Այսօր՝ նոյեմբերի 2-ին առավոտյան ու երեկոյան ժամերգություններին հնչող բոլոր շարականները նվիրված են եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերանին:
Հայրապետի հիշատակության օրն է:
Ժամանակին նրան «Ոսկեբերան» տիտղոսին են արժանացրել սքանչելի ու պերճախոս քարոզների համար: Հայրապետին տրված էր հատուկ աստվածտեսության շնորհ: Ընդգծում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե Հայրապետյանը:
Հայրապետը, սակայն, բազմիցս հալածվել է:
Հալածանքներ՝ քննադատելու համար
Ծնունդով հույն Հովհան Ոսկեբերանն իր հիմնական գործունեությունը ծավալել է ժամանակի Կոստանդնոպոլսում: Ծնվել է 347 թվականին Անտիոքում: Ուսում է ստացել տեղի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Երիտասարդ էր, երբ իրեն նվիրեց ճգնավորական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից`քահանա: 398 թվականին ընտրվել է Կոստանդնոպոլսի պատրիարք՝ ձեռնարկելով մայրաքաղաքի բարեկարգումը:
Տեր Շահեի խոսքով՝ Հովհան Ոսկեբերանը շարունակ քննադատել է տեղի տարածված անբարոյականությունը, արքունական զեխ կյանքը, որի պատճառով էլ արժանացել է մերժողական վերաբերմունքի:
«Հալածվել է տեղի աշխարհիկ իշխանների կողմից, շարունակ ենթարկվել է պախարանքների, բամբասանքների՝ նույնիսկ տեղի կրոնավորների կողմից»:
Քահանայի խոսքով՝ նրա առաջին հալածողներից էր իշխանուհին, որին թույլ չէր տալիս բաց զգեստով տաճար մտնել: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս եկել նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը:
«Իշխանուհին որոշում է ստեղծել մթնոլորտ, ըստ այդ մթնոլորտի՝ աքսորել, հեռացնել Ոսկեբերանին»:
403 թվականին եկեղեցական ժողովի կողմից 29 մեղադրանքներով աքսորման հրաման է տրվում, սակայն այդ գիշեր տեղի ունեցած հրդեհների ու երկրաշարժի պատճառով՝ կայսրուհին նրան ետ է կանչում:
Հովհան Ոսկեբերանը շարունակում է քննադատել: Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են տալիս:
Նա վտարվում է Պոնտոս:
Պատասխաններ՝ Ոսկեբերանի գործերում
Տեր Շահեն ընդգծում է՝ հայրապետը գալիս է հայոց աշխարհ ու հայտնի է իր «Ներբող Սուրբ Գրիգոր Լուսավորչին» գործը: Ոսկեբերանի մատենագրական վաստակը հարուստ ու բազմաժանր է: Պատմության մեջ իրենց կարևոր հետք են թողել իր մեկնությունները, ճառերը, ներբողները, թղթերը: Գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:
Քահանայի խոսքով՝ Ոսկեբերանի ամեն մի գործը կարծես մեր այսօրվա կյանքի, բարոյականի, մտածումների ուղղումը լինի:
«Այսօրվա շփոթների պատասխանը ամբողջը կա Ոսկեբերանի գործերում:»
Տեր Շահեն ցավով ընդգծում է, որ Ոսկեբերանից պատառիկներ են մեզ հասել: Կարծում է, որ այսօր Մատենադարանը մեծ աշխատանք ունի կատարելու, որ ոչ միայն գիտնականները Ազգային գրադարանում կամ Մատենադարանում փնտրեն, գտնեն հայրապետի գործերը, այլև դրանք հասանելի լինեն այսօրվա ընթերցողին: Մարդիկ կարիք ունեն դրանք ուսումնասիրելու:
«Այսօր հիշատակելով Ոսկեբերանին՝ որպես կրոնավոր, որպես հայրապետ՝ մենք մեծացնում ենք մեր անձը: Աստծո կողմից մեծ բարեխոս էր նա նաև այն մարդկանց համար, որոնք աղոթք են ուղղում Ոսկեբերանի անունով՝ դեպի երկինք, դեպի Քրիստոս»:
Հայրապետի արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: Նա նահատակվում է 407 թվականին Կոմանա քաղաքում: 438 թվականին նրա մարմինն ամփոփվում է Կոստանդնոպոլսի Ս. Առաքելոց եկեղեցում:
Անի Ավագյան