Ձեռնադրության խորհուրդն Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկությունը քարոզելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է: Ձեռնադրության փոխարեն ասվում է նաև «Կարգ քահանայության» կամ «Խորհուրդ կարգի», որովհետև Եկեղեցում քահանայության աստիճանն է, որ իրավունք է տալիս ընծայվածին՝ կատարելու խորհուրդները։ Այս խորհուրդը, ինչպես Մկրտության ու Դրոշմի խորհուրդները, համարվում է անկրկնելի և անջնջելի: Ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն: Ձեռնադրության խորհրդի մասին սուրբ Հովհան Մանդակունին ասել է. «Քահանան ամենակալ Աստծու հրեշտակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, Ով նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը»:
Ովքեր ցանկանում են նվիրվել աստվածային ծառայության, անպայմանորեն պետք է համապատասխանեն հետևյալներին․ չափահաս լինեն, ինչպես նաև մարմնական, մտավոր և հոգեկան անթերի վիճակ ունենան, կոչմանը համապատասխանող մտավոր և հոգևոր պատրաստվածություն ունենան, հարմար և արժանավոր լինեն աստվածային պաշտոնին, անձնական կամ ներքին վկայություն ունենան իրենց արժանավորության մասին, ինչպես նաև՝ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից։
Ձեռնադրությունը կատարվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով: Ամփոփ կերպով ներկայացնենք, թե ինչպես է կատարվում ձեռնադրությունը: Եպիսկոպոսը հրապարակային քննությամբ ստուգում է ընծայլյալի արժանավորությունը՝ վերոհիշյալ հինգ կետերի համաձայն, ապա մասնավոր քննության է ենթարկում նրա հավատքի և դավանանքի ուղղափառությունը։ Կատարվում են աղոթքներ, ընթերցվածներ Սուրբ Գրքից և երգվում շարականներ։
Այնուհետև տեղի է ունենում Ձեռնադրությունը և քահանայական զգեստավորումը։ Խորհուրդն ավարտվում է օծմամբ, որով և նվիրագործվում է Ձեռնադրությունը: Ձեռնադրվածին տրվում է իր քահանայական անունը։
Ձեռնադրության խորհուրդի մասին տեղեկանում ենք Հին Կտակարանից, որը հաստատվել է Աստծո կողմից: Նա հրամայում է Մովսես մարգարեին, որ Հեսուին ձեռնադրի և իրեն հաջորդ նշանակի, որպեսզի նա, իմաստության հոգով լցվելով, կարողանա առաջնորդել Իսրայելի ժողովրդին: «Ապա փչեց նրանց վրա և ասաց.- Առե՛ք Սուրբ Հոգին. եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհաննես 20.22-23): Այս խոսքերով Քրիստոս աստվածային այդ իշխանությունը տվեց Իր աշակերտներին: Նրանց տվեց իշխանություն՝ քարոզելու, բժշկելու, դևեր հանելու (Մատթեոս 10.1-8), մեղքերին թողություն տալու, արձակելու և կապելու (Մատթեոս 16.19), Սուրբ Հաղորդության խորհուրդը կատարելու (Ղուկաս 22.19-20), ավետարանելու, մկրտելու (Մատթեոս 28.19-20), դրոշմելու: Այսպես կազմվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը, որն ունի ինը աստիճան. դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը` մեծ աստիճաններ: Քահանայության աստիճանից սկսած՝ արդեն իսկ կատարվում է ձեռնադրություն և օծում։
Առաջին ձեռնադրվածները՝ Քրիստոսի առաքյալները, իրենց տրված պատասխանատվությունն ու իշխանությունը փոխանցեցին իրենց անմիջական հաջորդներին, ինչպես պատվիրել էր Միածին Որդին՝ ասելով․ «Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.19-20): Առաքյալները ձեռնադրեցին սարկավագներ, քահանաներ և եպիսկոպոսներ՝ այսկերպ կազմելով և շարունակելով եկեղեցու նվիրապետական կարգը, որը պահպանվում է առ այսօր։
Պատրաստեց
Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ