Քանի՞ անուն կարող է ունենալ մարդը

Քանի՞ անուն կարող է ունենալ մարդը

Անունը բովանդակում է մարդու «էությունը»։ Հրաչյա Աճառյանի «Հայերենի արմատական բառարանում» անուն բառը ներկայացվում է որպես «էություն ունեցող»։ Ժամանակին նորածինների անուններն ընտրելիս հաշվի էին առնում, թե ինչպիսին են ուզում տեսնել երեխային՝ քաջ, գեղեցիկ, ազնիվ, առատաձեռն, սրատես։ Նրանց կոչում էին նաև ծնողների, սիրելի ազգականների անուններով՝ փորձելով նրանց անձի մեջ ապրեցնել իրենց ծնողներին, սիրելի մարդկանց:  Անուններն ընտրելիս երբեմն ծնողները հաշվի են առնում՝ ականջին հաճելի լինելը: Եթե ուշադիր լինենք, թե որ ժամանակներում, ինչ անուններ են առավել տարածված եղել, կարելի է գրանցել հետաքրքիր փաստեր։ Օրինակ՝ 90-ականներից հասարակության մեջ սկսեցին հայտնվել սերիալների, ֆիլմերի հերոսների անուններ, ինչպես խորհրդային տարիներին շատ էին բոլշեւիկների անունները։ Արցախյան առաջին պատերազմից հետո շատ են Նժդեհ, Մոնթե անունները, քանի որ այդ անձանց նկատմամբ հետաքրքությունը մեծ է: 

 

Մինչեւ 20-րդ դարի սկիզբ, քրիստոնյա աշխարհում սովորաբար նշում էին ոչ թե ծննդյան օրը, այլ՝ անվանակոչության։ Դա փոփոխվող օր է, նշվում է իր անվամբ սրբի հիշատակության տոնին։ Հնում ընդունված էր իրենց անվանակոչության տոնին այցելել եկեղեցի, Սուրբ Հաղորդություն և օրհնություն ստանալ։ Այսօր աստիճանաբար վերականգնվում է այդ սովորությունը, չնայած դեռ շատերը չեն, որ անվանակոչության տոնը իրենց ծնդյան տոնի նման են նշում։ Եթե որևէ մեկը կրում է սրբի անուն, դա առիթ է անդրադառնալ այդ սրբի կյանքի օրինակին, նրանից սովորել և նրա բարեխոսությանը դիմել։

 

Անուն տալը քրիստոնեության մեջ համադրվում է հին հրեական սովորության հետ, որի համաձայն՝ նորածինը անուն չէր ունենում՝ մինչև 8-րդ օրը նրան տաճար տանելը։ Ավետարանում պատմվում է, թե ինչպես ծնունդից 8 օր անց ծնողները Քրիստոսին տարան տաճար ու անվանակոչեցին Հիսուս։ Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը։ Սա անշարժ տոն է։ 

 

Երեխային մկրտում են 8 օրականից սկսած, չնայած Քրիստոս մկրտվեց, երբ դարձավ 30 տարեկան։ Հենց իր ծննդյան օրը Սուրբ Հովհաննես Մկրտիչը Նրան մկրտեց Հորդանան գետում։

 

Քանի որ հիմա ոչ բոլորն են մկրտվում ու անուն ստանում ծննդյան 8-րդ օրը, մեծ տարիքում են մկրտվում, արարողության ժամանակ կարող են նոր անուն ստանալ։ Մկրտության ժամանակ մարդը խորհրդանշորեն մահանում է, ապա վերածնվում որպես նոր մարդ, այդ իսկ պատճառով ստանում է նոր անուն, մաքրվում է ինչպես ադամական, այնպես էլ մինչև մկրտությունը գործած մեղքերից և խնդրում Աստծուն ներել դրանք։ Մկրտվողի անունը կարող է նույնը մնալ։ 

 

Մկրտության ժամանակ նոր անուն դնելը մկրտվողի, կնքահոր կամ ծնողների ցանկությունն է։ 

 

Հոգևորականները նույնպես, օծման ժամանակ ստանում են նոր անուն:

 

Ըստ եկեղեցական օրենքի՝ ձեռնադրությունից հետո հոգևորականին իր նախկին անուններով դիմել կարող է միայն նրա մայրը։ Անգամ հայրը, եղբայրը, քույրը նրան դիմում են որպես հոգեւորականի: Ամուսնացյալ քահանաների կանայք էլ ամուսիններին դիմում են՝ Տեր Հայր, քանի որ ինչպես մկրտության, այնպես էլ հոգևորական ձեռնադրվելիս նախկին մարդը խորհրդանշորեն մահանում է, ծնվում է նոր մարդը։ 

 
Ռուզաննա Հարությունյան

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ ուսանող

 
  • 2023-12-04
×