«Կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (Մատթեոս 22:1-14)

«Կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (Մատթեոս 22:1-14)

«Հիսուս դարձյալ պատասխանեց և առակներով ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին՝ հրավիրվածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրավիրվածներին ասացե՛ք՝ ահա իմ ճաշկերույթը պատրաստեցի. իմ զվարակները և իմ պարարտ անասունները մորթված են, ու ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»: Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին. մեկն` իր ագարակը, մեկն` իր առևտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատվեցին ու սպանեցին: Իսկ թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը: Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին: Արդ, գնացե՛ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի»: Եվ ծառաները, ճանապարհների վրա ելնելով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան. և՛ չարերին, և՛ բարիներին. և հարսանիքը լցվեց հրավիրվածներով: Եվ, երբ թագավորը ներս մտավ` հրավիրվածներին նայելու, այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար»: Եվ նա պապանձվեց: Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապեցե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս հանեցեք դրան, արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ (Մատթեոս 22։1-14):

 

Այս առակը Քրիստոս պատմեց ոչ միայն հրեա ժողովրդի համար՝ ցույց տալով, որ ողջ հրեա ժողովուրդը, ընտրյալ լինելով հանդերձ, մերժում է Աստծու Որդուն, այլև` փարիսեցիների, դպիրների, սադուկեցիների և քահանայական դասի համար։ Վերջիններս կարծում էին, որ իրենք բոլորից առավել են, հատկապես` օրենքի նկատմամբ իրենց իմացությամբ, և Մեսիայի գալուստի համար նախատեսված խրախճանքին  իրենք անպայման պիտի մասնակցեն:  Քրիստոս այս առակով ցույց տվեց, որ թեև նրանք հրավիրված են, բայց պիտի մերժվեն, և նրանց փոխարեն Երկնքի արքայություն կմտնեն զանազան մեղավոր անձինք։ Այս առակն այսօր էլ հոգևոր խորհուրդ ունի: Մենք տեսնում ենք, որ երկնքի արքայությունը ուրախության վայր է, այսինքն՝ Աստծո ներկայությունը մարդուն ուրախություն է պատճառում։ Երկրորդ ուսուցումը, որ մենք քաղում ենք այս սքանչելի առակից, ավելի ցայտուն ներկայացնում է Ղուկաս ավետարանիչը: Հրավիրյալներից առաջին մերժողը ասում է․ «Ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր» (հմմտ․ Ղուկաս  ԺԴ 18): Երկրորդն  ասում է․ «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր» (հմմտ․ Ղուկաս ԺԴ 19), իսկ երրորդն ասում է․ «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ» (հմմտ․ Ղուկաս ԺԴ 20)։ Բազում անգամներ մեր կյանքում  անմեղ թվացող երևույթները մեզ պիտի զրկեն առավել մեծ ուրախություններից։

 

Հետաքրքիր է, որ այս առակն այսքանով չի ավարտվում: Մատթեոս ավետարանիչը պատմում է, որ երբ թագավորը ներս է մտնում, հրապարակներից ու փողոցներից հավաքվածների մեջ տեսնում է մի մարդու, որը հարսանեկան զգեստներ չէր հագել: Մոտենալով՝ ասում է. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար»: Նա պապանձվում է։ Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասում է. «Կապեցե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս հանեցեք դրան արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (հմմտ․ Մատթեոս ԻԲ 12-14): Առակի այս երկրորդ և խիստ դատող հատվածը երկու պարզ մեկնություններ ունի: Առաջին. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտնել երկնքի արքայություն կամ փորձում են մասնակցել խրախճանքին և զգալ Աստծո ներկայությունը, եկեղեցի մտնելով՝ պիտի գիտակցեն, որ այնտեղ պետք է մտնել պատշաճ զգեստով: Եկեղեցին Աստծո արքայության խորհրդանիշն է, որտեղ ամեն անգամ մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագը խորհրդանշում է հենց այդ մեծ խնջույքը։ Երկրորդ ուսուցումն ավելի հոգևոր ու խորը բնույթ է կրում․ զգեստավորված լինել ոչ թե արտաքինից, այլ` ներքին զգեստավորմամբ։ Հետաքրքիր մի հատված ունենք Սուրբ մկրտության խորհրդի մեջ, երբ քահանան դիմում է նոր մկրտյալին և ասում․ «Ովքեր  նոր մկրտվեցին, իրենք Քրիստոսին են իրենց վրա հագնում», այսինքն` փոխվում է նրանց կյանքը, և Քրիստոս ապրում է նրանց մեջ։

 

Հարսանեկան խնջույքի մասին պատմող այս առակը մեզ հիշեցնում է, որ մկրտվելով` մենք ընդունում ենք Տիրոջ հարսանեկան խնջույքին մասնակցելու հրավերը: Ամեն կիրակի մենք առիթ ունենք այդ խրախճանքին մասնակցելու և մեր խոստումն իրականացնելու։ Այս առակը մեզ նաև հիշեցնում է, որ գալու է դատաստանի օրը, և որ այդ խնջույքն իր վերջնակետին է հասնելու: Քրիստոսի Երկրորդ գալուստով վերջնականապես հաստատվելու է Նրա թագավորությունը։

 

Պատրաստեց

Ալբերտ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆԸ

  • 2023-09-27
×