Ընտանիքը փրկության համար է. բաժանությունները չեն խրախուսվում

Ընտանիքը փրկության համար է. բաժանությունները չեն խրախուսվում

«Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»: Ժամանակին նշել է Մուրացանը: 


Այսօր ընտանիքի մասին պատկերացումները տարբեր են՝ երբեմն քրիստոնեական ընտանիքին հակասող: Բաժանությունները շատ են, մինչդեռ եկեղեցին չի խրախուսում դրանք: 


Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ ընտանիքը նախ մարդու փրկության համար է, ընդգծում է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը: 

 

Ավանդական ընտանիք, թե՞ 

 

Մարդիկ, հաճախ խոսելով ավանդական, հայկական ընտանիքի մասին, նկարագրում են միջնադարյան իսլամական ընտանիքի՝ ոչ քրիստոնեական, որտեղ կինը չունի իրավունքներ: Մինչդեռ մեր հասարակության, քրիստոնեական ընկալման մեջ կնոջ դերը միշտ եղել է ամենաբարձրը, նկատում է Տեր Տիգրանը: 


«Հայ եկեղեցում կինը երբեք ստորադասված չի եղել»: 


Կնոջ դերի բարձր լինելու վառ ապացույցն են տարածված խոսքերը, օրինակ՝ մայրը սրբություն է: Հենց քրիստոնեությունն է նպաստել իգական սեռի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը:


«Ժամանակակից աշխարհում կնոջ դերը ունենք գլխավորապես քրիստոնեության շնորհիվ, Պողոս առաքյալն էր ասում՝չկա տարբերություն՝ արուի և էգի»:


Քահանան ընդգծում է՝ պետք չէ խառնել տարբեր ազգերի պրակտիկան քրիստոնեական վարդապետության հետ: Եվրոպայում միջնադարում կանայք չունեին դեր, մինչդեռ մեր պատմական աղբյուրներում նշված է՝ 16-17-րդ դարերում տղամարդիկ ու կանայք ճաշում էին միասին: 


Քրիստոնեական ընտանիք. մեկ լինելու պատրաստակամություն


Հին Կտակարանում ընտանիք կազմելու գլխավոր նպատակը որդեծնությունն էր, նշում է Տեր Տիգրանը: Նոր Կտակարանում ընտանիքի հիմքում սերն է։ 


«Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է»: (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:8)


Ըստ քահանայի՝ «Աստվածաշնչյան սերը միության, մեկ լինելու պատրաստակամությունն է»: 


Այսինքն՝ չունենալ առանձին շահ, նպատակ, ունեցվածք: Ընտանիք ձևավորում են տղամարդն ու կինը: Կնոջ հավատքը կարող է փրկել ամուսնուն, ամուսնու հավատքը՝ կնոջը, իսկ երեխան լցնում է ընտանիքը:


«Ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ չունեն մեկ լինելու ցանկություն: Ապրում են մեկ հարկի տակ, նույն կենցաղով, բայց իրենց զգում են օտար»:


Քահանան հիշեցնում է Բարսեղ Կեսարացու ճառը, ըստ որի՝ ընտանիքը Աստծո Արարչության մանրակերտն է, Աստծո եկեղեցին, և եկեղեցու քահանան կինն է:


«Երբ մարդիկ մտնում են եկեղեցի, տեսնում քահանաներին, կարող է տպավորություն լինել, թե նրանք այդ ամեն ինչի տերն են, բայց քահանաները ծառայում են: Նույնը ընտանիքում է»:


Առաջին տպավորությամբ կինը ամեն ինչ տերն է. կենցաղի հոգածուն է, բայց իրականում ամուսնու հետ ունի նույն նպատակի համար գործելու պատրաստակամություն:


«Երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։» (Մարկ 10։8):


Ըստ Տեր Տիգրանի՝ առաջին ընտանիքը ստեղծվեց, երբ մարդիկ վտարվեցին դրախտից: Աստված մարդուն տվեց աշխատանք՝ ավելի լավը դառնալու, Աստծո պատկերը վերականգնելու համար և կողակից՝ անձնային հատկանիշները փոխելու համար:


«Կին-տղամարդ հարաբերությունները մեզ ավելի մոտ են դարձնում Աստծուն: Աստծուն չտեսնելով սիրելու համար՝ պետք է նախ կարողանալ սիրել մերձավորին, որին տեսնում ես: Ըստ էության՝ Նոր Կտակարանում օգտագործվող մերձավոր բառը նկատի ունի ընտանիքի անդամին»: 


Անընդունելի բաժանություններ և բացառություններ


Եկեղեցին չի խրախուսում բաժանությունը, որովհետև ինքդ քեզնից բաժանվել չես կարող, նկատում է քահանան: 


«Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկ․ 10։7-9):


Բաժանությունները թույլատրվում են մի քանի դեպքում: Օրինակ՝ երբ կողակիցն անհետ կորած է, 7 տարի նրանից լուր չկա, ունի հոգեկան անբուժելի հիվանդություն, և նրա հետ ապրելը կյանքի համար սպառնալիք է։ Թույլատրվում է նաև մահվան դեպքում: Այդ ժամանակ երկրորդ անգամ ամուսնությունը խրախուսվում է, երբ կան խնամքի կարիք ունեցող մանկահասակ երեխաներ:


Անի Ավագյան

 
  • 2023-11-14
×