Փրկության ենք հասնելու՝ Խաչի միջոցով. Խաչի գյուտի տոն

Փրկության ենք հասնելու՝ Խաչի միջոցով. Խաչի գյուտի տոն

Մահ, վերջակետ, բայց նաև կյանքի սկիզբ է խորհրդանշում խաչը: Այդ պատճառով էլ այն մեզ համար կարևոր նշանակություն ունի: Ասում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ հրավիրելով ամենքին հոկտեմբերի 29-ին մասնակցելու Սուրբ Պատարագին: Այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Խաչի գյուտի տոնը:

 

«Չարչարանքների վերջը փրկությունն է, ինչպես Քրիստոսի պարագայում»: 

 

Օրվա խորհուրդն է: Տեր հայրն ընդգծում է՝ Քրիստոս մեր մեղքերի համար խաչվեց: Կյանքը կառուցենք այնպես, որ մեր սխալների պատճառով Քրիստոսին կրկին խաչին չբարձրացնենք:

 

«Քրիստոս չասաց, որ մեզ հարթ, խաղաղ կյանք է սպասվում: Ասաց՝ մի՛ ընտրեք լայն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, ընտրե՛ք նեղ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում»:

 

Ինչպես Սուրբ Գրքում է նշվում,- «Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10;38)։

 

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը լքված էր: Հռոմի Կլավդիոս կայսեր կնոջ` Պատրոնիկեի միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից: Որոշելու համար, թե որն է Քրիստոսինը՝ դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Նա Տիրոջ խաչափայտին հպումից կենդանանում է: Խաչը բարձրացվում է Երուսաղեմի տաճարում։

 

«Գյուտ, այսինքն՝ Քրիստոսի խաչափայտի հայտնաբերումը, բացահայտումը, որի շնորհիվ շատ մարդիկ ընդունում են քրիստոնեությունը: Խաչափայտը վերադարձվում է քրիստոնեական համայնքին»:

 

Խաչափայտը շուտով կրկին հայտնվում է լքված վիճակում: Այս անգամ այն գտնվում է Կոստանդիանոս Մեծ կայսեր մոր՝ Հեղինեի ջանքերով: Խաչափայտի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա: Նա սկզբում ընդդիմանում, սակայն վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո՝ ցույց է տալիս տեղը: Երբ աղբի տակից գտնվում են խաչերը, հնարավոր չէր տարբերել Տիրոջ խաչափայտը։ Այս անգամ էլ հպումից կենդանանում է մի պատանի: 

 

«Քրիստոնեական խաչափայտը վերջնականորեն տրվում է քրիստոնեական համայնքին»:

 

Խաչով սպանեցին Տիրոջը, այն մահվան գործիք էր, չարչարանքների սկիզբը, բայց Քրիստոսի շնորհիվ այն վերածվեց փրկության գործիքի: Նշում է հոգևոր հովիվը:

 

«Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի»։ (Հովհաննես 3;16-17)

 

Խաչը դարձավ մեղքի ու մահվան դեմ տարված հաղթանակի զենքը, ճանապարհ՝ ժառանգելու հավիտենական կյանքը։

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված ևս երեք տոն ունի՝ Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:

 

Անի Ավագյան

 
  • 2023-10-28
×