Աստվածաբանությունը հոգու մասին է, հոգեբանությունը` հոգեկանի

Աստվածաբանությունը հոգու մասին է, հոգեբանությունը` հոգեկանի

Ինչպե՞ս են կրոնն ու հոգեբանությունը մեկնաբանում ներողամտությունը, մեղքի զգացումը, ազատ կամքի ընտրությունը, բացասական մտքերը, ապաշխարումը և աղոթքը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար՝ զրուցել ենք Հոգեկան առողջության ասոցիացիայի անդամ Զառա Հակոբյանի, հոգեբան էլոննա Ավետիսյանի, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ Գայանեի հետ։

 

Ս. Անանիայի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ հավաքվել էին Սուրբ Զորավար եկեղեցում` մասնակցելու Ս. Պատարագի։ Երբ առավոտյան  ժամերգությունն ավարտվեց, ուխտավորները հերթով մոտեցան խորանին դրված Ս. Անանիայի մասնատութ-աջին` նրա օրհնությանն ու զորությանը հաղորդակից լինելու համար։ Այդ ընթացքում սպիտակ գլխաշորով մի կին մոտեցավ մուտքի մոտ դրված սեղանին, վերցրեց գրիչն ու թղթի վերևում գրեց` հոգեհանգիստ, ներքևում` մարդկանց անուններ։ Թուղթն ամուր պահեց ձեռքում` քահանային փոխանցելու նպատակով։ Այդ կինը Գայանեն էր։ Մինչ հերթը կհասներ Գայանեին, մեր խնդրանքով նա պատմեց դեպի հավատք գալու իր ճանապարհի մասին։

 

Գայանեն ծնվել է խորհրդային տարիներին, հայկական ավանդական  ընտանիքում։ Թեև նրա հայրը կոմունիստական կուսակցության անդամ է եղել և հազվադեպ է եկեղեցի այցելել, Գայանեն մանկուց հավատացել է Աստծուն` շնորհիվ իր տատիկի։

 

-Տատս ամեն անգամ արտասվում էր հոր` Շիրակի քահանա Տեր Բաբկենի մասին խոսելիս, ում տարիներ առաջ Սիբիր էին աքսորել։ Փոքր ժամանակ միշտ թաքնվում էի ու դռան արանքից հետևում` ինչպես է քնելուց առաջ տատս խաչակնքվում ու աղոթում: Այդ տեսարանը դաջվեց սրտումս մեկընդմիշտ,- պատմում է նա։

 

Գայանեն ասում է, որ թեև մանկուց սիրել է եկեղեցի գնալ, մասնակցել ծիսակատարություններին, բայց հոր մահն է նպաստել դարձի գալուն։

 

- Ասում են` լավ է քնի մեջ հոգին տալը, ցավ չեն զգում, ես այդպես չեմ կարծում. մահանալուց պետք է գիտակցությունը տեղում լինի։ Հայրիկս քնի մեջ մահացավ։ Շատ ծանր տարա նրա կորուստը։ Ուղիղ մեկ տարի Աստծո հետ վիճում էի, չէի համակերպվում։ Այդ բացասական մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։ Շատ ժամանակ է անցել, բայց չեմ կարող իր մասին խոսել և չհուզվել,- ասում է նա և արտասվում։

 

Ըստ Տեր Առնակ Քահանայի՝ բացասական մտքերը առաջին հերթին ծագում են մտքի սխալ աշխատանքից։ Միտքն ունի խնդիր, որի բուժման համար հոգևոր դաշտում հարկավոր է ապաշխարել։ Ավետարանը այդ բացասական մտքերի անտիվիրուսն է, այն հնարավորություն է տալիս մարդուն սկսել մտածել աստվածաշնչյան «սահմաններում», որը ոչ թե սահմանափակում է, այլ նոր ազատություն է տալիս իրեն մտքի խաղաղության և ճիշտ աշխատանքի համար։ Եթե հոգեբանության մեջ միտքը փոխելու համար պետք է այն մեկ ուրիշ մտքով փոխարինել, հոգևոր դաշտում այդ այլընտրանքը մշտական Աստծո ներկայության զգացողությունն է մարդու կյանքում։ 

 

Հոգեբան Զառա Հակոբյանն ասում է, որ նմանատիպ բացասական մտքերը հաճախ հանգիստ չեն տալիս մարդուն, կարող են առաջանալ նույնիսկ առանց ազդակի և բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեկան բարեկեցության վրա։ Սթրեսը, մանկության տարիքում ունեցած վախերը, տագնապները, հարազատ մարդու կորուստը կարող են պատճառ դառնալ, հոգեբանության լեզվով ասած, կպչուն մտքերի առաջացմանը։ Երբեմն այդ մտքերը կարող են անկառավարելի դառնալ և հանգեցնել տագնապային խանգարումների, ճանաչողության ֆունկցիաների խանգարման, անցնել սոմատիկ դաշտ՝ ազդելով նույնիսկ ֆիզիկական առողջության վրա։

 

Շարունակելով մեր զրույցը Գայանեն խոսում է մեղքի զգացման մասին։ Պատմում է, որ երբեմն կարող է մեղք գործել` բարկանալ երեխաների վրա, բայց դա անում է ի շահ նրանց, որ իրենց սխալն ուղղեն։

 

-Մարդիկ անգիտությունից են մեղք գործում, նախ պետք է իմանալ Աստծո խոսքը, պատվիրանները, հետո գիտակցել, որ քո արարքով այն դրժում ես և մեղք գործում։ Իսկ մեղքից ազատվելու մի ճանապարհ կա` ապաշխարել,- ասում է Գայանեն։

 

Տեր Առնակը բացատրում է, որ ապաշխարությունը մտքի փոփոխությունն է։ Հունարեն մեթանոյա բառն է, որը նշանակում է միտքը փոխել, դարձնել դեպի Աստված։ Ապաշխարել նշանակում է մեղքի գիտակցություն, ընդունում, զղջում, խոստովանություն և արձակում այդ մեղքից։

 

Ըստ հոգեբան Զառա Հակոբյանի՝ հենց սխալի գիտակցումն է բերում անձնային աճի, այն կատարելագործում է միտքն ու հոգին։ Պետք է ինքնաքննադատ լինելը, բայց դա չպետք է հասնի ինքնատելության։ Եթե մեղքի զգացումը անընդհատ կրկնվում է, մարդը սկսում է թերարժևորել, պատժել ինքն իրեն, որը բացասական է ազդում մարդու հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով ինքնագնահատականի անկման և դեպրեսիայի։ Իսկ սեփական մեղքերը գիտակցելը բարձրացնում է մարդու ինքնագիտակցության մակարդակը։

 

Գայանեին հարցնում եմ` հեշտությա՞մբ է ներում մարդկանց, որին դրական է պատասխանում։ Ասում է, թե սրտանց կարողանում է ներել իրեն ցավ պատճառող մարդկանց, հատկապես, երբ նրանք զղջում են և ներողություն խնդրում։

 

-Երբ մարդուն հաճելի խոսքեր են ասում, հոգին փառավորվում է: Իրական հավատացյալի հոգին փառավորվում է, նույնիսկ երբ իրեն վիրավորում են: Չի կարելի որևէ մեկին թույլ տալ ներքին խաղաղությունդ խլել։ Մենակ ուժեղն է ներում, թույլը չի կարող,- պատմում է նա։

 

Տեր Առնակն ասում է, որ ներողամտությունը մարդուն մարդ դարձնելու առանձնահատուկ շնորհներից մեկն է. Աստված ինքն էլ ներող է։ Երբ մարդ պատրաստակամ է ներելու, պատրաստ է ինքն իր սիրտը հանգստացնելու, որովհետև ներումը ուղղված է ոչ թե դիմացինին, այլ սեփական անձին։ Բայց ներողամիտ լինել չի ենթադրում արդարության զգացումը կորցնել, մարդը իր մարդկային սահմաններում է ներում՝ իմանալով, որ դատաստան հաստատողն Աստվածն է, և արդարությունն Աստծոնն է։

 

Հոգեբան Զառա Հակոբյանն ասում է, որ հոգեբանության տեսանկյունից ներելը դրական ազդեցություն ունի մարդու հոգեկան առողջության վրա։ Ներելով ներքին աշխարհը մաքրվում է բացասական էմոցիայից։ Երբ մարդը չի կարողանում դիմացինին ներել, նա նախևառաջ վնասում է ինքն իրեն։ Հոգեբանը խորհուրդ է տալիս անկախ ներողություն խնդրել-չխնդրելու հանգամանքից ներել մարդուն։

 

Գայանեն դժգոհում է, որ շատերն են եկեղեցի գալիս, մոմ վառում, բայց նրանցից քչերն են իսկական քրիստոնյաներ։ Ըստ նրա՝ շատերը միայն խնդրանքով են դիմում Աստծուն՝ մոռանալով շնորհակալության մասին։

 

-Մինչև չզղջաս, չապաշխարես, շնորհակալություն չհայտնես, Աստված չտեսնի քո մաքուր սիրտը, ի՞նչ ես խնդրում նրանից: Ես Աստծուց միայն խաղաղություն, արդարություն և երկնքի արքայություն եմ խնդրում, մնացածը Աստված ավելիով կտա մեզ,- ասում է նա։

 

Տեր Առնակն ասում է, որ աղոթքը միայն ճգնաժամային վիճակները հաղթահարելու համար չէ։ Ինչպես հացը` այն չեն ուտում միայն սովի ժամանակ, այն հանապազօրյա պետք է լինի։ Այն գաղափարը, թե աղոթքը շտապօգնություն է դժվարության մեջ, փչացնում է քրիստոնյայի մոտեցումը, և Աստված նրա համար դառնում է միայն պատվերներ կատարող։

 

Հոգեբան Զ. Հակոբյանն ասում է, որ աղոթքը թերապևտիկ ազդեցություն ունի։ Այն հոգեբանության տեսանկյունից հազվագյուտ միջոց է, տեխնիկա՝ խորապես փոխելու մարդու կոգնիտիվ մտածողությունը։ Աղոթքի ընթացքում մարդու գլխում առաջանում են դրական հույզեր, էմոցիաներ, որոնք էլ բերում են ներքին հանգստության։

 

Գայանեն ասում է, որ չի հավատում ճակատագրին, ըստ նրա, յուրաքանչյուրն ինքն է պատասախանատու իր կայացրած որոշումների համար:

 

-Յուրաքանչյուր գիտակից անձ պետք է հասկանա, թե ինչից է ինքը բաղկացած` մարմին, հոգի, միտք։  Ասում են` ճակատիս գրած էր։ Գրա՞ծ էր, փոխի, այս ճակատի հետևում ուղեղ կա, ինչի՞ համար է,-ասում է նա։

 

Տեր Առնակը մեկնաբանում է, որ ազատ կամքի գաղափարը եղել է մարդու մեջ ի սկզբանե, այն դրվել է Աստծո կողմից։ Քրիստոնեությունը, երբ ասում է ազատ կամք,նախևառաջ նկատի ունի ընտրությունը․ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու։ Կամքն արտահայտվում է ընտրության մեջ։ Ինչպես ծնողն է ազատություն տալիս իր զավակին՝ ընտրություն կատարելու, շարունակում է հոգ տանել, որպեսզի իր զավակը սխալ չգործի, այդպես էլ Աստծո նախախնամությունը ենթադրում է հոգատարություն մարդու նկատմամբ։ Ուրեմն` Աստծո նախախնամությունը ոչ թե ճակատագիր է, որը սահմանված է, և մարդ պետք է ենթարկվի, այլ մարդու ազատության մեջ Աստծո սիրո արտահայտությունն է՝ հայրական հոգածության և խնամքի ներքո։

 

Հոգեբան Էլոննա Ավետիսյանն այսպես է մեկնաբանում կրոնի և հոգեբանության տարբերությունները։

 

- Ե՛վ հոգեբանությունը, և՛ կրոնը օգնում են մարդուն հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները։ Մարդկանց հետ աշխատելիս հոգեբանը ապավինում է իր ուժերին, քահանան`աղոթքին` Աստծո ողորմածությանը։ Եվ ամենակարևորը՝ կրոնն ու հոգեբանությունը տարբեր վերջնական նպատակներ ունեն: Կրոնը սովորեցնում է մարդուն ապրել Աստծո հետ ներդաշնակ,  պատրաստում է նրան մահից հետո կյանքին և Աստծո հետ հանդիպմանը: Հոգեբանությունը հետաքրքրված է երկրային կյանքի խնդիրներով, այն մարդուն տանում է նախևառաջ սեփական անձի և ուրիշների հետ ներդաշնակությանը։

 

Իսկ քահանա Տեր Առնակ Հարությունյանը ասում է.

 

-Ե՛վ հոգեբանությունը, և՛ փիլիսոփայությունը, և՛ շատ այլ գիտություններ ծնվել են աստվածաբանության մեջ։ Աստվածաբանությունը միայն Աստծո մասին գիտելիք չի ենթադրում, այլև` խոսք Աստծո հետ։ Աստվածաբանությունը հոգու մասին է խոսում, հոգեբանությունը` հոգեկանի։

 

Տեր Առնակի համոզմամբ՝ յուրաքանչյուր քահանա պետք է նաև հոգեբան լինի՝ ըստ անհրաժեշտության և զարգացվածության։

 

Անկախ որոշ տարաձայնություններից` կրոնն ու հոգեբանությունը մարդուն օգնում են վերականգնել ներքին հանգստությունը։ Ե՛վ հոգեբանը, և՛ քահանան մեթոդներ են առաջարկում՝ կպչուն, բացասական մտքերից և մեղքի զգացումից ազատվելու համար։

 

Խոսելով կպչուն մտքերի հետևանքների մասին՝ հոգեբան Զառա Հակոբյանն առաջարկում է դրանք մեկ այլ` ալտերնատիվ մտքով փոխարինել, լինել ինքնաքննադատ, բայց չհասնել ինքնատելության և ազատվել մեղքի զգացումից։

 

Տեր Առնակն էլ բացասական մտքերի հաղթահարումը, մեղքի զգացումից ազատվելը կապում է մտքի փոփոխման` այս դեպքում զղջալու և ապաշխարելու հետ։ Ե՛վ քահանան, և՛ հոգեբանը կարևորում են ներողամտության դերը մարդու կյանքում։ Համակարծիք են` ներելն օգնում է մարդուն հասնել հոգևոր և անձնական աճի։ Այն նախ ուղղված է սեփական անձին և օգնում է մարդուն վերագտնել ներքին խաղաղությունը։

 

Անահիտ Սարգսյան

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ ուսանող

 

  • 2023-12-05
×