Լույսի ու հույսի իր շողը. հավատում եմ, կարող եմ

Լույսի ու հույսի իր շողը. հավատում եմ, կարող եմ

Ծանր ապրումներ, բայց ուժ գտնելու, չհուսահատվելու կոչ, լույս կարելի է տեսնել՝ որդուն փնտրելիս, սպասելիս ստեղծված աշխատանքներում:

 

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվոր Ռոբերտ Ասմարյանի մայրը որդուց դեռ տեղեկություն չունի: Որոշել է չհանձնվել: Սպասումից չխելագարվելու համար՝ սկսել է ստեղծագործել, որ որդու լույսը տարածի: 

 

Հավատում է ու սպասում:

 

 

Լույսի իր շողը

 

 

Ռոբերտի սենյակում՝ տղայի ջերմությունը զգալով` վերցնում է թել, ասեղն ու սկսում գործը:

 

«Ամեն աշխատանքի մեջ լույս եմ դնում, Ռոբիս լույսն է, ինքը շատ լուսավոր է»:

 

Մասնագիտությամբ բուժաշխատող Զառա Զաքարյանն ինքնուս է: Երբեք չէր էլ մտածի, որ մի օր իր գործերը մարդկանց հույս կփոխանցեն: Ունի գոբելենի գործվածքներ, ասեղնագործ ու հելունագործ աշխատանքներ, կոլաժներ՝ անպետք թվացող իրերից: Առաջին գործը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տեսարանն է եղել, քանի որ սպասում է Ավետման բարի լուրին:

 

 

Հասկացել է, որ ժամանակը պետք է ճիշտ օգտագործի: Իրենց տան պատերն այժմ զարդարում են տարբեր թեմաներով գործերը, հիմնականում՝ հոգևոր: Գորշ գույներ այնտեղ չես գտնի: Ստեղծագործությունները հաճախ է նվիրում եկեղեցուն, հոգևոր սպասավորների, նաև այն մարդկանց, որոնք այս ընթացքում հարազատ են դարձել, իր հետ միասին հավատացել են՝ Ռոբերտը տուն է գալու:

 

«Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս՝ ամուսինս, աղջիկներս ու Ռոբը»:

 

Աշխատանքները մոտ մեկ տարի առաջ ներկայացրել է «Լույսի իմ շողը» խորագրով անհատական ցուցահանդեսին՝ նվիրված որդու ծննդյան 25-ամյակին։ Ցուցադրությունը կոչ էր՝ չհանձվելու: Իր կարգավիճակն ունեցող մայրերին հորդորում է՝ բաժին հասած ճանապարհը մինչև վերջ պատվով անցնել:

 

«Ուժ եկավ ինձ վրա, օր ու գիշեր անընդհատ ստեղծագործում էի, ստացվեց ցուցահանդեսը: Ես ուզում էի ցույց տալ, որ մարդիկ չպիտի կոտրվեն, հանձնվեն, պիտի սպասեն: Մի տարի է անցել ցուցահանդեսից, բայց հավատքս կրկնապատկվել է»:

 

Ցուցահանդեսի խորագիրը Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից է։ Իր լույսի շողը որդին է: Պատմում է, որ Ռոբերտը շատ բարի ու պարզ մարդ է:

 

Զառայի գործերում հաճախ կարելի է հանդիպել թռչնի՝ լայն բացած թևերով: Հեղինակն այն իրեն է նմանեցնում:

 

«Գալու է այդ օրը, ես իմ թևերը լայն բացելու եմ, ճախրելու եմ»:

 

 

 

 

Արիաբար հաղթահարենք բաժին հասած փորձությունը

 

Պատերազմի ընթացքում մի անգամ Ռոբերտը զանգել է ու ասել, որ երբ հետ գա, կյանքի մնացած դժվարությունները հեշտ են հաղթահարելու։ 

 

Զինվորի մայրը ուզում է տղայի պես արիաբար հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունը։ Ասում է՝ շատ դժվար է, երբեմն անտանելի, բայց իր հավատքն ավելի հզոր է:

 

Իրենց ընտանիքում գիտեն պայքարել: Տարիներ առաջ մեծ դստերը՝ Իռենին, բժիշկները ապրելու հույս չէին տալիս:

 

«Ես Իռենին ամեն օր գրկում էի ու ասում, Աստված իմ ես պատրաստ եմ՝ բոլոր դժվարությունները անցնելու, միայն թե Իռենին պահի»:

 

Մեծ դժվարությունները հաղթահարել են միասին: Այժմ աղջիկն ունի հաշմանդամություն, բայց ապրում է, ստեղծագործում է:.

 

 

Փորձություն՝ հավատն ամրացնելու համար

 

Զինվորի մայրը օրը սկսում է աղոթքով ու այդպես էլ ավարտում: Մասնակցում է անհետ կորած ու գերևարված զինվորների ու նրանց հարազատների համար կազմակերպած ուխտագնացություններին:

 

«Սա փորձություն է, որ ավելի ամրացնեմ հավատս: Եկեղեցին ինձ ավելի զորացրեց»:

 

Այժմ այլ կերպ է հասկանում նաև Սուրբ Պատարագի խորհուրդը: Աստծո Հաղորդությունը ստանալուց հետո՝ տուն է գնում ավելի զորացած, ուժ ու հույս ստացած:

 

Անի Ավագյան

 
  • 2023-11-01
×