Այսօր Հիսուս Քրիստոսի սիրելի բարեկամի` Ս. Ղազարոսի հիշատակն է, ով, չորս օր մահացած լինելով՝ հարություն առավ Քրիստոսի խոսքով` Ադամի բնությամբ, և դրանից հետո ապրեց 15 տարի ու այլևս ո´չ ծիծաղեց և ո´չ էլ բնավ ժպտաց այս 15 տարում` հոգեվարքի ահից: Այն 15 տարում Ղազարոսը շրջելով քարոզեց Քրիստոսի Ավետարանը և Պետրոս Առաքյալի կողմից ձեռնադրվեց եպիսկոպոս Կիտվան քաղաքի, որը գտնվում է Կիպրոս կղզում: Ղազարոսը, բարվոք հովվելով ժողովրդին, խաղաղությամբ հանգչեց ի Քրիստոս, դրվեց մարմնով մարմարե տապանում և թաղվեց այնտեղ:
Շատ ժամանակ անց Վասիլ Մեծ հունաց բարեպաշտ արքայի որդին` Լևոնը, Կոստանդնուպոլսում Ս. Ղազարոսի անունով կառուցեց շքեղ ու գեղեցիկ եկեղեցի: Սուրբ եկեղեցու օրհնության նավակատիքի օրը թագավորին երազում երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ուղարկիր ծառաներիդ Կիպրոս, ու կգտնեն Աստծո սիրելիի` Ղազարոսի, հողով ծածկած տապանը և, բերելով՝ կդնես այն եկեղեցում, որը կառուցեցիր նրա անունով, որովհետև հրաման եղավ Աստծուց` հայտնել նրա նշխարները»: Եվ արքան, արթնանալով՝ հույժ ուրախացավ ու պատմեց հրեշտակի երևման մասին պատրիարքին ու բոլոր իշխաններին: Շուտափույթ ուղարկեց ընտիր այրերի, պատվավոր իշխանների, ովքեր, գնալով՝ գտան տապանը ու նրա վրա փորագրված այսպիսի գիր. «Սա է Քրիստոսի բարեկամ Ղազարոսի տապանը, ում, չորսօրյա մեռյալ, հարություն տվեց Քրիստոս»:
Եվ երբ բացեցին տապանը, սաստիկ անուշահոտություն բուրեց, ու եղավ բազում հիվանդությունների բժշկություն, որոնց համար հիանալով փառք էին տալիս Աստծուն: Հանելով մարմարե տապանից` սուրբի մարմինը դրեցին նավ շինված տապանը, որն ունեին իրենց հետ, ու տարան մեծ պատվով և ուրախությամբ: Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, բոլոր քաղաքացիները և թագավորն իր բոլոր մեծամեծներով մեծ ուրախությամբ, խունկերով ու մոմերով ելան սուրբին ընդառաջ: Հանդիպելով սուրբ տապանին երկրպագությամբ, բազում ախտաժետներ, ովքեր հավատով և սրբությամբ մոտեցան տապանին, ընդունեցին բժշկություն իրենց ցավերից: Եվ այնպես պատվով բերվելով` սուրբը հանգստարան գտավ իր եկեղեցում: Ումից բազում բժշկություններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո: