Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երկրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երկրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Արարչության երկրորդ օրում ստեղծվեց հաստատությունը (* երկինքը)` բաժանելու վերին ջրերն այն ջրերից, որ ներքևում՝ այստեղ են. երկինքն առաջացավ Արարչի խոսքով (Ծննդոց 1.6-8): Հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունն անհաս է մարդկային մտքին, նույնպես և այստեղ հրեշտակների զորքերին անհաս է և ծածուկ Աստծո մարդեղության խորհուրդը` մեր փրկության համար: Այն ժամանակ, առաջին արարչությունում, արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության տոնախմբության երկրորդ օրը, որ կրկին արարչագործություն է, կատարվում է Ս. Ստեփանոսի հիշատակը բազում պատճառներով:

 

Նախ, որովհետև առաջին սարկավագ ձեռնադրվեց մեր մեծ քահանայապետ Քրիստոսին Նրա առաքյալների կողմից: Արդ, ճշմարիտ քահանայապետի հայտնվելու պատճառով հարկ էր, որ մի սարկավագ լիներ սպասավորության մեջ Նրա մոտ: Երկրորդ, ինչպես որ առաջին սարկավագ էր, նույնպես և առաջին զինվոր ընտրվեց Ս. Ստեփանոսը մեր բնությունից` մեր թագավոր Քրիստոսի Աստծո համար` լինելու վկա, սարկավագ և զինվոր Նրա անմահ թագավորության: Արդ, Ճշմարիտ Թագավորի երևալու հետ, հարկ է և զինվորին լինել Նրա առջև: Երրորդ, մեր Փրկչի խոստման պատճառով, Ով ասաց Իրեն սիրողների մասին հանդերձյալ կյանքում. «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ պաշտոնյան կլինի» (Հովհաննես 17.24), այսինքն, Նրա սիրելիները կվայելեն Իր աստվածության պատիվն ու փառքը: Այս խոստումը մասնավորապես պիտի կատարվեր այստեղ:

 

Քանզի մեր Փրկչի հայտնությունը բոլոր քրիստոնյաների կողմից փառավորությամբ պատվելու հետ մեկտեղ արժան էր և ծառային իր Տիրոջ հետ պատվել և Ճշմարիտ Վկայի` Քրիստոսի հետ` առաջին վկային, ով վկայեց Պոնտացի Պիղատոսի առջև: Եվ զինվորին` թագավորի հետ, սարկավագին` քահանայապետի հետ, աշակերտին՝ վարդապետի հետ: Որպեսզի ծառայի պատիվը տիրոջ պատվի հետ տեսանելի լինի, բոլորը, քաջալերվելով, հոժարությամբ դիմեն նրա ետևից` հասնելու այն սքանչելի պատվին: Բայց զարմանալի է չորրորդ պատճառը, քանզի երբ Ադամը հանցանք գործեց՝ մեղանչելով, նրանից ծածկվեց Աստծո փառքի տեսությունը, ու նրա համար փակվեց երկինքը և նրանից հետո՝ նրա բոլոր ծնունդների համար. դրա նմանությունը ցույց տվեց Աստված` տարածելով հաստատությունը:

 

Այժմ Աստված իջավ երկնքից մարդկանց փրկության համար, որպեսզի մարդկային բնությունը բարձրացներ Իր աստվածային բնության: Թեպետ Աստված, մարդանալով, իջավ երկնքից` մեր բնությամբ երկնքի մուտքի փակվելու պատճառով, սակայն պետք էր, որ մեկը մեր տկար և հաղթված բնությամբ հայտնվեր քաջությամբ, արիանար ու բացեր երկնքի մուտքը, որը փակվեց Ադամի մեղքով:


Դրանով էր սկիզբը ողորմության և շնորհների, որ Ս. Ստեփանոսի միջոցով եղավ, ով իր նահատակության ժամին աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ահա´ տեսնում եմ երկինքը բացված» (Գործք Առաքելոց 7.55). հայտնի է, որ այն փակվել էր Ադամի հանցանքով: «Եվ տեսնում եմ Հիսուսին, որ կանգնած է Աստծո աջ կողմում» (Գործք Առաքելոց 7.55): Նույն այս տեսությունն էր, որ ծածկվեց Ադամից, և այս նույնը երևաց մեծ Ստեփանոսին՝ իր աստվածային փառքով: Որը ոչ ոք մարդկանցից չտեսավ նույնպես հայտնապես` Աստծո փառքի տեսությունը, մինչև Ս. Ստեփանոս: Ապա ուրեմն, հիրավի այս երկրորդ օրը նա պատվվում և մեծարվում է իր Տիրոջ հետ միասին. քանզի իր նահատակությամբ երկնքի երկրորդ բացումն արեց, երկնքի մուտքը բացեց մարդկանց համար: Քանզի Քրիստոսի երկինք համբարձվելուց հետո, երբ բացվեց երկնքի դուռը, նախ Ս. Ստեփանոսը Քրիստոսից հետո ելավ երկինք և ամենքին հորդորեց հոժարությամբ ու սրտի մտքով գալ նրա ետևից: Եվ նրա դեմքի լուսավորությունը հայտնում էր Սուրբ Հոգու միանալն Իր ծառային: Հիսուսի՝ Իր ծառային կանգնած սպասավորելը քաջալերելու և լուսո պսակը ցույց տալու համար էր:

 

Քրիստոսի մկրտությամբ բացվեց առաջին երկինքը, և Նախավկայի նահատակությամբ բացվեց երկրորդ երկինքը: Արդ, երբ երևաց մեզ մոտ Աստված մարդացյալ, տոնախմբությամբ երևում է մեզ մարդն աստվածացյալ, հիշատակով ծառայի` Տիրոջ հետ պատվված և փառավորված տեսնելով:
Այդ պատճառով մեր բնության նորոգման երկրորդ օրը հիշատակում ենք Ս. Ստեփանոս Նախավկային և Ս. Կարապետ Հովհաննեսին` Քրիստոսի մկրտչին: Որովհետև երկնքի առաջին բացումը Ս. Հովհաննեսը տեսավ, և ապա երկրորդը` Ս. Ստեփանոսը` Քրիստոսի մեր Աստծո Նախավկան:

 


Ճշմարիտ Աստված, շնորհիվ Քո Նախավկա Ս. Ստեփանոսի ամենահանդես տոնի ողորմի´ր այս գիրը կարդացողին:

  • 2021-08-09
×