Պատերազմի մեջ սեր

Պատերազմի մեջ սեր

«Եթե լինի միաբանություն, սեր, մեկը մեկին օգնելով, թիկունք կանգնելով կկարողանանք ոտքի կանգնել ու այս դժվար իրավիճակից դուրս կգանք»։

 

Այս իրավիճակից դուրս գալու ելքն այսպես է տեսնում Գրիգորի Սարգսյանը։

 

Գրիգորի Սարգսյանը անընդհատ պայքարի մեջ էր իր հայրենիքի, հող ու ջրի համար։

 

Նա առաջին անգամ թողել է իր տուն տեղը, տեղահանվել Արցախի Ավետարանոց գյուղից, որդու ընտանիքի հետ որոշ ժամանակ ապրել Էջմիածնում, բայց կարոտը չի թողել, որ երկար հեռու լինեն Արցախից գերադասել են ապրել թշնամու կողքին՝ վախի ու սարսափի մեջ, բայց ապրեն իրենց սեր Արցախում։

 

Գրիգորը 73 տարեկան է։ Իր անցած ուղուն հետահայաց գցելով՝ աչքերը լցվում են, վերհիշում է, որ իր հայրենակիցների նման ինքն էլ է արժանացել այդ վատ ճակատագրին։ Պատերազմի դրոշմը իր մեջ դաջված է դեռևս մանկությունից։ Նա փոքր երեխա էր, որ հորը տարել են պատերազմ։ Հոր մասին խոսելիս նրա աչքերը փայլում են, ու հպարտությամբ ասում է, որ նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու եղել է այն հերոսների շարքում, որոնք հաղթանակի դրոշ են բարձրացրել Ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանի՝ Ռայխստագի կիսաքանդ տանիքին։ Եվ այդ հաղթանակի ոգով էլ նա մեծացել ու դաստիարակվել, բանակ է գնացել, ապա ստեղծել է իր գեղեցիկ ընտանիքը։ Երբ արդեն պետք է վայելեին կյանքը, սկսվել է Արցախյան առաջին պատերազմը։ Գյուղի տղամարդկանց հետ միասին նա էլ կամավորական ջոկատների հետ գնացել է առաջնագիծ։ Պատերազմի ժամանակ վիրավորվել է ու հաշմանդամության պատճառով չի կարողացել շարունակել կռվել։

 

Նա հանգիստ չի նստել տանը։ Պատճառներից մեկն այն էր, որ որդին ևս առաջնագծում էր։ Գնացել է զորամաս, որպեսզի մի բանով օգնի: Ժենգյալով հաց էր թխում զինվորների համար ու ասում էր, որ այդ կերպ իր տղային էլ մոտ կլինի։

 

Նրա համար ամենացավալին այն էր, որ վերջնականապես թողել է Արցախն ու հեռացել։ Բլոկադայի ժամանակ, շնորհիվ նրա աշխատասիրության, կարիք չէին զգում բանջարեղենի։ Գրիգորի պապը այգում ցանել էր ամեն բերք ու բարիք նաև պահածոյացրել էին: Պահանջը շատ էր, օրինակ, շաքարավազի, քաղցրավենիքի, դեղորայքի: Ամբողջ գիշեր հացի հերթ էին կանգնում, լինում էր, երբ որ հերթը հասնում էր նրանց, հացը վերջանում էր։ Երբ տեսնում էր՝ փոքրիկ թոռնիկները ոնց էին շոկոլադ ուզում ու չկար, չգիտեր թե ինչ աներ։ Թոռնիկներից մեկը՝ Աննան, դարակները բացելով իր մայրիկին ասում էր. «Մա՛մ, խե՞ ընք մենք ստի քասիբ ապրում»։ Փոքրիկներին ո՞նց բացատրեին, ի՞նչ ասեինախիծը աչքերում պատմում է Գրիգորի պապը։

 

Ասում է, որ Արցախում է թողել ամենակարևորը՝ իր ծննդավայրը, հայրենի հողն ու ջուրը։

 

«Մեր բոլոր սրբություններն ենք թողալ, ամենակարևորը՝ գերեզմանները», - արցունքները կոկորդում խեղդելով ասում է նա։ Մխիթարվում է այն մտքով, որ հայ է ու օտարության մեջ չէ, ապրում է հայկական հողում և հոգու խորքում դեռ հավատում է, որ հետ է գնալու Արցախ:

 

Գրիգորի Սարգսյանը պատմում է, որ շատ տպավորված է մերօրյա երիտասարդության ցուցաբերած հոգատարությամբ, թե ինչպիսի սիրով ու ջերմությամբ են ընդունել իրենց և օգնել։ Անընդհատ ասում էին. «Պապի հինչա՞վ կարինք օգնինք»։ Անգամ պատրաստակամություն են հայտնել օգնել և ծանր իրերը տանել տուն։ Նա շատ շնորհակալ է բոլորից, բայց հատկապես առանձնացնում է սյունեցիներին։ 

 

«Անգամ մի պահ, որ մոռանում եմ ամեն ինչ, ինձ թվում է Արցախում եմ, Սյունիքի ժողովուրդը նման է մեզ, զգում ենք նույն հանգստությունը, ինչ մեր հայրենիքում»,- նշում է Գրիգորի Սարգսյանը:

 

Գրիգորիի թոռնուհիներից մեկը՝ աղջկա դուստր Մանեն, ծնունդով Գորիսից է, բայց շատ ամուր էմոցիոնալ կապով կապված էր Արցախին։ Պապի հետ զրույցի ժամանակ նրան էլ այցի էին եկել իր հուշերը.

 

«Արցախ աշխարհ, տիեզերքի մի անկյունում ծվարած դրախտավայր։ Երջանիկ մարդ եմ, որ տեսել եմ քեզ, շնչել քո մաքուր օդը, խմել քո զուլալ ջուրը, վայելել ամեն բերք ու բարիք, խոսել քո քաղցր բարբառով։ Հպարտ եմ, որ մայրական կողմով Արցախից եմ»,- ասում է Մանեն։ Նրա  սիրտը միշտ Արցախում է, կարոտում է իր մանկությունը, որը մնացել է այն տան բակում, որտեղ իր քույր ու եղբայրների հետ խաղում էր անհոգ, ուր իր դեդոի ու բաբոյի փեշի տակ իրեն սիրված ու պաշտպանված էր զգում։

 

«Այնտեղ գտնվող ամեն քար, ժայռ, քեզ շրջապատող ամեն ինչ կարծես լիներ աշխարհահռչակ նկարչի վրձնի աշխատանք։ Ամեն ինչ զարմանահրաշ էր։ Երբ բարձրանում էի սարերը, արբենում էի ծաղիկների ու ուրցի անուշաբույր հոտով, պառկում էի մարգագետնին, նայում լուրթ երկնքին և մտածում՝ որքան լավ է անցնում իմ մանկությունը։ Տարիներ անց ես էլ չեմ կարող պառկել նույն մարգագետնին, հիմա հուշերս են մեկ-մեկ այցի գալիս ինձ՝ սիրտս լցնելով հուզմունքով»։

 

Կարծես թե աչքերը լցվել էին ու ինչ-որ բան իրեն հուշում էր, որ այդ ամենը միայն մանկությունից այցելած հուշ է։

 

Մանե Կարապետյան,

Վ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ ուսանող

 

 

 

  • 2023-12-18
×