Հովհան Ոսկեբերան. Խոնարհամտության մասին

Հովհան Ոսկեբերան. Խոնարհամտության մասին

Ոչինչ չի կարող այդպես սանձահարել և զսպել մեզ, ինչպես խոնարհամտությունը, երբ լինում ենք համեստ, խոնարհ և երբեք որևէ պարագայում մեզ չենք երևակայում: Քրիստոս էլ, երբ ձեռնամուխ եղավ քարոզչական գործունեությանը, Իր հորդորական խոսքը սկսեց խոնարհամտությունից և ամենից առաջ դրեց այս օրենքը. «Երանի հոգով աղքատներին» (Մատթեոս 5:3): Ով մտադրվում է մեծ և հիասքանչ տուն կառուցել, նա պետք է նաև համապատասխան հիմք գցի, որպեսզի կարողանա կրել հետագայում իր վրա դրվելիք ծանրությունը, այդպես էլ Քրիստոս, սկսելով Իր աշակերտների հոգիներում կառուցել իմաստասիրության մեծ շենքը, նախապես շենքի առաջին և ներքևի մասում դրեց խոնարհամտության մասին հորդորական խոսքը՝ որպես ամուր և անսասան հիմք, իմանալով, որ երբ այս առաքինությունն արմատավորվի լսողների սրտերում, մյուս բոլոր առաքինություններն արդեն կարող են անվտանգ աճել: Ինչպես ավազից տուն կառուցող մարդը, թեև շատ է աշխատել, բայց ոչ մի օգուտ չի ստացել, որովհետև հաստատուն հիմք չի գցել, այսպես, որքան էլ մեկը բարի գործեր կատարի, առանց խոնարհամտության կոչնչացնի և կփչացնի ամեն ինչ: Իսկ խոնարհամտությունը, կարծում եմ, այն չէ, ինչ խոսքով և լեզվով են ասում, այլ սրտում է, խղճի մեջ, ինչը կարող է միայն Աստված տեսնել: Միայն այս առաքինությունն ինքնին բավական է Աստծո գթասրտությունը շարժելու համար, ինչն էլ ապացուցեց մաքսավորը: Ոչ մի բարի բան չունենալով, նա չէր կարող պարծենալ բարի գործերով, այլ միայն ասաց. «Ողորմած եղիր մեղավորիս հանդեպ» (Մատթեոս 18:12) և դուրս եկավ արդարացած, քան փարիսեցին, մինչդեռ սա ոչ թե խոնարհամտության խոսք էր, այլ՝ անկեղծ խոստովանության: Խոնարհամտությունը կայանում է նրանում, երբ մարդ, գիտակցելով իր մեծագույն կատարելությունը, իրեն երբեք չի երևակայում, իսկ գիտակցությունն այն է, երբ մարդն անձամբ խոստովանում է իր մեղավոր վիճակը: Եվ երբ իր մեջ որևէ բարի բան չգտնելով՝ խոստովանում է այն, ինչ կա, նման ձևով Աստծուն ողորմության է դրդում: Ուստի ինչպիսի՞ օգուտ կքաղեն նրանք, ովքեր թեև կարող են ցույց տալ իրենց բազում առաքինությունները, սակայն ծածկում են և իրենց դասում վերջինների թվում: Այդպես վարվեց նաև Պողոսը, բոլոր արդարներից առաջինը լինելով հանդերձ, իրեն բոլոր մեղավորներից վերջինը դասեց և ոչ միայն խոսքով իրեն այդպես կոչեց, այլև կատարյալ համոզվածությամբ՝ Ուսուցչից սովորելով, որ եթե նույնիսկ ամբողջ պատվիրանները կատարենք, պետք է մեզ անարժան ծառաներ համարենք (Ղուկաս 17:10): Ահա, թե ինչումն է կայանում խոնարհամտությունը: Թող Պողոսին նմանվեն նրանք, ովքեր բարի գործեր ունեն, իսկ մաքսավորին նրանք, ովքեր ծանրաբեռնված են մեղքերով: Ընդունենք մեզ այնպես, ինչպես իրականում կանք, կրծքներս ծեծենք և պարտադրենք ինքներս մեզ չերևակայել: Եթե մենք այդպիսի տրամադրվածություն ունենանք, դա կծառայի մեզ համար որպես պատշաճ զոհաբերություն և ընծա, ինչպես Դավիթն է ասում. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, կոտրած սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50:19): Չասաց միայն խոնարհ, այլև կոտրած, իսկ կոտրվածը, եթե նույնիսկ կամենա, այլևս չի կարողանա վեր բարձրանալ: Այդպես էլ՝ մենք, ոչ միայն խոնարհվենք, այլև կոտրած հոգի ձեռք բերենք, իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ մշտապես հիշենք մեր մեղքերը: Երբ այդպես խոնարհեցնենք նրան, եթե նույնիսկ ցանկանա էլ, ի վիճակի չի լինի բարձրանալ մինչև հպարտության, որովհետև խիղճը սանձի պես ետ կպահի գոռոզությունից, ամեն ինչում կզսպի և կչափավորի նրան: Նման ձևով կարող ենք նաև շնորհ գտնել Աստծուց. «Որքան դու մեծ ես, այնքան խոնարհվիր և Տիրոջ մոտ շնորհ կգտնես» (Սիրաք 3:18): Իսկ ով շնորհ է գտել Տիրոջ մոտ, նա ոչ մի տհաճություն չի զգա և կարող է այստեղ Տիրոջ օգնությամբ հեշտությամբ կրել բոլոր դժբախտությունները, խույս տալ մեղավորների համար նախապատրաստված պատժից, որովհետև Տիրոջ շնորհն ամենուր նրա առջևից կընթանա և կաջակցի նրան բոլոր բարի գործերում:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2023-09-25
×