Որը բարին է, թող դա էլ կատարվի

Որը բարին է, թող դա էլ կատարվի

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»: (Հովհ. 8.32)

 

Բոլոր նրանք, ովքեր երբևէ թողել են իրենց տունն ու գնացել այլ երկիր՝ նոր տան, նոր կյանքի, նոր հորիզոնների հետևից, գիտեն սեփական փորձառությամբ՝ ոչ այլոց պատմածով, թե որքան բարդ ընթացք է դա, որքան ներքին ու արտաքին ռեսուրս է պահանջվում մարդուց այդ ուղին անցնելու և չկոտրվելու համար։

 

Ես ևս բացառություն չեմ։ Հայաստանից գնալուց և ԱՄՆ-ում հաստատվելուս կես տարվա ընթացքում անգամ բազում դժվարությունների միջով եմ անցել։ Այդ ճանապարհին միակ բանը, որն ինձ իսկապես պինդ է պահել, հավատն է։ Հավատը, որ ես Աստծո ափերի մեջ եմ, որ Նա ինձ երբեք մենակ չի թողնի, որ ամեն դժվար բան կոփում է ինձ ու, ի վերջո, ինձնից կերտվում է իմ լավագույն տարբերակը։ Դեռ ոչ մի հասկ չի ծլարձակել հողից՝ առանց սերմի ցավի, պայթյունի, մահվան։ Հիմա ես այդ սերմն եմ՝ աշխարհի ամենագեղեցիկ ու դժվար քաղաքներից մեկում։ Այստեղ ես ցավում եմ, պայթում, մեռնում՝ ամեն օր։ Որ ծիլ տամ, ծաղկեմ, շատ լինեմ։

 

Միգուցե լսած լինեք՝ որքան բարդ է Նյու Յորքում բնակարան վարձակալելը։ Նույնիսկ եթե գումար՝ շատ գումար ունես։ Իսկ եթե շա՛տ գումար չունես՝ էլ ավելի, գրեթե անհնար։ Համակարգն այնպիսին է, որ պիտի դժոխային պարունակների միջով անցնես՝ հաջողությամբ բնակարան վարձելու համար։ Պիտի նյարդերդ ամուր լինեն։ Մոտ մեկ ամիս ես ու ամուսինս ամենօրյա գրաֆիկով զբաղված էինք բնակարան փնտրելով։ Փնտրում էինք, գտնում, հավանում, դիմում՝ ստանում հերթական մերժումը՝ դա լավագույն դեպքում։ Վատագույնում՝ հայտը մնում էր անպատասխան։ Դիմողները՝ շատ են։ Շատ-շատ։ Այստեղ ութ միլիոն մարդ է ապրում։ Մեկ ամիս աղոթում էի, որ ի վերջո գտնվի այդ երանելի տարածքը, որը կլցնենք մեր սիրով ու հոգատարությամբ, կդարձնենք այն Տուն։ Այդ ընթացքում տարբեր մարդիկ փորձում էին օգնել-աջակցել մեզ՝ և՛ Նյու Յորքից, և՛ ԱՄՆ-ից, և՛ Հայաստանից՝ անգամ։ Ով ինչով կարող էր։ Մեր գյուղում ապրող տատիկիցս եկած օգնությանն ամենաշատն էի հավատում, որովհետև նա Աստծուն ամենամոտ կանգնած մարդկանցից մեկն է իմ ճանաչածներից։ Տերը նրան առանձնակի հոգածությամբ է լսում՝ ինչպես ինքն է ասում. «Տատդ տերտերի թոռ ա»։ Եվ իրոք։ Տատիկիս խնդրում էի աղոթել, աղոթել մեզ համար։ Որ տուն գտնենք։ Տատս ամեն անգամ ասում էր՝ աղոթում եմ, առանց քո ասելու նաև։ Անցավ ժամանակ, այդպես էլ ոչ մի տուն չգտնվեց։ Մնաց միակ տարբերակը՝ տեղափոխվել այստեղ բնակվող իմ բարեկամներից մեկի սեփական տուն՝ իրենց հետ ապրելու։ Բարեկամներս պատրաստ էին հյուրընկալելու մեզ՝ անժամկետ, առանց որևէ գումարի։ Եվ մենք բնավ առաջին մարդիկ չէինք, ում իրենք տանիք են տվել՝ ԱՄՆ-ում ապրելու 20 տարիների ընթացքում։ Երբ զանգեցի իրենց, ասելու, որ գալիս ենք՝ հեռախոսի մյուս կողմից լսեցի. «Վա՜յ, Էնջի՛ ջան, ինչ լավ բան ասացիր, քեզ Աստված ա ուղարկել»։

 

Այդ ժամանակ մոտավոր գիտեի՝ ինչու հնչեց այդ արտահայտությունը։ Հետո՝ լրիվ հասկացա։

 

Այս տանը, որտեղ ապրում եմ հիմա, ապրում է նաև բարեկամուհուս քաղցկեղով հիվանդ մայրը։ Իրեն խնամք ու սեր էր պետք, որը ես կարող էի ապահովել, երբ մնացած բոլորը գնային աշխատանքի։ Պիտի անկեղծ լինեմ՝ սկզբում շատ ծանր էր համակերպվելը այդ իրականությանը, որ պիտի ինձ անծանոթ, իր կյանքի վերջին ամիսներն ապրող կնոջ մասին հոգ տանեմ։ Ներսից ընդդիմանում էի՝ ախր ես սրա համար չեմ, ախր ես չեմ կարող, ախր ես գիտելիք, ուժ չունեմ, համբերություն չունեմ։ Բայց հետո պարզվեց՝ ունեմ, ավելիով ունեմ և բնավ պատահական չեմ հայտնվել այդ իրավիճակում։ Մեզ չի տրվում ոչ մի փորձություն, որը մեր ուժերից վեր է։ Ուժը տրվում է փորձության հետ։ Տերը ինձ հազարերորդ անգամ սովորեցնում է սեր, սովորեցնում է խոնարհություն, համբերություն, կամք, ուժ։ Եվ ամենակարևորը՝ տալիս է հնարավորություն ուղիղ, շատ ուղիղ նայելու իմ ամենամեծ վախի՝ քաղցկեղի աչքերի մեջ, մահվան աչքերի մեջ։ Ամեն օր ես տեսնում եմ մահը՝ մոտիկից, կամաց, լուռ մոտեցող մահը, ու էլ ավելի եմ սիրահարվում կյանքին։ Էլ ավելի շատ եմ ուզում ստեղծագործել, էլ ավելի շատ եմ փորձում կյանքս, ամեն օրս իմաստալից ապրել։ Ես այնտեղ եմ, որտեղ պե՛տք է լինեմ։ Տան փնտրտուքները, հիմա եմ հասկանում, բոլորովին անիմաստ էին, դա սահմանաված չէր ինձ համար՝ առնվազն հիմա։ Եվ այլ առաքելություն ունեի։

 

Դա հետո հասկացա, երբ վերջին մերժումը ստանալուց հետո տատիկիս հարցրի. « Տա՛տ, ինչի՞ չստացվեց տունը, ախր աղոթում էինք ամենախորը հավատով»։ Տատս պատասխանեց. «Բայց ես չէի աղոթում, որ տուն գտնեք, ասում էի՝ որը բարին է, թող դա էլ կատարվի»։
 

Տերը լսել էր տատիկիս՝ հազարերորդ անգամ, բերել ինձ մի խաղաղ տուն, որտեղ ես պիտի սովորեմ սիրելու և հոգ տանելու նոր ձևեր, նոր լեզուներ։ Բարին կատարվեց։ Ու ես երախտապարտ եմ՝ սրտիս ողջ ուժով։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

 

  • 2023-12-22
×