Հոկտեմբերի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Երեւանի քաղաքապետի երդման արարողությանը։
Շնորհավորելով նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց․ «Քաղաքամայր Երևանը հայի դարավոր երազանքների աննկուն տաճարն է, մեր ազգի հերոսական պատմության անառիկ ամրոցն ու խոսուն վկան: Հայոց քաղաքամայրը, հայոց ոստանն է, հայի բնօրրանը, հույզերի և երազանքների գաղտնարանը, օտար ափերում ապրող հայի կարոտն է, ետդարձի կոչնակն ու հայ մնալու վսեմ խորհուրդը:
Հարգարժան նորընտի՛ր քաղաքապետ, Դուք ստանձնել եք պարտավորեցնող մի հանձնառություն, որն իրագործելի է միայն հայրենասիրությամբ և ինքնանվիրումով: Մեր մաղթանքն է, որ Ձեր հոգածության և նվիրումի շնորհիվ երևանցին ամեն բացվող օրվա մեջ ըմբոշխնի շեն և բարեզարդ, անասելի հոգեմոտ ու հյուրընկալ Երևանը:
Երևանը մեր տունն է: Մենք նրա զավակներն ենք: Բարօր Երևանի տեսլականն ամենքիս ցանկությունն է: «Միաբանությունը բարի գործերի մայրն է…»,- այս միտքը ձևակերպել և որպես հոգեշահ պատգամ է հղել մեզ մեծն Եղիշեն:Միաբան լինել՝ բարիք գործելու համար. այսինքն՝ այլակերպվել հանունի, ոչ թե՝ ընդդեմի: Լծվել քաղաքամայր Երևանի առավել շենացման և առավել զորացման նվիրական գործին, քանզի մենք մեր տունն ենք կառուցում, մեր բնօրրանը: Եվ թող ո՛չ մի պատնեշ չխանգարի մեր միասնությանը:
Ունենք վերքեր, ունենք ցավեր, ունենք կորուստներ… Եկե՛ք ամոքենք մեր վշտերը, արդ՝ սիրելով զորակցենք բռնի տեղահանված մեր արցախցիներին, կարեկից լինենք, գրկենք նրանց, շիտակ ու անվախ անցնենք փորձություններով լի մեր ճանապարհը:
Երդմնակալության առիթով հղում ենք Ձեզ մեր օրհնությունները և մաղթում առավելագույն կորով ու բարեջանություն՝ Ձեզ բաժին ընկած ծանր լուծը քաղցրությամբ և սիրով կրելու համար: Թող Բարձրյալն Աստծո Աջը հովանի լինի Ձեզ, և թող Սուրբ Սարգսի արագահաս բարեխոսությունը տոգորի Ձեզ՝ Ձեր առաքելությունն անմնացորդ նվիրումով իրագործելու համար: Մենք լծակից ու գործակից ենք Ձեզ: Միաբանվենք հանուն Երևանի և երևանցու. այս կարգախոսով և թելադրությամբ գործենք ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների: Եվ«Թող շնորհի՛ Տերն Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն»(Եփրեմ Ասորի):