդկանց։ Պատմությունները փարոսներ են։
Բոլոր ցավերն ավելի մեղմ են, երբ դրանց մասին խոսված է։ Մենք պիտի՛ խոսենք մեզ նեղողից, մեզ փոքրացնողից, դառնահամից, որ զգում ենք։ Ու պիտի լինենք այն մարդը, որի հետ այլ մարդիկ իրենց ապահով կզգան իրենց ցավից խոսելիս։ Այդպես մենք կառողջանանք որպես հասարակություն։ Մեզ պե՛տք է սովորել կիսել ցավը, իրապես կիսել, ոչ՝ բառերով։ Մենք պետք է սովորենք հարգել այլ մարդկանց ընդունած որոշումները, տոնենք մեր տարբեր լինելը։ Որովհետև միայն այդպես է հնարավոր կյանքը։ Միայն այդպես ենք բոլորս տեղավորվում Աստծո ափերի մեջ։ Միայն այդպես ենք մենք ընդհանուր հայրենիքից, մի տանից։ Ապրենք Երևանում, Փարիզում, թե Նյու Յորքում` ինչպես ես՝ հիմա։
Սիրել, հասկանալ, ընդունել, խոնարհ լինել, աղոթել, հավատալ ու Շառլի երգերը լսել։