Խաչը՝ տարբեր ժամանակների, տարբեր ազգերի մշակույթում
Խաչը՝ տարբեր ժամանակների, տարբեր ազգերի մշակույթում
Գլխավոր նկարում եթովպիական ծիսական խաչ է՝ 19-20-րդ դարերի, կողքին փայտյա, մետաղյա մոտ 100 խաչեր միասին ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, պատմում տարբեր ժամանակների, տարբեր ազգերի մշակույթի մասին:
Հավաքորդ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է հին աշխարհի ամենահայտնի մահվան գործիքն ու նաև կյանքի խորհրդանիշը՝ ըստ տարբեր ժողովուրդների պատկերացումների, մշակութային առանձնահատկությունների:
«Խաչն ինձ համար նախևառաջ ունի հոգևոր իմաստ, ոչ թե միայն զարդ է, բայց քանի որ հետաքրքրված եմ մշակույթով, նկարիչ եմ, հետաքրքիր էր նաև խաչերի գեղագիտական, ազգագրական կողմը: Ինձ համար այս համադրությունն է յուրահատուկ դարձրել հավաքածուն»,- նշում է հավաքորդը:
Խաչի գեղարվեստական լուծումները
Նարեկ Վան Աշուղաթոյանը խաչերի նկատմամբ հետաքրքրություն է ունեցել դպրոցական տարիքից, բայց հավաքածու ունենալու գաղափարը ծնվել է տարիներ առաջ:
Երբ արվեստանոցում կողք-կողքի է կախել հայկական, հռոմեական, բյուզանդական եկեղեցիներին բնորոշ խաչերը, կրոնամշակութային ակնհայտ տարբերությունները բորբոքել են հավաքորդի նոր հետաքրքրություններ: Գլխում անընդհատ մի հարց էր.
«Ինչպե՞ս կարող է մի ավետարանական դրվագ տարբեր ազգերի կողմից գեղագիտական, մշակութաբանական առումով այսքան բազմազան մեկնաբանվել: Հետաքրքիր հարց է»:
Նկատում է՝ Հիսուսի խաչելությունը, Սուրբ Հարությունը քրիստոնյա աշխարհի համար կարևոր իրողություններ են աստվածաբանական ու մշակութաբանական առումով: Տարբեր ժողովուրդներ դարերի ընթացքում փորձել են զանազան մեկնաբանություներով ներկայացնել սրբազան դրվագը.
«Այստեղ ցուցադրվող լայն համատեքստը դրա ապացույցն է, այն նաև օգնում է, որ մերը հասկանանք: Սկսեցի ուշադիր լինել, թե ինչպես են տարբեր ազգեր խաչին վերաբերվում, մեկնաբանում, ուր են տանում խաչի գեղարվեստական լուծումները»:
Տարիների ընթացքում ամեն նմուշ իրեն հասել է տարբեր ճանապարհներով: Հեշտ չի եղել բոլորը մեկ վայրում հավաքելը:
Այսօր հավաքածուն ներկայացվում է Ռուսական արվեստի թանգարանում՝ «Խաչ Քո» խորագրով ցուցահանդեսին: Խորագիրը խաչին նվիրված՝ «Խաչ Քո եղիցի մեզ ապավեն, Տեր Հիսուս» աղոթքից է:
Ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը 9-րդ դարի է:
Տեղում կարելի է ուսումնասիրել խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Դրանք իրենց ժամանակի ու ազդեցության վկան են, արտահայտված են հայկականությամբ կամ կաթոլիկ, ուղղափառ, բողոքական մեկնաբանությամբ։
Խաչը՝ հայկական մշակույթում
Հայոց մեջ խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքն իր հետքն է թողել ազգային մշակույթի մեծ անդաստաններում, նկատում է Նարեկը:
Իր հավաքածուում կարելի է գտնել հայկական խաչերի տարբեր օրինակներ:
«Ես փորձել եմ հայկական խաչը ներկայացնել ամբողջ սպեկտրով: Այստեղ կան նաև 19-րդ դարի խաչեր, որոնք անկասկած հայկական են, սակայն նկատելի է որոշակի եվրոպական, արևելյան ազդեցություն՝ նայած որ քաղաքում է պատրաստվել, ինչ վարպետի կողմից: Այս ամենի բազմազանությունն է կազմում մեր մշակութային հարստությունը»,- նշում է հավաքորդը:
Ցուցադրությունը Ռուսական արվեստի թանգարանում կլինի մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։