Աստվածապաշտ մարդն իր հավատքը կարող է ապացուցել սիրելով

Աստվածապաշտ մարդն իր հավատքը կարող է ապացուցել սիրելով

Աստված պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր զղջում ու ապաշխարում են, իսկ մենք հաճա՞խ ենք ներում: Քրիստոս մեզ համար օրինակ է սիրո նաև ներողամտության, բայց արդյո՞ք մենք դաս ենք քաղում այդ օրինակից: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա` Տեր Վահան քահանա Առաքելյանը հիշեցնում է ավետարանական պատգամը՝ եթե ներեք, ձեր Հայրն էլ ձեզ կների: Քահանան ներկայացնում է՝ ի՞նչ է ներողամտությունը՝ ըստ Սուրբ Գրքի:

 

Ինչո՞ւ ներել

 

-Աստվածապաշտ մարդն իր հավատքը կարող է ապացուցել միայն սիրելով: Նա չի կարող չարին չարով պատասխանել, չներել, ատել, դատել, բամբասել, անիծել, հայհոյել, հիշաչար լինել: Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. 

 

«Զգույշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամուտ եղեք»: (Թեսաղոնիկեցիներին 5:15)

 

Ինչպես Աստված ներեց մեզ Քրիստոսով, այդպես էլ մենք պետք է ներենք իրար, Սուրբ Պողոս առաքյալի խոսքն է.

 

«Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։ Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության»։ (Կողոսացիներին 3:12-14)

 

Մեջբերենք Սուրբ Հովհաննես առաքյալին՝ ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և տակավին խավարի մեջ է.

 

«Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, և նրա մեջ գայթակղություն չկա։ Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը»։ (Ա Հովհաննես 2:10-11)

 

Ինչքա՞ն ներել 

 

Պետրոսը հարցնում է Քրիստոսին, թե ինչքա՞ն է պետք ներել, ստանում է պատասխան՝ յոթանասուն անգամ յոթ, այսինքն՝ միշտ: 

 

«Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»: (Մատթեոս 18:21-22)

 

Պետրոսը երեք անգամ ուրացավ Քրիստոսին, բայց լաց եղավ, զղջաց, և Տերը ներեց նրան ու հնարավորություն տվեց երեք անգամ էլ իր սերը խոստովանելու: Ամբողջ կյանքում Աստծուց դատապարտված չմնաց նա:

 

Մեկ այլ օրինակ՝ Պողոս առաքյալը, որ հալածում էր քրիստոնյաներին և Սուրբ Ստեփանոսին քարկոծողների մեջ էր, հետո դարձավ տարբեր ազգերի մեջ քրիստոնեության քարոզիչներից և տարածողներից մեկը:

 

Քրիստոս ոչ միայն ասում է՝ ներեք, այլև սովորեցնում է՝ ինչպես վարվել. 

 

«Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք: Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր»: (Մատթեոս 18: 15-17)

 

Ունենա՛լ ողորմած սիրտ

 

-Մենք բոլորս գիտենք, որ հարկավոր է ողորմած լինել, ողորմություն տալ աղքատին, օգնել կարիքավորներին, բայց կարևորը ողորմած սիրտ ունենալն է: Երբ ողորմած սիրտ ունես, չես դատապարտի մարդկանց, այլ կփորձես հասկանալ ու ներել, որովհետև կհիշես, որ դու ևս անընդհատ արժանանում ես Աստծո ողորմությանը, ինչպես տեսնում ենք՝ «Անխիղճ պարտատեր ծառայի առակում»: (Մատթեոս 18:22-35)

 

Քրիստոս երանի է տալիս ողորմածներին.

 

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»։ (Մատթեոս 5:7)

 

Վայ է տալիս փարիսեցիներին ու օրենսգետներին, որոնք մոռացել էին արդարության, ողորմության ու հավատի մասին. 

 

«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել»: (Մատթեոս  23:23)

 

Անի Ավագյան

 
  • 2023-12-19
×