Նախատոնական բարեմաղթանքների փոխարեն
«Երնեկ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին»:
Տողերը գրել է Ռաֆայել Պատկանյանը 1878 թվականին: Բոլորիս հայտնի այս խոսքերը շուտով կրկին կհայտնվեն սոցիալական ցանցերում՝ ամանորյա գունավոր լուսանկարներին զուգահեռ: Քանի՞ դար է, որ արդիական են այս տողերը: Քանի՞ դար է այս երազանքը փոխանցվում հորից որդուն:
Երնեկ, թե այս նոր տարին…
Նախատոնական եռուզեռը սկսվել է, ծառերը, փողոցները զարդարվել, լուսավորվել են, տոնական տեսք ստացել, բայց արդյո՞ք լուսավոր է մեր հոգում ու մտքում: Մենք այդ մասին սկսել ենք քիչ մտածել:
«Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։ (ՄԱՏԹԵՈՍ 5:8)
Ես փողոցների եռուզեռում սեր, բարություն ու հոգատարություն եմ փնտրում: Հաճախ գտնում եմ իրար չհանդուրժող, չսիրող մարդկանց, որ ամանորյա գնումների միջոցով ուզում են թաքնվել իրականությունից: Երբեմն տեսնում եմ՝ իրար մենակ ենք թողնում։
Ես ուզում եմ, որ գոնե հաջորդ տարվանից մենք ընտրենք սերը:
«Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան».
Գրում է Պատկանյանը, իսկ ես մտածում եմ՝ հայի ցավերին վերջ կլինի՞:
Ամեն անգամ, երբ պատմությունը կրկնվում է, մտածում ենք, թե դաժան փորձությունը հնարավոր չէ հաղթահարել։ Թվում է, թե այլևս չենք կարող կյանքն առաջվա պես ապրել, ոտքի կանգնել: Չարանում ենք, մեղադրում անգամ Աստծուն, բոլորին՝ բացի մեզնից: Այդքանով ավարտվում է մեր գործը: Ոչինչ չենք անում, բայց ուզում ենք հավատալ, որ Տերը մեզ կփրկի։ Չէ՞ որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց դիմացինին սիրել, ապրումակցել գիտե՞նք: Երբեմն մտածում եմ՝ միգուցե մոռացել ենք, թե ով ենք:
«Երնեկ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան».
Ժամանակին երազում էր մեծ գրողը, իսկ ինչի՞ մասին ենք մենք երազում այսօր: Թվում է՝ մեր ցանկությունները նման են: Ամեն ինչ կրկնվում է: Մեկ տարի ունեինք՝ մեր կյանքում ամեն բան փոխելու համար: Ի՞նչ ենք արել, որ մոտենանք մեր երազանքին: Արդյո՞ք փոխել ենք մեր մոտեցումները, շտկել սխալները, տեսե՞լ ենք այն խավարը, որը տարածվում է մեր շուրջ:
«Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն»։
Թվում է` շատ բարդ չէ։ Խավարը ցրելու համար՝ պիտի ամեն մեկս մի լույս վառենք, հաղթենք ինքներս մեզ՝ մեր թուլությանը, վախկոտությանը, մեր մեջ առկա չարությանը: Չկորցնե՛նք մեր դրական հատկանիշները:
Շուտով խանութները կդատարկվեն, ու կլցվեն սեղանները, իսկ ի՞նչ կփոխվի մեր մեջ: Հարցի պատասխանը պիտի գտնենք յուրաքանչյուրս:
Ես ուզում եմ, որ մենք գոնե հաջորդ տարվանից իսկապես ընտրենք հավատը, պայքարը։
Հավատն այն լույսն է, որ չպետք է մարի, պայքարը միջոց է՝ խավարը ցրելու:
Անի Ավագյան
×