-Տեր եմ,
-հնազանդ եմ:
Խոստանում են զույգերը՝ ընտանիք կազմելու, մեկ դառնալու համար, բայց գիտե՞ն՝ ինչպես:
Մարդիկ երբեմն մտածում են, թե փեսան պետք է միշտ հրամաններ տա, որովհետև տեր է, հարսն էլ շարունակ կատարի դրանք, որովհետև երդվել է, որ հնազանդ է:
«Պսակի ժամանակ ամուսնուն ու կնոջը տրվող այս հարցերը դեղատոմսեր են, որոնք պիտի օգնեն փրկվել»:
Նշում է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:
Այդ խոստումով մարդիկ համաձայնվում են գործել, ապրել նույն նպատակի համար: Տղամարդը պետք է տեր լինի կնոջը, այսինքն՝ խնամի, հոգ տանի, իր վրա վերցնի պատասխանատվությունը, կինն էլ աջակցի նրան:
Սուրբ Պողոս առաքյալն ասում է.
«Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում:» (Եփես. 5:24-28):
Քահանայի խոսքով՝ Ադամն և Եվան տեր ու հնազանդ չեղան:
«Եվայի մեղքն այն էր, որ չհնազանդվեց ամուսնուն: Աստված խոսել էր Ադամի հետ: Եվան պատվիրանի մասին լսել էր Ադամից: Հնազանդ չեղավ, իսկ Ադամը տեր չեղավ այն պատվիրանին, որ տվել էր իրեն Աստված, հետևողական չէր՝ տիրոջ պատգամները կատարելու»:
Ադամը դատապարտվեց՝ իր քրտինքով աշխատելու, բայց այն Տեր Տիգրանն անվանում է բուժման գործընթաց:
«Փրկությանը հասնելու համար՝ կինը պետք է հնազանդություն դրսևորի: Այն ոչ թե նշանակում է ստրկություն, այլ այս միության պատրաստակամությունը»:
Եթե չլինեն պատասխանատվությունն ու հնազանդությունը, կինն ու տղամարդը կվերածվեն զույգի, որն ունի զուտ ֆիզիոլոգիական պարտավորություն, իսկ հոգեկան կապը բացակայում է: Կարծում է քահանան: Կինն ու տղամարդն ունեն տարբեր դերեր, բայց որևէ մեկը մյուսից առավել չէ: Դերերը բաշխված են՝ ըստ շնորհների: Ում, ինչքան տրված է, այնքան էլ պահանջվելու է: Տղամարդուն տրված է շնորհ՝ տեր, պատասխանատու լինելու, կնոջը՝ շնորհ՝ խնամելու:
«Այն, ինչ ունենք մեր կյանքում, ունենք հանուն մեր փրկության՝ հայրենիքը, լեզուն, ընտանիքը»:
Կարևոր է, որ ընտանիքը ստեղծված լինի սիրո հիմքով, որտեղ միմյանց լրացնում են:
«Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ․ 15։17)։
Անի Ավագյան