«Ուրախ լե՛ր կոյս անարատ մայր անհարսնացեալ, քանզի որ ի քէն ծնաւ որդին միածին...»

«Ուրախ լե՛ր կոյս անարատ մայր անհարսնացեալ, քանզի որ ի քէն ծնաւ որդին միածին...»

«Ուրախ լե՛ր կոյս անարատ մայր անհարսնացեալ, քանզի որ ի քէն ծնաւ որդին միածին...»

Շարական

 

Քրիստոսի եկեղեցու ուրախությունն ու ցնծությունն է երգում շարականագիրը, քանզի Աստծո Միածին Որդին խոնարհվեց դեպի երկիր՝ վերստին պատվելով Իր սիրասուն մորը՝ քերովբեական կառքերի վրա փոխադրելով նրան երկինք: Իջավ՝ քաղելու անթառամ ծաղիկը և զարդարելու երկնքի լուսաճեմ խորանը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինը օր շարունակ տոնախմբում է եկեղեցու մեծագույն Սրբի, հավերժական Կույսի՝ Սուրբ Աստվածածնի երկինք վերափոխվելը:

 

Մարդկանց սերնդի մեջ Սուրբ Կույսն էր միայն, ով իր խոնարհության և սրբության, աստվածային փրկագործության ծրագրին բոլորանվեր սպասավորության համար արժանացավ մեր Աստծու և Իր Միածին Որդու ձեռամբ երկինք վերափոխվելու պատվին: Սուրբ Աստվածածնի երկինք վերափոխվելով իրականանում է Դավիթ թագավորի կանխասացությունը, և նորովի բացահայտվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնողամեծար խնամքը, թե. «Քո սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմոս 15:10), ինչպես նաև մյուս մարգարեությունը. «Թագուհին կանգնած է Քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով» (Սաղմոս 44:10):

 

Հիրավի, մեծ էր Սուրբ Կույսի խոնարհությունն Աստծո նկատմամբ: Ամուր էր Սուրբ Կույսի հավատը երկնային նախախնամության հանդեպ, քանի որ չհուսահատվեց, երբ քառասնօրյա Մանուկ Հիսուսին ընդառաջ եկած Սիմեոն ծերունին ասաց, որ իր հոգու միջով սուր պիտի անցնի: Աներեր էր Տիրամոր հավատարմությունն իր վեհ առաքելության հանդեպ, քանզի մայրաբար հանձն առավ ուղեկցել իր Միածնին մինչև Գողգոթա և Տիրոջ խաչելությունից հետո էլ չդառնացավ մարդկության հանդեպ, երբ հրեաները խոչընդոտում էին նրան այցելել տերունակոխ  վայրերը:

 

Հիսուս Քրիսոսի համբարձումից հետո Տիրամայրն ապրեց ևս տասներկու տարի: Այդ տարիները Սուրբ Կույսի համար եղան մի կողմից հալածանքի, մյուս կողմից՝ մխիթարության, փորձությունների և աղոթական կյանքի տարիներ:  Երբ հեթանոսները  ծաղրում էին նրան՝ սոսկ մարդածին կոչելով, նա մխիթարվում էր իր Որդու հրաշափառ հարության և աստվածապես երկինք համբարձվելու տեսարաններով: Երբ հետապնդում ու հալածում էին առաքյալներին և քրիստոնյաներին, Սուրբ Կույսը աղոթում էր նրանց համար:

 

Երբ մոտեցավ Տիրամոր ննջման օրը, Գաբրիել հրեշտակապետը, ով ինքն էր Սուրբ Կույսին ավետել աշխարհի Փրկչի Ծննդյան ավետիսը, այցելում է Աստվածամորը՝ հայտնելու նրան երկինք փոխադրվելու մասին լուրը:  Մարդկանց համար մահը կա՛մ չար է, կա՛մ՝ բարի: Նրանք, ովքեր այս կյանքում հավատարիմ են Աստծուն, մահվամբ ավելի են մերձենում Աստծուն, իսկ նրանք, ովքեր սրտով և գործով հեռու են Աստծուց՝ մահը նրանց ավելի է մեկուսացնում Կյանքի Աղբյուրից: Հրեշտակապետի ավետիսը լսելով՝ Սուրբ Կույսը լցվում է բերկրանքով: Կանչում է իր ազգականներին և մտերիմներին, իսկ առաքյալները արծիվների երամի պես սլանում են նրա մոտ: Թեև աշխարհում ընդունվածը հակառակն է՝ մահացողին են հուսադրում և զորակցում, սակայն Սուրբ Մարիամն ինքն էր գոտեպնդում և մխիթարում արտասվող առաքյալներին: Սուրբ Հովհաննես առաքյալը, ով Տիրոջ կողմից ստանձնել էր Տիրամոր խնամակալությունը, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցում, որպեսզի Տիրամայրն իր ննջումից առաջ հաղորդվի Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը: Առաքյալը սրանով հոգևոր խնամքի օրինակ է ավանդում Սուրբ Եկեղեցուն, որպեսզի մահամերձ անձանց պարագային, ի շարս այլ հոգածությունների, առաջնային համարենք Սուրբ Հաղորդության ճաշակումը քրիստոնյաների համար՝ այս աշխարի ելքից առաջ: Շնորհաշատ առաքյալը նաև փայտի վրա կերպաձևում է Տիրամոր պատկերը և խնդրում, որպեսզի Սուրբ Կույսը ձեռքով օրհնի իր թանձրացած արտացոլանքը, որպեսզի  այն լինի Տիրամոր բարեխոսությունը խնդրելու, հիվանդություններից և փորձություններից ազատվելու միջոց: Իր ձեռքերի մեջ է առնում և օրհնում պատկերը: Սուրբ Աստվածածինն այլ քայլով կարծես թե հաստատում է պատկերապաշտությունը, քանի որ դրանք մեզ հիշեցնում են սրբերի վարքի և նրանց անդադար աղոթքների մասին:

 

Որոտման որդին՝ Սուրբ Հովհաննեսը, մինչև վերջին պահը հոգատարությամբ է ծառայում Տիրամորը, քանզի խաչելության ժամանակ սրբազան պատասխանատվություն էր  հանձն առել իր սիրելի Վարդապետից և Տիրոջից: Հասնում է Տիրամոր ննջման պահը: Հովհաննեսը մեծ երկյուղով է պատանում Երկնային Թագուհու մաքրափայլ մարմինը: Սուրբ առաքյալներն իրենց ուսերին դրած՝ տանում են Անկողոպտելի Գանձը՝ սաղմոսներով և հոգևոր երգերով, ջահերով և մոմերով հանդերձ, հրեշտակների սրբաբանությամբ՝ Գեթսեմանի պարտեզում հուղարկավորելու Աստվածամոր մարմինը:

 

Բարդուղիմեոս առաքյալը, ով այդ օրերին բացակայում էր Երուսաղեմից, Սուրբ քաղաք է վերադառնում Տիրամոր ննջումից միայն օրեր անց, շատ է փափագում վիմափոր գերեզմանում վերջին անգամ տեսնել հողեղեն Սերովբեի մարմինը: Առաքյալները երկյուղածությամբ և աղոթքով հոժարում են կատարել իրենց եղբոր փափագը: Երբ բացում են Տիրամոր գերեզմանը, այնտեղ գտնում են միայն պատանքը և հասկանում, որ Երկնային Հարսը գերեզմանում միայն երեք օր էր մնացել և երկինք էր վերափոխվել: Այդժամ սուրբ Թովմաս առաքյալը հոգևոր երգով հայցում է Տիրամոր բարեխոսությունը աշխարհի համար. «Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքը քո Որդուն և մեր Աստծուն»:

 

Սուրբ Աստվածածնի հեզությունն ու համեստությունը կանանց և աղջիկներին վերադարձրեցին աստվածային շնորհները, որոնցից զրկվել էր նախաստեղծ կինը՝ Եվան, և համայն մարդկության մեջ մնաց որպես մայրության և կանացիության բացառիկ չափանիշ և սրբության հասնելու հոգևոր փարոս:  Սուրբ Աստվածածնի երկինք փոխադրվելը Քրիստոսի Երկրորդ գալուստի խորհուրդն է կրում: Ինչպես Տերը Ղազարոսին հարություն տալով՝ նախանշեց Իր հաղթական հարությունը, այդպես էլ  Սուրբ Կույսի վերափոխումով բացահայտեց մարդկանց համընդհանուր հարության կերպը և երկնային արքայության մեջ հրեշտակներին փառակից լինելու քաղցրությունը:

 

Աստված, Ով  հատուկ օրհնություն սահմանեց, որ Աբրահամի սերունդները օրհնություն պիտի ստանան հայր Աբրահամին օրհնելով, որքան առավել ևս ողորմության և օրհնության պիտի արժանանան բոլոր նրանք, ովքեր Սուրբ Կույսին Աստվածածին են դավանում և հետևում են նրա մաքրամաքուր վարքին: Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ առատանան  մեր Տեր ու Փրկիչ  Հիսուս Քրիստոսի օրհնությունն ու զորակցությունը, և Տիրամոր սիրով ամրանան հայոց ընտանիքները: 

 

Աշոտ քահանա ՍԱՖԱՐՅԱՆ

  • 2023-08-10
×